HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կապանի հիվանդները հետազոտվելու համար ստիպված Երևան են հասնում

Արդեն տևական ժամանակ է՝ Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բժշկական կենտրոնում չկա ո՛չ համակարգչային տոմոգրաֆիայի (КТ), ո՛չ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (МРТ) սարք։ Դեկտեմբեր ամսին բժշկական կենտրոնին նվիրաբերել էին օգտագործված КТ սարք, որը մոտ երկու ամիս աշխատելուց հետո խափանվել է, և բժշկական կենտրոնը նորից մնացել է առանց անհրաժեշտ սարքավորման։

Կապան քաղաքի բնակիչները, ամեն անգամ հետազոտության կարիք ունենալու դեպքում, ստիպված են հասնել Երևան:

Լուսինե Ստեփանյանը պատմում է, երբ առաջին անգամ 2021թ. մայիսին անհրաժեշտ է եղել հորը՝ Սամվել Ստեփանյանին, КТ հետազոտություն անցնել, պարզել է, որ Կապան քաղաքում նման հնարավորություն չկա։ Սամվել Ստեփանյանը կաթվածի հետևանքով անգիտակից վիճակում է եղել, իսկ ճիշտ բուժում նշանակելու համար անհրաժետ է եղել КТ հետազոտության պատասխան, ինչը Կապան քաղաքում կազմակերպել չի ստացվել։

«Այդ ժամանակ մենք չգիտեինք, թե կոնկրետ որ տեսակի ինսուլտ է հայրս ստացել, դրանցից մեկի ժամանակ առհասարակ հիվանդին չի կարելի տեղափոխել։ Բայց քանի որ այլ տարբերակ չկար, ես դիմեցի, որ հորս ավիացիայով տեղափոխենք Երևան, ինձ ասացին, որ հիվանդի գիտակցության գալու դեպքում, ըստ օրենքի, դա չեն անում։ Ստիպված ռեանիմոբիլով իրեն տեղափոխեցինք Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն»,- պատմում է Լուսինե Ստեփանյանը։

Նույն դեպքը Սամվել Ստեփանյանի հետ վերջերս նորից կրկնվել է։ Այս անգամ նրան Կապան քաղաքից չեն տեղափոխել։ Լուսինե Ստեփանյանն ասում է, որ մանավանդ հիմա, երբ ճանապարհի մի հատվածը համարվում է ադրբեջանական տարածք, հիվանդի տեղափոխումը շատ ավելի վտանգավոր է դարձնում, իսկ այլընտրանքային Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը չափազանց խորդուբորդ է, եւ նման պայմաններում հիվանդներին տեղափոխել չի կարելի։

Կապան քաղաքում КТ և МРТ սարքերի բացակայության մասին ֆեյսբուքյան գրառմանն արձագանքեց մոտ 4 տասնյակից ավելի մարդ, նրանցից շատերը այս կամ այն կերպ նշյալ սարքավորումների բացակայության պատճառով խնդիրներ են ունեցել։ Օգտատեր Մարի Շիրինյանը գրում է, որ արդեն հինգ տարի է՝ տարին երկու անգամ նա ստիպված Կապանից Երևան է գնում՝ КТ հետազոտություն անցնելու։

Կապան քաղաքի մեկ այլ բնակիչ Ելենա Փարամազյանը այս ամռանը իր վեցամյա որդուն բերել է Երևան՝ մի քանի հետազոտություններ անցնելու, վերջնական բուժում նշանակելու համար անհրաժեշտ է եղել КТ հետազոտություն, որը պետպատվերի շրջանակում իրականացնել չի հաջողվել, Առողջապահության նախարարությունից Ելենային տեղեկացրել են, որ դիմելիության ահռելի ցուցանիշից ելնելով` պետպատվերի գումարը սպառվել է, և առաջարկել են հերթագրվել։

«Բժիշկն ինձ ասաց՝ մինչև КТ-ի պատասխան չլինի, ես բուժում չեմ կարող նշանակել, իսկ Կապանում էլ էդ սարքից չկա, հիմա հերթագրվել եմ, որ տղայիս հունվարին նորից տանեմ Երևան՝ հետազոտության»,- ասում է Ելենա Փարամազյանը։

Այս հարցի վերաբերյալ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սարքը, որ նվեր էին ստացել պատերազմից հետո, երկու ամիս հետո փչացավ, իսկ նորոգումը ձեռնտու չէր։ Տնօրենը հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ հենց այսօր պատրաստվում են ստորագրել КТ սարքի ձեռքբերման պայմանագիրը, և որ սարքը մեկ ամսից արդեն կլինի բժշկական կենտրոնում ու կհանձնվի շահագործման։

«МРТ սարք հիվանդանոցը նույնպես ձեռք է բերել ու հաջորդ շաբաթվանից արդեն բնակիչներին հասանելի կլինի։ Մասնագետներ նույնպես ունենք կենտրոնում, ուստի այսուհետ այլ տեղ հետազոտություն անցնելու կարիք չի լինի»,- ասաց Կարեն Մելքոնյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter