
25 մլն եվրո՝ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման նպատակով
Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2 համաձայնագիր կկնքվի։ Առաջինը 15 տարի ժամկետով 20 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրն է, երկրորդը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 5 մլն եվրոյի դրամաշնորհինը։
Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Իհարկե, Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է, եթե չեմ սխալվում, մոտ 700 ավտոբուսի անհրաժեշտություն կա»,- որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ համակարգն աշխատելու է միասնական տոմսերով։
Նախագծի հիմնավորմամբ՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 տարբեր չափի ավտոբուս: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը քաղաքապետարանը դեռևս 2019թ. գարնանը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակում:
Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:
Առաջին փուլով ձեռք կբերվեն սեղմված բնական գազով շահագործվող 100 հատ 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսներ։
Մեկնաբանել