2022 թ․-ից ծնված 3-րդ և հաջորդ երեխայի համար ընտանիքն ամսական 50 հազար դրամ կստանա
2022 թվականից ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխայի մինչև 6 տարեկանը լրանալը Կառավարությունը տրամադրելու է ամսական 50 հազար դրամ: Այս մասին 2022-ի բյուջետային քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2022-ի բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: Մեր նախընտրական խոստման համաձայն՝ 2022-ի հունվարի 1-ին և դրանից հետո նոր ծնված յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի Կառավարությունը կաջակցի ամիսը 50 հազար դրամ ֆինանսական աջակցության ձևով, և այդ աջակցությունը կշարունակվի մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը: Այս ծրագիրը մեկնարկում է»,- ասաց նա:
Գործադիրի ղեկավարը հույս հայտնեց` 2 երեխա ունեցող ընտանիքներին այդ ծրագիրը կաջակցի, որ նրանք բազմազավակ ընտանիք դառնալու որոշում կայացնեն:
«Սակայն, հեռու ենք այն մտքից, թե 2022-ի պետբյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Եվ, ըստ այդմ, բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռ չլուծված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել