HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ծնելիության խթանումը, ներգաղթն ու արտագաղթը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում - 2

«Ծնելիության խթանումը, ներգաղթն ու արտագաղթը՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերում» հոդվածում ներկայացրել էինք քվեաթերթիկում առաջին 4 թեկնածուի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրերի՝ Հայաստանում ծնելիության ու ներգաղթի խթանման և արտագաղթի կանխման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները:

Ստորև ներկայացվում են խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս 5 կուսակցության նախընտրական ծրագրերի՝ խնդրին վերաբերող հատվածները:

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

«Գյուղի սոցիալ-կենցաղային առօրյան ողբալի է ու անհեռանկար. գրեթե կանգ է առել գյուղական բնակչության վերարտադրությունը, սակավամարդ են դառնում, նաև վերանում որոշ բնակավայրեր, այդ թվում՝ սահմանամերձ: Նվազում է դպրոցականների թիվը, բացակայում են մշակութամանկական օջախները: ... Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի համար մահացու հարված է ամայացող գյուղը. անմշակ հողը, ջրի նման հարստության կորուստը, ապրուստի միջոց չունեցող ընտանիքների արտագաղթը»,- գրված է Դեմոկրատական կուսակցությունը նախընտրական ծրագրի «Գյուղատնտեսության ոլորտում» բաժնում:

Նախընտրական ծրագրով թվարկվում է 12 միջոցառում, որոնց արդյունքում առաջին հերթին երիտասարդի համար հրապուրիչ կդառնան հողը մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ժամանակակից համալիրում աշխատելը:

Իսկ «երկրի հայաթափումը կանխելու համար» Դեմոկրատական կուսակցությունն առաջարկում է հետևյալ քայլերը.

«- երիտասարդ, նորաստեղծ ընտանիքին, որն սպասում է առաջնեկի ծնունդը և սոցիալապես խոցելի խավից է, տասը տարի ժամկետով կտրամադրվի արտոնյալ վարկ. գյուղում՝ տուն կառուցելու, քաղաքում՝ բնակարան ստանալու համար: Վարկի առանձնահատկությունն է՝ առաջին երեխայի ծնունդով մարվում է վարկի 15%-ը: Երկրորդ երեխա ծնվելիս վարկը կրճատվում է ևս 30%, երրորդի՝ 35%, չորրորդի ծնվելը ծնողներին ազատում է վարկի մնացորդը վճարելու անհրաժեշտությունից,

- երիտասարդների, առաջին հերթին՝ սահմանամերձ և բարձրլեռնային գյուղերի բնակիչների զբաղվածության հարցի կարգավորում,

- անվճար և որակյալ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթության ապահովում,

- ուսման մեջ հաջողությունների համար խրախուսման միջոցների և անվանական թոշակների համակարգի ընդլայնում, սոցիալապես անապահով, բայց գերազանցիկ ուսանողների համար էական զեղչերի սահմանում»:

Ըստ նախընտրական ծրագրի՝ սոցիալական պատասխանատվություն կրող պետությունը պարտավոր է, ի թիվս այլ միջոցառումների, «երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, կենսապահովման բավարար միջոցներից զուրկ ընտանիքների յուրաքանչյուր երեխայի տրամադրել ամենամսյա սոցիալական նպաստ»:

Իսկ հասարակության սոցիալական պահանջները Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է բավարարել այն ֆինանսական ռեսուրսներով, որոնք կառաջանան «օլիգարխիկ համակարգը կազմաքանդելով, բյուջե ներգրավելով ստվերում շրջանառվող ավելի քան 1,5 մլրդ դոլարին համարժեք կապիտալը»:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն

Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկա ծնելիության խթանման անհրաժեշտությանը:

Իսկ ներգաղթի և արտագաղթի մասին ծրագրում նշվում է միայն այսքանը. «Ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը՝ հանքային հարստությունները, ընդերքը, ալկոհոլային խմիչքները, բենզինը, հացն ու էլի շատ ապրանքներ, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ապահովմանը և ներգաղթի խնդիրների լուծմանը: Դրանք կենտրոնացնել պետության, ժողովրդի ձեռքում, որը կնպաստի գործազրկության և արտագաղթի իսպառ վերացմանը»:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

«Փոխենք կյանքի պայմանները, մարդկանց աշխատելու և վաստակելու նոր հնարավորություններ ստեղծենք, օգնենք արդարությանը հաղթանակել ամենուր, վերացնենք աղքատությունը, արտագաղթը վերափոխենք տունդարձի և սեփական երկրի ու նրա ապագայի հանդեպ անսահման հավատ հաղորդենք իրեն՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ»,- կոչ է արվում Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում:

«Ազգային միասնություն, ամուր սփյուռք» բաժնում ՀՀԿ-ն նշում է. «Օգտագործելով երկքաղաքացիության ինստիտուտը և հայրենադարձության պետական ծրագիրը՝ մենք ստեղծելու ենք նպաստավոր միջավայր Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներգրավվածության ավելացման և ներդրումների խրախուսման համար»: Իսկ թե ՀՀԿ-ն ինչպես է օգտագործելու «հայրենադարձության պետական ծրագիրը», որևէ խոսք չկա: Բուն «հայրենադարձության պետական ծրագրի» մասին ևս որևէ մանրամասն չկա:

Համեմատաբար ավելի կոնկրետ քայլեր և արդյունքներ են նշվում «Սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացում» բաժնում: Ըստ այդմ, ընտանեկան նպաստի միջին չափը բարձրացել է 75%-ով, իսկ երեխայի խնամքի համար տրվող նպաստն աճել է 7 անգամ, մեկնարկել են «Մատչելի բնակարան» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերը, որոնց շրջանակներում տրամադրվում են պետության սուբսիդավորած տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր: ՀՀԿ-ն նաև ներդրել է ծննդօգնության պետական հավաստագրի և մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի մեխանիզմները:

Նախընտրական ծրագրով նախատեսվում է շեշտակիորեն ավելացնել «Մատչելի բնակարան» և «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները, շարունակել «ավելացնել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալները»: Իսկ թե որքան գումարով են ավելանալու այդ ծրագրերի ծավալները, չի ասում:

Միաժամանակ պետք է նշել, որ նախընտրական ծրագրում ուղղակիորեն չի ասվում, որ այս ծրագրերն ուղղված են ծնելիությունը խթանմանը: Նախընտրական ծրագիրը դրանք դիտարկում է որպես «սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանն» ուղղված քայլեր:

ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն ավարտվում է հետևյալ բարեմաղթանքներով. «Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր: Մենք բոլորս պիտի գործենք հենց այդ տրամաբանությամբ: Ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ: Բարեկեցիկ Հայաստանի: Հզոր Հայաստանի: Հայաստանի, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները և ոչ թե լավ կյանքի փնտրտուքով հայտնվել արտասահմանում:… Ավելի լավ Հայաստան՝ օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար»:

«Միավորված հայեր»

«ՄՀԿ-ն իր մտավոր, գիտական, բարոյական, իրավական և տնտեսական ուժի ողջ կարողությամբ պայքարելու է օրավուր աճող արտագաղթի դեմ և նպաստելու է ներգաղթին»,- այսպես է «Միավորված հայերն» ավարտում իր նախընտրական ծրագիրը:

Մինչ այդ ծրագրում արդեն նշված էր, որ «Միավորված հայերի» խնդիրներն են «հայոց պետականության ամրապնդումը, տնտեսական և հոգևոր ներուժի զարգացումը և արդյունքում արտագաղթի կանխումը»:

Իսկ արտագաղթը կանխելու ուղղությամբ կուսակցությունը կատարելու է հետևյալը. «արտագաղթի պատճառների վերացում, ներգաղթի համար պայմանների ստեղծում, պայքար թրաֆիքինգի դեմ»: Թե ինչպես է «Միավորված հայերն» այս ամենն անելու, չի նշվում:

«Օրինաց երկիր»

«Աշխատատեղերի ստեղծումը ներկայումս կարևորագույն սոցիալ-տնտեսական հիմնախնդիրն է: Այստեղ է գտնվում աղքատության հաղթահարման, արտագաղթի կասեցման, մարդկանց բարեկեցության և արժանի ապրելակերպի ձևավորման բանալին»,- գրված է «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրում:

Նոր աշխատատեղերի ստեղծման համար թվարկվում է 12 «խիստ հրատապ և առաջնահերթ» միջոցառում, որոնցից 1-ին 3-ն է. «Աշխատատեղեր և արժանապատիվ վարձատրություն» ազգային ռազմավարության մշակումն ու իրականացումը, գործազրկության հաղթահարման և աշխատատեղերի ստեղծման հնգամյա ծրագրի ընդունումն ու իրականացումը, ըստ տնտեսության ճյուղերի և ըստ բնակավայրերի՝ զբաղվածության նպատակային ծրագրերի մշակումը և կիրարկումը:

Նախընտրական ծրագրի «Հայրենիք-Սփյուռք» բաժնում ՕԵԿ-ն առաջարկում է «մշակել և իրականացնել արտագաղթի կանխմանն ու հայրենադարձության խթանմանն ուղղված պետական-նպատակային ծրագիր»: Այլ մանրամասներ այդ ծրագրի մասին չեն նշվում:

«Ընտանիքի, մայրության և մանկության խնդիրների լուծմանը՝ առաջնահերթություն» բաժնում ՕԵԿ-ը գրում է. «Ժողովրդագրության, մայրության և մանկության խնդիրների հետ առնչություն ունեցող բոլոր հարցերի լուծումներն անհետաձգելի են»:

Նախընտրական ծրագիրն այս ուղղությամբ առաջարկում է հետևյալ քայլերը.

«-բազմազավակության և ծնելիության նյութական խրախուսման համակարգի զարգացում՝ առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը դարձնելով 100.000 դրամ, երկրորդ երեխայի ծննդյան դեպքում՝ 200.000 դրամ, երրորդ երեխայի համար՝ 500.000 դրամ, չորրորդ երեխայի համար՝ 600.000 դրամ, հինգերորդ երեխայի համար 1մլն դրամ,

-մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրում ոչ միայն աշխատող, այլև չաշխատող մայրերին,

-անվճար ծննդօգնության և սերտիֆիկացիոն համակարգի արդյունավետության բարձրացում, հղիության ամբողջ ժամանակահատվածում կանանց անվճար բժշկական օգնության տրամադրում,

-ընտանեկան նպաստների համակարգի հիմնովին վերանայում,

-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված պետական նպատակային ծրագրի մշակում և իրականացում,

-բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակային ծրագրերի մշակում և իրականացում,

-երիտասարդ ընտանիքներին պետական երաշխավորությամբ ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային երկարաժամկետ վարկերի տրամադրում, որդեգրելով զեղչեր տրամադրելու սկզբունքը. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ 10 տոկոս, երկրորդի դեպքում՝ 25 տոկոս, երրորդ երեխայի ծննդյան դեպքում 50 տոկոս, չորրորդի դեպքում՝ 75 տոկոս, հինգերորդի դեպքում՝ վարկի լրիվ մարում,

-սոցիալապես անապահով ընտանիքներին հասցեական պետական աջակցության ցուցաբերում,

-անվճար սպորտային սեկցիաների, ստեղծագործական խմբակների, ամառային հանգստյան ճամբարների ցանցի ընդլայնում»:

Այսպիսով, ՕԵԿ-ի նախընտրական ծրագրով ծնելիությունը խթանելու ավելի հստակ միջոցառումներ են առաջարկվում, քան այլ կուսակցությունների ծրագրերով, և կոնկրետ թվեր են նշվում: Սակայն դարձյալ գրված չէ, թե պետությունը ինչպես և որտեղից կկարողանա նման միջոցներ հատկացնել ընտանիքներին:

Մեկնաբանություններ (5)

Areg
Aisor tesa, vor mi kich ela nerkev ichel et nkar@. Huysov em vagh@ el chi lini. El chem karun naiel, phisiologiakan tesaketits anharmara, vontsor mardu intim tegherin naielis linem.
MARIA
HXIYTHIYNIC GERECIK BAN 4KA ASHXARHYM!!!!!AMENA GEXECIK KINY DA HXI KINNE!!!NOR KIANQ ,NOR HYSI NOR APAGA!!!!
Areg
Nkar@ lav@ chi. Mi qani angamits heto vata naivum. Arajarkum em pokhel.
Armen
Hamdzain em Aregi het. Ais nkar@ 10 angmaits heto el chi naivum. Ches uzum mtnes ej, qani vor eli es porn es tesnelu.
Areg
Es hghi knga pori nkar@ hanek eli. Da aitkan el hacheli chi naivum 15-rd angamits heto manavand eji mech teghum

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter