
Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին
Նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետով Կառավարությունը հստակ արձանագրել է, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, Կառավարությունը պաշտպանում է այդ տեսակետը։ Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի` տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին:
«Առաջին հերթին, օրինակ, երկաթուղիները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, որոշակի հերթականությամբ պետք է սկսեն բացվել ու մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար: Կարծում եմ` նաև դա է անվտանգության կարևոր կոմպոնենտ, որովհետև, երբ տնտեսական և զուգահեռ կապերը սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության ու խաղաղության»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` կառավարության ընկալումն այն է, որ կոմունիկացիաների բացումը պետք է ունենա այդ տրամաբանությունը և նպատակադրումը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք սրանից նենթադրելի է, որ Հայաստանով ու Ադրբեջանով անցնող ճանապարհներն ու երկաթուղային հանգույցները փոխադարձաբար օգտագործելի պետք է լինեն թե՛ հայաստանցիների, թե՛ ադրբեջանցիների համար:
«Նպատակն այն է, որ երկու երկրները` Հայաստանն ու Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց կոմունիկացիոն ուղիները օգտագործելու հնարավորություն ունենան` բեռնափոխադրումներ, նաև ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Թե ինչ փուլերով և ինչ գրաֆիկով դա տեղի կունենա, դա այլ խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Կառավարության ղեկավարի՝ այժմ երթուղիները քննարկվում են, Հայաստանի կառավարության դիրքորոշումն այն է, որ այդ երթուղիները ևս խաղաղություն պետք է խորհրդանշեն, և ոչ թե կոնֆլիկտ:
Մեկնաբանել