
Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանի որդին ծառայել է Սյունիքում
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի որդին` Էդուարդ Խաչատրյանը ծառայել է Սյունիքում: Էդուարդ Խաչատրյանը 2013 թվականի երկրորդ` ամառային զորակոչին, Շահումյանի զինկոմիսարիատից (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) նախ զորակոչվել է Աշտարակ` ուսումնական զորամաս, ապա` Սյունիք: Այդ ժամանակ Արմեն Խաչատրյանը զբաղեցնում էր ՃՈ պետի տեղակալի պաշտոնը:
Մենք պաշտպանության նախարարությանը հարցմամբ դիմել էինք` խնդրելով հստակեցնել, թե արդյոք քաղաքացի Էդուարդ Խաչատրյանը ծառայել է, թե ոչ, և եթե այո` որտեղ: Նախարարությունից հայտնել են զորամասի համարը, որտեղ վերջինս անցել է պարտադիր զինծառայությունը: Նշված զորամասը, ինչպես արդեն գրել ենք, տեղակայված է Սյունիքում:
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որդու զինծառայության վայրն ընտրվել է վիճակահանությամբ: Վեց ամիս ուսումնական զորամասում ծառայելուց հետո Էդուարդ Խաչատրյանը նախ ծառայել է Գորիսի մերձակայքում տեղակայված զորամասում, իսկ որոշ ժամանակ անց զորամասի կազմալուծումից հետո` Գորիսի հարևանությամբ տեղակայված զորամասում: Գորիսում էլ Արմեն Խաչատրյանի հայրական տունն է: Մեր դիտարկմանը, որ նման համընկնումներ միշտ պաշտոնատար անձանց պարագայում են լինում, Խաչատրյանն ասաց. «Պաշտոնատար անձանց համընկնումները կարող է այն լինել, որ չգնան ծառայեն, իմ որդին գնացել ծառայել է»:
Կարդացեք նաև`
- Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է Երևանում
- Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներն ու նրանց որդիները
Մեկնաբանել