
Գաղտնիք է, թե խաղող մթերողները սուբսիդավորված որքան վարկ են ստացել պետությունից
2020-2021թթ. խաղողի մթերումների նպատակով տնտեսվարողներին տրամադրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար Կառավարությունը, օգոստոսի 31-ի դրությամբ, հատկացրել է շուրջ 1 մլրդ 465 մլն դրամ: Էկոնոմիկայի նախարարությունը բանկային գաղտնիք է համարում տվյալները, թե յուրաքանչյուր ընկերության որքան վարկ է տրամադրվել: Գաղտնիք են նաև ընկերություններից յուրաքանչյուրի մթերման ծավալները:
Նախարարությունից հայտնում են, որ գրություն են ուղարկել մթերող կազմակերպություններին և բանկերին՝ վերջիններիս համաձայնությունը ստանալու և տվյալները «Հետք»-ին փոխանցելու նպատակով:
Կառավարության 2019թ. փետրվարի 28-ի 201-Լ որոշմամբ հաստատվել էր գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով՝ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։ Դրա շրջանակում խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով 2020թ.-ին ֆինանսական կառույցների կողմից 33 շահառուի տրամադրվել է շուրջ 17.3 մլրդ դրամի վարկ:
Վարկերը տրամադրվել են հետևյալ պայմանով.
- Դրամով՝ մինչև 14% տոկոսադրույքով, իսկ արտարժույթով՝ 9%, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են
- յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3 մլրդ դրամը
- վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ
- վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3 ամիս, բայց ոչ ավելի քան 6 ամիս:
2021թ. սեպտեմբերի 2-ի 1436-Լ որոշմամբ ծրագրի պայմանները բարելավվել են: Վերամշակող գործունեություն իրականացնող վարկառուներին խաղողի մթերումների նպատակով յուրաքանչյուր տարի տրամադրվելու է մինչև 4 մլրդ դրամի վարկ՝ 3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետով:
2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում խաղողի մթերումների նպատակով 3 շահառուի տրամադրվել է մոտ 687 մլն դրամ վարկ՝ մեկ տարի մարման ժամկետով և 0% տոկոսադրույքով: Տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվելու է:
Սուբսիդավորված վարկերի տոկոսների գումարների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն դեռ չկա: Նախարարությունը տրամադրել է միայն 2 ընկերության վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հատկացված սուբսիդիայի գումարը կազմել է 25 մլն 100 հազ. դրամ:
Նշված գումարից 4.2 մլն դրամը հատկացվել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պատկանող «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ին, իսկ 20 մլն 900 հազ. դրամը՝ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ընտանիքին պատկանող «ՄԱՊ» ՓԲԸ-ին:
Ծրագրի բարելավված պայմաններով 2021թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ, խաղողի մթերման նպատակով ֆինանսական կառույցների կողմից հաստատվել է 21 տնտեսվարողի 12 մլրդ 5 մլն դրամի վարկ:
Գործընթացը շարունակվում է և Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտն ավելի քան 25 տնտեսվարողի կտրամադրվի շուրջ 18 մլրդ դրամի վարկ:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ այս տարի 39 ընկերության կողմից 43 կետում իրականացվել են խաղողի մթերումներ: Վերջիններիս տրամադրած օպերատիվ տվյալներով` հոկտեմբերի 21-ի դրությամբ, մթերվել է շուրջ 193 հազ. տոննա խաղող:
«Մթերումների ավարտից հետո կճշգրտվեն ներկայացված օպերատիվ տվյալները և, ամենայն հավանականությամբ, այն կնվազի: Մթերումները շարունակվում են և ըստ մոտավոր գնահատականների, դեռևս առկա է մթերման ենթակա շուրջ 2000 տոննա խաղող»,- մեր գրավոր հարցին ի պատասխան հայտնում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նշենք, որ 2020թ. 52 ընկերության կողմից 56 կետում մթերվել էր շուրջ 235 հազար տոննա խաղող:
Ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախարարության կողմից իրականացվել է խաղողի բերքի և վերամշակող ընկերությունների կողմից մթերման կանխատեսվող ծավալների մոնիտորինգ: Ըստ այդմ՝ նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 20%-ով պակաս կամ 225 տոննա բերք:
Նշված քանակությունում ներառվել էր նախորդ տարիներին մթերում իրականացրած ևս մեկ ընկերության շուրջ 25 հազ. տոննայի մթերման կանխատեսումը: Սակայն, մթերումների նախաշեմին տվյալ ընկերությունը հայտարարել է, որ ընթացիկ տարում մթերումներ չեն իրականացնելու, ինչի հետևանքով առաջացավ շուրջ 25 հազար տոննա մթերելու անհրաժեշտություն:
Էկոնոմիկայի նախարարությունից չեն նշել ընկերության անվանումը: Սակայն, հիշատակածը ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն է: Գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ փակելով Արմավիրի մարզի ճանապարհները:
Նշված քանակը մթերելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության` կազմակերպությունների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում, խաղողի ամբողջ քանակությունը դեռ մթերվում է:
Մեկնաբանել