
Վաչագան Ղազարյանն ասում է` իր հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչն է գրել
Վարչական վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Աշոտ Սարգսյանի, հեռացել է խորհրդակցական սենյակ` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայտարարագրերի վերաբերյալ գործով դատական ակտ կայացնելու:
2019թ․ մայիսի 17-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, բավարարել է Վաչագան Ղազարյանի հայցադիմումն ընդդեմ այժմյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավանախորդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Դատարանը հանձնաժողովին պարտավորեցրել է Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018-ի՝ պաշտոնի դադարեցման հայտարարագրերը ոչնչացնել, և հանձնաժողովը բողոքարկել է դատարանի վճիռը: Երկու տարուց ավելի է՝ այս գործը քննվում է Վերաքննիչ վարչական դատարանում:
Ղազարյանը վարչական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել, պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերն ընդունելու և դրանք հրապարակելու հանձնաժողովի գործողությունները, «Հանրային ծառայության մասին» օրենքով չնախատեսված հայտարարագրեր ճանաչել իր և կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին պարտավորեցնել դրանք ոչնչացնել:
Նշենք, որ այս պահին ապօրինի հարստացման հոդվածով Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` արդարացնող հիմքով: Փաստաբան Մհեր Հակոբյանը մինչ Վերաքննիչ վարչական դատարանի՝ խորհդակցական սենյակ հեռանալը՝ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացրեց դատարանին:
Հակոբյանն ասաց, որ ՀՔԾ քննիչը Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման մեջ արձանագրել է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի 1-ին տեղակալը բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկից հանվել է, հետևաբար այդ պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ապրիլի 9-ից դադարել է հայտարարատու պաշտոնատար անձ լինելուց:
Նշենք, որ Ռուզաննա Բեգլարյանի և Վաչագան Ղազարյանի հայտարարագրերը Էթիկայի հանձնաժողով ներկայացվել են 2018 թվականի մայիս ամսին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ արդեն պարտականություն չեն ունեցել հայտարարագիր ներկայացնելու: Ըստ Մհեր Հակոբյանի՝ նման պայմաններում Բարձրատիճան անձանց էթիկայի հանձնաժողովը Ղազարյանի և կնոջ հայտարարագրերը ապօրինի է ձեռք բերել, պահել, մշակել ու փոխանցել երրորդ անձի:
Հատկանշական է, որ թեև Վաչագան Ղազարյանն ու կինը իրենց ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու ժամանակ` մայիս ամսին, դադարել էին ունենալ այսպիսի պատականություն, 2017 թվականի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը պարտավոր էին ներկայացնել մինչև 2018 թվականի մարտ ամիսը, ինչը, փաստորեն, չեն արել: Վարչական դատարանը դիտարկեց, որ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերից մեկում 2017 թվականի ունեցվածքի վերաբերյալ տվյալներ են, այսինքն՝ մի ժամանակահատվածի, երբ Ղազարյանն ու կինը պարտականություն են ունեցել հայտարարագիր ներկայացնելու: Փաստաբան Մհեր Հակոբյանը, սակայն, նշեց, որ անկախ այդ հանգամանքից՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018 թվականի մայիս ամսին ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալից հայտարարագիր վերցնելու և հրապարակելու լիազորություն չի ունեցել, և առավելագույնը, որ կարող էր արվել, Վաչագան Ղազարյանին հայտարարագիր չներկայացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելը կարող էր լինել:
Երբ դատարանն, ըստ էության, ավարտեց իրավական վերը նշված հարցերի քննարկումը, Վաչագան Ղազարյանը, որը մինչ այդ լուռ հետևում էր պաշտպանի ու դատավորների երկխոսությանը, հայտարարեց, որ ինքը որևէ հայտարարագիր չի ներկայացրել:
«Մի 6, 7, 8 անգամ Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Արտակը եկել է իմ սենյակ, օգնականիս էնքան ա ասել, ասել եմ՝ թող ինչ ուզում ա, գրի, բերի ստորագրեմ: Ինքը գրել ա, բերել, դրել ա, ստորագրել եմ: Ասում էր՝ մի բան գրեմ, ինձ գործից կհանեն, ինձ կկախեն»,- պատմեց Վաչագան Ղազարյանը:
Դատարանը դատական ակտը կհրապարակի նոյեմբերի 5-ին:
Լուսանկարում ձախից՝ Մհեր Հակոբյանը, աջից` Վաչագան Ղազարյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել