
Իրանի ԱԳ նախարար. Բաքվի և Թեհրանի միջև լարվածության հրապարակային փուլն ավարտված է
Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության փուլը, որն ընթանում էր հանրային հարթությունում, ավարտված է։ Այս մասին Թեհրանում Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը։
«Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ես կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրներն աստիճանաբար կլուծվեն»,- նշել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Իրանի ներկայիս կառավարությունը նպատակամիտված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Իրանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով փոխանակվում էին քննադատական հայտարարություններով։ Երկու երկրները միմյանց սահմանների մոտ, այդ թվում՝ այլ երկրների մասնակցությամբ, հատկապես՝ Թուրքիայի, անց էին կացնում զորավարժություններ։ Թեհրանն Ադրբեջանին մեղադրում էր իր սահմանի երկայնքով իսրայելական ուժերի և միջոցների տեղակայման մեջ, իսկ Բաքուն իր մտահոգությունները հայտնում իրանական զորավարժությունների վերաբերյալ՝ նաև հավելելով, որ «իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել