HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Ավետիսյանն ու որդին լքել են Հայաստանը՝ թեև ծանուցված էին Լևոն Սարգսյանի գործով նիստին ներկայանալու մասին

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով տուժողներ Արմեն Ավետիսյանը և որդին` Արտաշես Ավետիսյանը, Հայաստանում չեն, թեև ծանուցված էին այսօր դատարան ներկայանալու մասին:

Նրանց ներկայացուցիչ Արման Կարապետյանը դատարանին հայտնեց, որ Ավետիսյանները, իր տեղեկություններով, երկար ժամանակով են լքել Հայաստանը: Վերջիններիս վարքագծից կարելի է ենթադրել որ նրանք խուսափում են դատարան ներկայանալուց: Սա առաջին դատական նիստը չէ, որ Ավետիսյանների ներկայությունը դատարանում ապահովել չի ստացվում: 

Նախորդ դատական նիստին փաստաբանը դատարանին հայտնել էր, որ Ավետիսյանները վարակվել են կորոնավիրուսով ու չեն կարող ներկայանալ, ու այժմ, փաստորեն, իմանալով դատական նիստին ցուցմունք տալու համար իրենց ներկայանալու պարտականության մասին՝ լքել են Հայաստանը:

Լևոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը Ավետիսյանների վարքագիծը դատարանի նկատմամբ արհամարհանք գնահատեց:

«Ծանուցված լինելով, որ դուք էսօր պետք է գաք դատական նիստի` Հայաստանի Հանրապետությունը լքում եք: Բա սրանից մեծ արհամարհանք դատական իշխանության նկատմամբ ո՞նց է լինում»,- ասաց Աշոտ Սարգսյանը՝ դիտարկելով, որ դատական նիստը տուժողների շահերի համար է տեղի ունենում: Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ տուժողները պետք է բերման ենթարկվեն:

Դատարանն արդեն մի քանի ամիս է` չի կարողանում ապահովել նաև գործով վկաներ Նիկոլայ Խաչիկյանի և Տիգրան Խաչատրյանի ներկայությունը` ցուցմունք տալու համար: Թեև վերջիններս Հայաստանում են` ոստիկանությունը նրանց հայտնաբերել չի կարողանում: Աշոտ Սարգսյանի համար այս հանգամանքը տարակուսելի է, պաշտպանը դրանում միտում է տեսնում: Վերջինս չի պատկերացնում, թե ինչպես կարող է անձը գտնվել  Հայաստանում, բայց  ոստիկանությունն ամիսներ շարունակ նրան չկարողանա հայտնաբերել:

Այսօրվա դատական նիստին Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին նրա խափանման միջոց կալանավորումը փոխարինել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով: Աշոտ Սարգսյանը նշեց, որ Լևոն Սարգսյանը շուրջ 2 տարի գտնվում է անազատության մեջ: Դատարանը նրա նկատմամբ կալանավորումը՝ որպես  խափանման միջոց կիրառելու որոշման հիմքում դրել է ինչպես նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը:

Ըստ Սարգսյանի` այս գործով արդեն վկաների մեծ մասը հարցաքննվել է, վկաներ Նիկոլայ Խաչիկյանին ու Տիգրան Խաչատրյանին անգամ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել, հետևաբար Լևոն Սարգսյանի կողմից նրա նկատմամբ որևէ անօրինական ազդեցություն գործադրելու հավանականություն չկա: Ըստ պաշտպանի` պատկան մարմնի՝ ոստիկանության ոչ բարեխիղճ լինելու պատճառով, որպիսի պայմաններում ՀՀ տարածքում գտնվող վկաներին ամիսներ շարունակ հայտնաբերել չի ստացվում, Լևոն Սարգսյանը չպետք է շարունակի գտնվել կալանքի տակ: Սարգսյանի մյուս պաշտպան Դավիթ Կարապետյանն էլ դիտարկեց, որ գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Սարգսյանի խափանման միջոցի հարցին, և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելով՝ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ երեք հանգամանք է նշել` գործով ապացույցները դեռևս չեն հետազոտվել. դատաքննությունը չի սկսվել և որ Լևոն Սարգսյանը վկաներից մեկի՝ Սուրեն Մելքոնյանի վրա փորձել է ազդել: Այս պահին, ըստ Կարապետյանի, այս բոլոր ռիսկերը չեզոքացված են:

Անդրադառնալով Լևոն Սարգսյանի` քննությունից թաքնվելու ռիսկին` պաշտպան Աշոտ Սարգսյանը նշեց, որ գործի դատական քննության ընթացքում Սարգսյանի անմեղությունը կամաց-կամաց հաստատվում է:

«Ինչո՞ւ պիտի Լևոն Սարգսյանը թաքնվի: Հո հոգեկան հիվանդ չի՞, որ, տեսնելով դատաքննության ճակատագիրը, գնա, թաքնվի արդարադատությունից»,- ասաց պաշտպանը:

Սարգսյանի խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու խնդրանքով դատարանին դիմեց նաև գործով ամբաստանյալ Սուրեն Ղազարյանն, ով Լևոն Սարգսյանի քրոջ ամուսինն է: 

«Եթե ինքը մի անգամ ուշացավ, չեկավ, ես ամեն ինչի համար պատասխան կտամ: Թողեք, էթա իրա երեխեքին հասնի, մինչև կպարզվի էս ամեն ինչը»,- ասաց Ղազարյանը` դատարանին հավաստիացնելով, որ Լևոն Սարգյանը «կյանքում չի թաքնվի»:

Դատախազ Վաչե Ղազարյանն առարկեց միջնորդության դեմ, նշեց, որ Սարգսյանի կողմից քննությանը խոչընդոտելու և թաքնվելու ռիսկերը չեն վերացել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու, և քիչ անց վերադառնալով` հրապարակեց որոշում, որով անփոփոխ թողեց Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը, մասնակցելով Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008 թվականին Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: Ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանի միջոցով ծանոթ լինելով Արմեն Նիկողոսյանի հետ և իմանալով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Վարդևանյանին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 կատարված ավազակային հարձակման մասին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում Ավետիսյանի առանձնատան վրա: Ըստ մեղադրանքի՝ նշվածի մասին Լևոն Սարգսյանը հայտնել է Սուրեն Ղազարյանին, որը նրա քրոջ ամուսինն է եւ համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը: Ղազարյանը, նախկինում լինելով Արմեն Ավետիսյանի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը: Լևոն Սարգսյանը Արա Կարապետյանին հայտնել է Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարելու մտադրության մասին և առաջարկել այն իրականացնել ստեղծված հանցավոր համագործակցության անդամների ուժերով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter