HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թե ինչպես Դավիթը ստանձնեց հնագիտական հուշարձանի պահպանությունը

Դավիթ Աբրահամյանը երկու տարի առաջ Դվին գյուղի մոտակա սարերում ընկերների հետ շրջելիս պատահաբար հնագիտական իրեր է հայտնաբերում: «Քայլում էիք այդ տարածքով, և մի հատվածում արևի շողերից փայլող թիթեղի կտոր նկատեցի, մաքրեցի և տեսա, որ վրան նախշեր կան։ Սկսեցինք հողը մաքրել և ապարանջաններ ու բրոնզի այլ իրեր գտանք»,- պատմում է Դավիթը։

Ասում է, որ մանկուց հոր և քեռու հետ շրջել է այդ սարերում, հետագայում էլ ընկերների հետ ամեն տարի այնտեղից սունկ, կանաչեղեն և խոտաբույսեր են հավաքել, որս են արել այդ տեղանքում, բայց նման բան առաջին անգամ էր տեսնում: Գտածոները տուն է բերել և ինտերնետով հնագետ է փնտրել, որպեսզի ցույց տա։ Ընկերները խորհուրդ չեն տվել գործ ունենալ հնագետների հետ: «Էդպիսի բան չանես՝ կդատեն քեզ»,- ասել են նրանք։ «Ասացի՝ վատ բան չեմ արել, չեմ թալանել, պարզապես գտածս ուզում եմ նրանց տալ»,- պատմում է Դավիթը: Նրա ասելով՝ հնագետները նույնպես հրաժարվում էին հանդիպել իրեն, մտածելով, թե գանձագող է։ 

2020թ. գարնանը սոցիալական ցանցում գտնում է հնագետ Մելինե Սիմոնյանին: Մելինեն ասում է, որ սոցիալական ցանցում «Մելին հնագետ» անվամբ է ներկայանում, որպեսզի մարդիկ, անհրաժեշտության դեպքում, դիմեն իրեն։ «Շատ է պատահում, որ վաճառքի նպատակով են դիմում և ուզում են, որ իրը գնահատենք։ Դավիթը երբ ինձ գրեց, այդ օրն արդեն երկրորդ մարդն էր դիմում այդ հարցով։ Նա ասաց, որ այդ տարածքից իրեր եմ գտել և ուզում եմ թանգարանին նվիրել։ Համոզվելու համար նրան ասացի, որ տարածքից լուսանկարներ ուղարկի»,- հայտնեց Մելինեն:

Դավիթի ուղարկած լուսանկարներով համոզվել է, որ գանձագող չէ, բայց քանի որ անցած տարվա մարտ ամսին համավարակի պատճառով չէին աշխատում, ուստի խնդրել է գտածոները պահել իր մոտ մինչև կարանտինն ավարտվի։ Մայիս ամսին խնդրել է նյութերը բերել, մասնագետերը նայել են և ուղարկել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան (ՊՀԱԹ)։ Դրանք ուրարտական շրջանի նյութեր են եղել:

«Արդեն հասկացել էի, որ կարևոր գտածոներ են, ասացին՝ ուրարտական բրոնզե գոտու կտոր է սա։ Գնացինք «Էրեբունի» թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի մոտ, նա շատ ուրախացավ՝ գտածոները տեսնելով: Ես պատմեցի, թե որտեղից և ինչպես եմ գտել դրանք։ Նա հարցրեց, թե ինչ եմ որոշել անել։ Ասացի՝ ինչ ասեք, այդպես էլ կանեմ»,- պատմում է Դավիթը։ Թանգարանի տնօրենը տարբերակներ է առաջարկում՝ կարող են գնահատել և վճարել դրանց համար։ «Ես հրաժարվեցի, ասացի, որ նվիրում եմ թանգարանին։ Ձեզ էլ ցույց կտամ տեղանքը, բայց խնդրանքս այն է, որ պեղումներ կատարելիս ինձ ներգրավեք աշխատանքներում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր այդ աշխատանքը»,- ասում է Դավիթը։

Դվին գյուղի բնակիչ Դավիթ Աբրահամյանն առաջին անգամ 2020թ. հունիսին «Էրեբունի» թանգարանին 18 կտոր իր է հանձնել՝ բրոնզե գոտու մաս, ապարանջաններ, մատանի, ֆիբուլա, կախիկ, մետաղի ձողերի բեկորներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 10-8-րդ դարեր: Նաև՝ մետաղադրամներ, որոնց մեջ եղել են վրացական Թամարա թագուհու, Երևանի խանության շրջանի դրամներ և այլն:

Դավիթը հնագետ Մելինեին ցույց է տվել այն տեղանքը, որտեղից գտել էր հնագիտական իրերը՝ լանջի վրա էր, անձրևը մաքրել էր հողը և դամբարանը բացվել էր։ Մելինեն հետազոտել է տեղանքը և ասել, որ այդտեղ բազմաթիվ դամբարաններ կան։ «Քովիդ 19» համավարակի պատճառով բավականին ժամանակ հետաձգվել են հնագիտական աշխատանքները։ 2020թ. սեպտեմբերին Մելինե Սիմոնյանին թույլատրվել է պեղումներ իրականացնել այդ տարածքում։ Անցած տարի 25 օր պեղումեր են իրականացրել, որին մասնակցել է նաև Դավիթը։ Մելինեն ասում է, որ Դավիթի գտած դամբարանից բավականին շատ բաներ են հայտնաբերել, նաև՝ անոթներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 13-10-րդ դարերով։ «Երբ ինչ-որ բան ենք հայտնաբերում, Դավիթն ավելի շատ է ուրախանում»,- ասում է Մելինեն։ 

«Ինձ շատ հետաքրքիր էր ընթացքը, հիմա իմ մասնագիտությունը դարձել է հնագիտությունը, ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում աշխատանքներին»,- ասում է 34-ամյա Դավիթը: Նա պատմում է, որ այդ վայրերում նախկինում քանդված հողատարածքներ է տեսել, բայց մտածել է, թե նախկին բնակավայրի հետքերն են։ Հետո, երբ տարածքում տեսել է մետաղորսիչով շրջողներին, հասկացել է, որ գանձագողերն են դամբարաններն ավերել: Ասում է, որ նրանց քանդած տեղից Մակեդոնացու ժամանակների դրամ է գտել, հանձնել է Մելինեին, նա էլ ուսումնասիրել և հոդված է հրապարակելու։

Դավիթն անցյալ տարի երկրորդ անգամ Դվին հնավայրին մոտ գտնվող դաշտերից գտած այլ իրեր է հանձնել «Էրեբունի» թանգարանին՝ 19 կտոր, որոնց մեջ միջնադարյան դրամներ են եղել: Նրա ասելով՝ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինին մոտ տարածքի դաշտերը վարելու ժամանակ խեցեղենի կտորներ են դուրս գալիս, տրակտորը դրանք ջարդում է և դուրս բերում բեկորներով։ Նյութերը թանգարանը վերականգնել է, նրա նվիրատվությունից հետո նաև թանգարանում դրամների բաժին ունենալու գաղափարն է հասունացել։

«Երբ իմացանք, որ արժեքավոր հնություններ եք ձեռք բերել՝ ձեր մտքով չանցա՞վ վաճառել դրանք»,- հարցնում եմ Դավիթին։ «Ես հիմա մյուսներին խորհուրդ եմ տալիս, որ հնությունները հանձնեն թանգարանին, թե չէ մի քանի կոպեկով վաճառում են, չհասկանալով, որ այդպես վաճառում են մեր երկրի պատմությունը»,- պատասխանում է նա։ Ասում է, որ երբ շրջապատում իմացել են իր մասին՝ առաջարկել են միասին գնալ տարածքները քանդել, ինքը հրաժարվել է, նրանց էլ արգելել է գանձագողությամբ զբաղվել։

Դավիթն ափսոսում է, որ պետությունը հնավայրերը պատշաճ չի վերահսկում։ Աչքից հեռու ամայի տարածքներ են, որտեղ գանձագողերն անարգել ավերում են: «Ես դրանից հետո շուտ-շուտ եմ լինում այս տարածքում։ Ինքս արդեն վերահսկում եմ տարածքը և Մելինեին տեղեկացնում եմ՝ փոփոխություններ եղե՞լ են, թե՝ ոչ։ Հիմա ռիսկ չեն անում այստեղ քանդել»,- ասում է նա: 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Դավիթ Աբրահամյանին պատվոգրի է արժանացրել՝ թանգարանին նվիրաբերած հնագիտական առարկաների համար:

Թանգարանին հաջողվել է անհատների վստահությունը շահել. նրանք արժեքավոր արտեֆակտները նվիրում են 

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը մեզ պատմում է, որ երբ տնօրեն է նշանակվել, իր համար առաջնահերթ հարցերից մեկը եղել է հնագիտական ֆոնդերի համալրումը: «Մեծ աշխատանք կար անելու, պետք էր փոխել մարդկանց ընկալումը թանգարանի նկատմամբ: Նրանք պետք է հասկանան, որ հնագիտական իրերը թանգարանին նվիրաբերելով՝ մարդկանց կրթում են: Մյուս կարևոր հարցը հնագետների հետ տարվող աշխատանքն էր, որպեսզի պեղումների ժամանակ հայտնաբերված արտեֆակտները բերեն թանգարան:  

Աշխատանքն արդյունք տվել է. «Էրեբունի» թանգարանի հնագիտական ֆոնդը 2018թ.-ին համալրվել է 33 հնագիտական առարկայով, 2019թ.-ին՝ 314, 2020թ.-ին՝ 410: Մ. Բադալյանը տեղեկացրեց, որ 2021թ.-ին մոտ 600 իր ունեն, ֆոնդային հանձնաժողով պետք է ստեղծեն գնահատելու համար, որից հետո դրանք կհամալրեն թանգարանի ֆոնդը:

Ըստ «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության, հիշյալ տարիներին հնագիտական առարկաների մեծ մասը թանգարանին են հանձնել հնագետները: Դրանք պեղումների ժամանակ հայտնաբերված իրերն են, որոնց մեծ մասը երկար տարիներ գտնվել են արշավախմբի ղեկավարների մոտ՝ սկսած 2004թ.-ից:

Բավականին արժեքավոր իրեր են նվիրել նաև անհատները: Թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ 2018-20թթ.-ին թանգարանային ֆոնդը նվիրատվությունների հաշվին համալրվել է 52 իրով՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի, ուշ բրոնզեդարյան, ուրարտական, հետուրարտական, անտիկ, միջնադարյան ժամանակաշրջանների տարատեսակ խեցեղենով, մետաղե առարկաներով (զարդեր, զենքեր, դրամներ և այլն):

Համեմատության համար նշենք, որ 2015-17թթ.-ին «Էրեբունի» թանգարանին նվիրատվություններ չեն արվել: Ֆոնդը համալրվել էր հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերով և փոքր քանակ ձեռք էր բերվել գնումների միջոցով:

Միքայել Բադալյանը ճիշտ չի համարում հնագիտական առարկաներ գնելը: «Թանգարանն այդքան գումար չունի իրեր ձեռք բերելու համար, բացի այդ, նպատակահարմար չենք համարում: Հնարավոր է, որ գանձագողից ես ձեռք բերում, երբ գնում ես նրանից՝ նպաստում ես, որ զբաղվի գանձագողությամբ: Մենք մարդկանց ասում ենք՝ հանձնեք թանգարանին, և հավաստիացնում ենք, որ ձեր իրերը կրթելու են մարդկանց»,- հայտնեց թանգարանի տնօրենը: Այս տարի «Հին Հայաստանի լուռ վկաները» խորագրով ցուցադրությանը  ներկայացրել են թանգարանին նվիրաբերված լավագույն արտեֆակտները և նվիրատուների մասին պաստառներ են փակցրել: Դա ևս քաջալերելու ձև են համարում, ընտանիքով նկարվում են ցուցասրահում, համոզվում են, որ դրանք նպատակին են ծառայեցվում:

Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ անհատների նվիրատվությունների արդյունքում 300 միավոր դրամական համալրում ունեն: Մինչ այդ, Էրեբունի թանգարանը դրամներ չի ունեցել, սակայն զբոսաշրջիկները հետաքրքված են, որ ցուցադրությունում նաև դրամի բաժին ունենան: Սակայն դադարեցրել են դրամներ ընդունելը, որովհետև նկատել են, որ նվիրատուների մեջ կարող են լինել նաև գանձագողեր: Նրանք կարող են պատվոգրեր ստանալ, գովազդվել սոցիալական ցանցերում ու դրանով «մաքրել» իրենց, որը տնօրենը շատ վտանգավոր տենդենց է համարում:

Հնարավոր է, որ նրանք գանձագողեր լինեն, բայց ավելի լա՞վ չէ , որ հնագիտական առարկաները թանգարան բերեն, քան վաճառեն

Պրն Բադալյանն ասում է, որ գործընկերները հանդիմանում են իրեն անհատներից հնագիտական իրեր ընդունելու համար, հնարավոր է, որ նրանք գանձագողեր լինեն: «Իսկ եթե չեմ վերցնում, դրանք ո՞ւր են գնալու, կամ՝ վաճառելու են, կամ՝ պահելու են: Ավելի լավ է թանգարան բերվեն: Մինչդեռ, այդ մարդկանց հետ հաճախակի շփվելով վստահություն է առաջանում, նրանք նոր իրեր բերելու պատրաստակամություն են հայտնում: Ո՞րն է լավ, որ վաճառվո՞ւմ է, թե՞ գալիս է թանգարան»,- հարցնում է տնօրենը: 

Մ. Բադալյանն ասում է, որ նվիրատուները, հիմնականում, հայտնում են, թե որտեղից են հայտնաբերել կամ ձեռք բերել այդ իրերը: Լինում են նաև դեպքեր, երբ ասում են, որ նվիրել են իրենց, բայց չգիտեն, թե որտեղից են ձեռք բերել: Իր համար կարևոր է, որ այդ այդ իրերը հանգրվանեն թանգարանում և հանրահռչակվեն:

Նա շեշտեց, որ թանգարանի հիմնական նվիրատուները մնում են հնագետները, իրենք շատ սերտ աշխատում են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ: Բայց հաճախ հնագետներն էլ չեն ցանկանում իրենց գտածոները տրամադրել թանգարանին: «Պատճառն այն է, որ հնագետները պեղված իրերը հանձնում են թանգարանին, բայց այստեղ կարող է նրանց թույլ չտան ուսումնասիրել իրենց իսկ պեղած իրերը: Գուցե տարօրինակ բան եմ ասում, բայց այդ պրակտիկան, ցավոք, շատ դեպքերում գործել է: Մեր գործընկերներին հավաստիացրինք, հատկապես Հնագիտության և ազգագրության ինստիտուտին, որ սահմանված իրավական ընթացակարգերն անցնելուց հետո թույլտվություն կունենան անարգել, բոլոր կանոնները պահելով, ուսումնասիրել թանգարանին տրամադրված իրերը»,- ասում է Մ. Բադալյանը: 

Հնագետներին հավաստիացնում են, որ թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում դրանք անվճար կվերականգնվեն: Դա երկուստեք՝ արշավախմբին և թանգարանին շատ ձեռնտու է: Տնօրենը նշում է, որ թանգարանի աշխատակիցները շատ իրեր են վերականգնել, բեկորներից 12 սափոր են վերականգնել, որը մեծ թիվ է, մետաղներն են մաքրվել իրենց լաբորատորիայում և այլն: Դրա արդյունքում բազմաթիվ հնագիտական իրեր են հանձնվել «Էրեբունի» թանգարանին՝ Սոթքի և Արտանիշի հնագիտական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանը բազմաթիվ արտեֆակտներ է հանձնել, որոնք ցուցադրվել են թանգարանում: Հնագետ Սիմոն Հմայակյանը Նոր Արմավիր գյուղում կատարած պեղումների նյութերն է հանձնել թանգարանին, որոնք հիմա ցուցադրվում են:

«Էրեբունի» ՊՀԱԹ-ի տնօրենը շատ է կարևորում հնագիտության մասին օրենքի ընդունումը: «Շատ չափորոշիչներ պետք է մշակվեն, Հայաստանում մետալ դետեկտորի օգտագործումը պետք է լինի լիցենզիայով: Հիմա մարդիկ առնում են այդ գործիքը, գնում են ամայի վայրեր և սկսում են ոչնչացնել հուշարձանները: Թանգարանների մասին էլ օրենք չկա: «Շատ բաներ կան, որոնք որոշումներով, նախադեպերով են կարգավորվում, մեզ համար իրավական ակտերն անհրաժեշտություն են: Մենք մասնակցել ենք «Հնագիտության և թանգարանների մասին» օրենքների նախագծերի քննարկմանը և լավ կլինի, որ այդ բացը հնարավորինս շուտ լրացվի»,- ոլորտի վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում Միքայել Բադալյանը:

 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Միքայել Բադալյանի լուսանկարն իր ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter