HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ինչ հիմքերով են զինծառայությունից ազատվել 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներն ու նրանց որդիները

8-րդ գումարման խորհրդարանի 70 տղամարդ պատգամավորներից բանակում չի ծառայել գրեթե կեսը՝ 29-ը:

Տարբեր առիթներով իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են զինծառայությունից խուսափելու մեջ՝ կասկածի տակ առնելով միմյանց՝ բանակից ազատման հիմքերի օրինականությունը: Պետք է փաստել, որ բանակից ազատված պատգամավորներ կան խորհրդարանի բոլոր երեք խմբակցություններում:

Չծառայածների մեծամասնությունն ամենաշատ անդամ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում է: Մենք կներկայացնենք միայն նրանց, որոնց մեր նախկին հրապարակումներում չենք անդրադարձել, և որոնց տվյալները հնարավոր է եղել ստանալ ՊՆ-ից (խորհրդային տարիները մեր ուսումնասիրությունում չենք ընդգրկել, չենք ներառել նաև ռազմական ամբիոնում ուսանած-ծառայածներին):

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունն ազատվել է առողջական հիմքով, վերջիններիս պատմություններին մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք, այժմ կներկայացնենք ընդդիմադիր պատգամավորների՝ բանակից ազատման հանգամանքները: Շարքը կսկսենք պատգամավորների որդիների զինծառայությունից ազատման պատմություններով:

Պատգամավորների որդիներ

Զինծառայությունից ազատված են իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:

Ղալումյանի խոսքով՝ մեզնից տեղեկացավ, որ որդիներն արդեն ազատված են զինծառայությունից՝ ասելով, որ իր տվյալներով երկուսն էլ տարկետման իրավունք են ստացել: Երբ հավաստիացավ, որ պատասխանը ՊՆ-ից է, հավելեց, թե հավանաբար իր տվյալները հստակ չեն: Պարզապես այդ գործընթացին չի առնչվել, շատ մանրամասների չի տիրապետում:

«Որքանով ես գիտեմ, վերջնական 27 տարեկանում են ազատվելու, մինչև 27 տարեկանը չեն ազատվում: Հնարավոր է՝ ճիշտ չգիտեմ»,- ասաց Ղալումյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով որդիները դեռ երրորդ փորձաքննության են ենթարկվելու: Վահե Ղալումյանի երկու որդին էլ առողջական հիմքով են ազատվել:

Զինծառայությունից ազատված է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփը: Վերջինս զինծառայությունից ազատվել է առողջական  խնդիրների պատճառով: Աղազարյանը 3 որդի ունի, մյուս երկուսը՝ Իվանը և Վահեն, ծառայել են:

«Վահեն ծառայել է Կուբաթլուում, Իվանը ասպիրանտուրայում էր սովորում, ծառայել է Քանաքեռում: Ասպիրանտուրան չավարտած՝ գնաց ծառայության, ծառայության ընթացքում ծնվեց երկրորդ որդին և ութ ամիս շուտ զորացրվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց պատգամավորը:

Զինծառայությունից ազատված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները: Երկուսն էլ ազատվել են առողջական հիմքով: Ավագ որդին՝ Նարեկ Հովակիմյանը, ազատվել է զինծառայությունից Վահագն Հովակիմյանի՝ լրագրող աշխատած տարիներին: Կրտսեր որդին՝ 2018-ի իշխանափոխությունից հետո: Հովակիմյանն ասում է՝ նույնիսկ գնացել զինկոմի հետ բանավիճել է, թե ինչու որդուն չեն զորակոչում ու հավելում՝ շատ կցանկանար, որ որդիների առողջական խնդիրները չլինեին, ՊՆ-ն էլ զորակոչեր վերջիններիս:

Այժմ «Քաղաքացիական պայմանագիր», նախկին գումարումներում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին՝ Գուրգեն Արսենյանը ևս առողջական հիմքով է ազատվել բանակից: Ավագ որդին՝ Բաբկենը, ուսումնառության ավարտից հետո ծառայել է բանակում՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում:

Զինծառայությունից ազատված է այժմ իշխող ուժի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի որդին՝ Սուրեն Խաչատրյանը: Խաչատրյանը 1990 թվականից սկսած պետական պաշտոնյա է եղել, զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 42-ամյա որդու զինծառայությունից ազատման մանրամասները հայրը չկարողացավ մտաբերել ասելով` թե՛ ուսանելու, թե՛ առողջական խնդիրներ կային, տարիներ անց մանրամասները չի հիշում:

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում զինծառայությունից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը:  Վանեցյանի 20-ամյա որդին զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Պատգամավորն այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ որդին ազատվել է այն ժամանակ, երբ ինքը պետական պաշտոնյա չի եղել, այլ՝ «արմատական ընդդիմություն»:

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի 22-ամյա որդին՝ Նահապետ Մարգարյանը, մինչև 2024 թվականի ամառային զորակոչ տարկետման իրավունք է ստացել, վերջինս տարկետում է ստացել ուսումնառության նպատակով: Ի դեպ, Տարոն Մարգարյանը զինծառայությունից ազատված է, նա ազատվել է ընտանեկան տարկետման՝ 2 և ավելի երեխա ունենալու հիմքով:

Տարկետման իրավունք է ստացել նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի կրտսեր որդին՝ 19-ամյա Գարիկ Մինասյանը: Նրան տարկետման իրավունք է տրվել առողջական խնդիրների պատճառով: Մինասյանի ավագ որդին ծառայել է հոր՝ նախարար եղած տարիներին, ծառայել է Տավուշի մարզում: Մինասյանի խոսքով՝ չնայած այն տարիներին որդին հնարավորություն ուներ ուսումնառությունն ավարտել, նոր զորակոչվեր, սակայն շահարկումներից խուսափելու համար 18 տարին լրանալուն պես զորակոչվել է:

Զինծառայությունից ազատված պատգամավորներ

Ընդդիմադիր պատգամավորների մեծամասնությունն ազատվել է ակադեմիական տարկետման՝ գիտական աստիճան ունենալու հիմքով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: Նաև իրավագիտության մագիստրոս է:

«Դպրոցը և համալսարանն ավարտել եմ գերազանցության դիպլոմով, որից հետո ընդունվել եմ ստացիոնար ասպիրանտուրա՝ նույն իմ մասնագիտությամբ ստանալով տարկետում: Այնուհետև նախատեսվածից շուտ պաշտպանել եմ գիտական ատենախոսություն՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրան զուգահեռ ասպիրանտուրա ընդունվելուց հետո 1999 թվականից դասավանդել եմ միջազգային տնտեսագիտության ամբիոնում: 27 տարեկանում ստացել եմ զինգրքույկ, որտեղ գրված է, որ պիտանի եմ զինծառայության»,- պատմեց պատգամավորը: Վերջինս նաև հավելեց, որ 2016 թվականից սկսած` մասնակցել է «Կամավորական շարժում» ՀԿ-ի նախաձեռնած մարտական պատրաստվածության պարապմունքներին և «պատրաստ է ցանկացած պարագայում, որպես շարքային զինառայող, մասնացել հայրենիքի պաշտպանությանը»:

Նախկին փոխվարչապետ, պետական կառավարման համակարգի երկարամյա պաշտոնյա, այժմ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը ևս զինծառայությունից ազատված է: Գևորգյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց իր զինծառայությունից ազատմանն անդրադառնալ: Ինչպես Factor.am կայքին են փոխանցել ՊՆ-ից՝ վերջինս ազատվել է հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամի խնամակալ ճանաչվելու համար:

Այս խորհրդարանում թերևս ամենաքննարկվածը Արթուր Ղազինյանի՝ զինծառայությունից ազատման պատմությունն է: Իշխող ուժի պատգամավորները նրան չեն ընտրում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նաև իր չծառայելու պատճառով: Ղազինյանն ազատվել է բանակից ակադեմիական տարկետման հիմքով, իրավաբանական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ: 2 մենագրության, 40-ից ավելի հոդվածի հեղինակ է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս գիտական գործունեությամբ զբաղվելու համար է ազատվել բանակից, որպես ասպիրանտ ուսանել է Հայ-ռուսական համալսարանում:

«Եղել եմ բացառապես գերազանցությամբ սովորող, երբ ընդունվելու հայտ էի ներկայացրել, արդեն իսկ գիտական հոդվածներ ունեի հրապարակած: 3 տարի ասպիրանտուրայում սովորելու ընթացքում պաշտպանել եմ ատենախոսությունս քրեական իրավունքի ոլորտում, դրանից հետո էլ շարունակել եմ գիտական գործունեությունս, գրեթե 30 գիտական հոդված ունեմ: Վերջին շրջանում, ցավոք, գիտական գործունեություն, որպես այդպիսին, չեմ իրականացնում, բայց դասախոսական աշխատանք մինչև վերջերս էլ իրականացրել եմ, որը կրկին պատկերացրել եմ տարկետումից բխող պարտականություն»,- ասաց պատգամավորը: Վարդևանյանը նաև կարծիք հայտնեց, թե երեք տարի տարկետում ստանալով, թեկնածուական ատենախոսություն պաշտպանելով` չի ավարտվում մարդու պարտականությունը զինապարտության իմաստով, և հավելեց, որ 27 տարին լրանալուց հետո էլ շարունակել է գիտական և դասախոսական գործունեությամբ զբաղվել:

Զինծառայությունից ազատված է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս պատմական գիտությունների թեկնածու է, նա ևս խորհրդարանում անդրադարձել է իր՝ զինծառայությունից ազատմանը:

«Օրենքով սահմանված կարգով ստացել եմ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դրանով է պայմանավորված եղել իմ զինծառայության հարցը: 2016 ապրիլի 3-ին՝ այսինքն պատերազմից ժամեր անց, ընկերներիս հետ եղել եմ Արցախի հյուսիսում, դիրքերից իջել եմ միայն մարտական գործողությունների ավարտից հետո: 44-օրյա պատերազմում մի քանի անգամ եղել եմ Արցախում, այդ թվում՝ առաջնագծում, բայց այդ ժամանակ այլ առաքելություն ունեի: ՀՅԴ-ի 4 վաշտի թիկունքի մատակարարման հարցերով և քաղաքական աշխատանքներով էի զբաղված: Ի տարբերություն այս դահլիճում նստած շատ պատգամավորների և Կառավարության շատ բարձրաստիճան պաշոնյաների՝ տարբեր տեղեկանքներով կամ անպիտանելիության փաստաթղթերով չեմ ազատվել բանակից»,- ԱԺ նիստում ասել էր նա:

Զինծառայությունից ազատված է նաև դաշնակցական մեկ այլ պատգամավոր՝ Աշոտ Սիմոնյանը: Վերջինս նախ ուսանելու համար կրթական տարկետման իրավունք է ստացել, ապա ազատվել՝ առողջական հիմքով: Սիմոնյանն ասաց, որ «Կամավորական շարժում» ՀԿ-ում ինքը ևս ընդգրկված է և պատրաստ է հարկ եղած դեպքում զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը:

«Օրենքով սահմանված կարգով երկու տարկետում եմ ստացել և այդպես ազատվել պարտադիր զինծառայությունից»,- ասաց նա:

Զինծառայությունից ակադեմիական տարկետման հիմքով ազատվել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Ազատվել եմ ասպիրանտուրայում պետպատվերով սովորելու հիմքով, թեկնածուականս բարեհաջող պաշտպանել եմ՝ ընդ որում 2018-ի ապրիլյան դեպքերից հետո եմ պաշտպանել: Ամեն ինչ տեղի է ունեցել այս իշխանությունների օրոք, և որևէ խախտում չեն հայտնաբերել: Իսկ բուն ասպիրանտուրայում ուսանելս մի փոքր ավելի երկար է տևել, քանի որ այդ ընթացքում արտերկրում ուսանել եմ Դավիդյան կրթաթոշակի շրջանակներում: Գիտական աստիճանս ստանալուց հետո Կառավարման ակադեմիայում դասավանդել եմ, վերջերս, քաղաքական դրդապատճառներով, հեռացվել եմ դասախոսների ցանկից, դասավանդել եմ նաև ԵՊԼՀ-ում: Գիտական հոդվածներիս թիվը 10-11 է, չեմ դադարեցրել գիտական գործունեությունս: Այս պահին գերմանացի հեղինակի հետ գիտական հոդված ենք հեղինակում պոպուլիզմի թեմայով, որը կհրապարակվի անհերքելի գիտական կշիռ ունեցող միջազգային հանդեսում»,-ասաց Մամիջանյանը:

Նկատենք, որ այս խորհրդարանում զինծառայությունից փողով կամ զանգով ազատվելու թեման արդիական դարձավ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունից հետո, ինչից հետո «շշերամարտ» անվանում ստացած միջադեպը գրանցվեց:

Հավելենք, որ մեր ցանկում կային նաև սակավաթիվ պատգամավորներ, որոնց որդիներն, ըստ ՊՆ պատասխանի, անցել են պարտադիր զինվորական ծառայություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter