HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչապետն ու ԱԺ նախագահն այնքան էլ համեստ կյանքով չեն ապրում, ինչպես հայտարարում են

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. Գործադիր մարմնի ղեկավարն այնքան էլ համեստ կյանքով չի ապրում, ինչպես ներկայանում է հանրությանը: ԿԸՀ ներկայացրած նրա գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշված է, որ Տիգրան Սարգսյանը Երեւանի Չարենց փողոցում ունի 122.16 քմ մակերեսով բնակարան, նույն հասցեում 48.2 քմ ավտոտնակ, համատեղ սեփականությամբ վարչապետը Բաղրամյան փողոցում ունի 92.8 քմ բնակարան, 133.9 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.05 հա հողամաս Վշտունի փողոցում, 95.7 քմ մակերեսով առանձնատուն եւ 0.1 հա հողամաս Նուռնուս գյուղում, ինչպես նաեւ 0.2938 հա հողամաս Դիլիջանում:

Դժվար է գուշակել՝ արդյոք վարչապետը վարո՞ւմ է իր հայտարարագրած ավտոմեքենան, բայց այն «Վազ 2103» մակնիշի է, հետն էլ` 1979թ. արտադրության:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Տիգրան Սարգսյանը հայտարարագրել է իր 3 մլն 340 հազար 80 դրամ աշխատավարձը, դասախոսությունների համար ստացած 143 հազար 89 դրամ վճարը, ինչպես նաեւ «Անելիք» բանկում ներդրած ավանդից ստացած 12 միլիոն դրամ տոկոսը: Վարչապետն ավանդներ ունի նաեւ «Յունիբանկում» եւ «ԱԿԲԱ» բանկում, դրանց դիմաց ստացած տոկոսները նույնպես հայտարարագրել է համապատասխանաբար` 214 հազար դրամ եւ 16 միլիոն դրամ:

Եթե վերը նշված գումարները միայն ավանդից ստացված տոկոսագումարներն են, ապա միայն կարելի է պատկերացնել, թե որքան գումար է կազմում բուն ավանդի գումարը:

Մարտի 1-ի դրությամբ վարչապետն ունի 35 միլիոն դրամ եւ 870 դոլար:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյան.  Խորհրդարանի նախագահը հայտարարագրել է Երեւանի Մայակ թաղամասում գտնվող 90.3 քմ մակերեսով բնակարանը, իսկ Սամվել Նիկոյանի միակ շարժական գույքը 1994թ. արտադրության «Օպել Մոնտեռեյ» մակնիշի ավտոմեքենան է:

ԱԺ նախագահի եկամուտը ոչ միայն աշխատավարձն է` 3 միլիոն 443 հազար 290 դրամ, այլեւ «ՆԱՐ» ՍՊԸ-ում ունեցած իր 50 տոկոս բաժնեմասից ստացած շահաբաժինը` 2 միլիոն 380 հազար դրամ:

Դեռեւս փետրվարի 21-ին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին գրավոր հարց էինք ուղղարկել՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ կապ ունի Ջրվեժի Մայակ թաղամասում գործունեություն ծավալող «ՆԱՐ» ՍՊԸ-ի հետ: Այդ ժամանակ ցանկանում էինք հոդված գրել, քանի որ բնակիչները բողոքում էին, որ ԱԺ նախագահին ու նրա կնոջը պատկանող «ՆԱՐ» ՍՊԸ-ն դեղատուն է եւ թաղամասում միակն է: Ըստ նրանց` Սամվել Նիկոյանը չի թողնում, որ այդ տարածքում որեւէ մեկը դեղատուն բացի: Այս խնդրին առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Փետրվարի  27-ին ԱԺ-ից ստացանք պատասխան, թե «ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին եւ նրա ընտանիքի անդամներին  սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքի, ինչպես նաեւ որեւէ առևտրային ընկերությունում մասնաբաժնի մասին անհրաժեշտ տեղեկություն, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, կարող եք ստանալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց  էթիկայի հանձնաժողովից: Մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին առնչվող տեղեկությունները սահմանված կարգով կարող եք ստանալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից»:

Ակնհայտ է, որ Սամվել Նիկոյանը խուսափում էր տեղեկություն տալ իր ունեցվածքի եւ ՍՊԸ-ում ունեցած իր մասնաբաժնի մասին: ԱԺ նախագահը լավ պետք է իմանար, որ իր կողմից դրական գնահատականի արժանացած «Հանրային ծառայության մասին» օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դեռ նոր էր ձեւավորվել եւ օրենքով տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չուներ, իսկ Պետեկամուտների կոմիտեն տեղեկություն տալիս էր միայն մինչեւ դեկտեմբերի 1-ը, այն էլ` միայն կոնկրետ տարվա համար:

Անդրադառնալով Սամվել Նիկոյանի եկամուտներին, նշենք, որ մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին առկա է 4 միլիոն 500 հազար դրամ եւ 69 հազար դոլար:

Մեկնաբանություններ (3)

dismayed and disgusted...
The dishonesty, lack of moral integrity, and outright greed of these people in government and certain other individuals and their families who think Armenia is their personal bank and playground is beyond contempt. Role on the day the ordinary Armenian has enough of this and stands up for their rights to a better life - which everyone is entitled to, not just the limited few who think they are elite!!!
Baron
...Դու ես պետությունը, խի որ պետության հացը ձրի լափում ես, ուրեմն պետություն ես?
Baron
Այստեղ անկախ քեզնից հիշում ես հայտնի ֆիլմի խոսքերը:?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter