
Փաշինյանը հաստատեց` սահմանագծումն ու սահմանազատումը խորհրդային քարտեզներով են իրականացվելու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի ու Ասդրբեջանի սահմանազատման ու սահմանագծման համար հիմք են լինելու Խորհրդային Միության քարտեզները: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Փաշինյանը` արձագանքելով դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրեր առաջ արված հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լուծել սահմանային խնդիրները` խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա:
«Արդյոք գտնում եք, որ եռակողմ քննարկումներ են պետք, և ռուսական բանակի շտաբի քարտեզների շո՞ւրջ են անցնելու այդ քննարկումները, և արդյոք համոզված եք, որ այդ քարտեզները գոնե հիմքում ունեն Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի մասին այդքան հաճախ խոսում եք»,- ասաց Կյուրեղյանը:
Փաշինյանը պատասխանեց՝ այդ քարտեզները համընկնում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքին։
«Ես վստահ եմ` քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, այո, եթե ոչ 100, ապա 99%-ով համընկնում են Վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված Հայաստանի Հանրապետությանը: Էդ օրենքով է նշված, որ Շուռնուխի վարչատարածքային սահմանը համընկնում է Հայաստանի տարածքի եզրի հետ»,- ասաց նա:
Վարչապետի կարծիքով`անհրաժեշտ են այդ քարտեզների շուրջ քննարկումներ, և այնպես չէ, որ այդ քարտեզների օրինակից ՀՀ-ում չկա: Պարզապես, ՌԴ-ն որպես միջնորդ է հանդես գալիս այդ հարցում:
«Տիկին Կյուրեղյան, Ձեր հարցի պատասխանն այո՛ էր»,- եզրափակեց նա:
Մեկնաբանել