HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հասարակության մեջ կինը որպես կաշառակեր չի ընկալվում»

«Այնտեղ, որտեղ կին գործիչները, պաշտոնյաները շատ են, այդ բնագավառում ավելի զուսպ, հավասարակշռված, օրինական գործունեություն է ծավալվում: Եվ սա` հատկապես հայ հասարկության մեջ»,- այսօր «Կին թեկնածուն քաղաքական ընտրապայքարում» թեմայով ասուլիսի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Ըստ նրա` եթե կանանց սկզբունքային, իրենց ասելիքը գործով ներկայացնող, մայրական բնազդը ներդնող, ազնիվ տեսակը շատանա բոլոր ոլորտներում, հատկապես` կառավարման շրջանակներում, ապա Հայաստանում էլ կարող ենք ակնկալել ինչ-որ փոփոխություններ, բայց այդ ամենն այսօր չկա:

ՀՅԴ խմբակցության պատագամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ խորհրդարանում կանանց ներգրավվածության առումով 108-րդ տեղում ենք աշխարհում, իսկ գործադիր մարմնում ներգրավվածության առումով` 96-րդում: 2009 թ.-ին էլ, ըստ սեռերի իրավահավասարության սանդղակի, 96-րդն էինք:

«Մենք արական քաղաքական մշակույթի միջավայրում ենք ապրում, որտեղ կանանց իրավունքները թեեւ սահմանադրորեն ամրագրված են, սակայն փաստացիորեն դա չունենք: Շահում է այն հասարակությունը, որն իրապես օգտագործում է կնոջ պոտենցիալը: Կան մի շարք գիտական ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ օրենսդիր մարմնում կանանց նվազագույնը 30 տոկոս ներգրավվածությունն է թույլ տալիս ունենալ այնպիսի օրենսդրություն, որում պաշտպանված են բոլոր սեռերի իրավունքները, եւ կա խոհեմության կոնսենսուս, ու կնոջ ձայնն էլ հասանելի է եւ որակյալ»,- ասաց Լ.Գալստյանն ու հայտնեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է Ընտրական օրենսգրքում փոփոխություն անել. կանանց ներգրավվածությունը ընտրական ցուցակներում 15-ից հասցնել 30-ի:

«Հայ կնոջ կերպարը, խորհուրդը ավանդաբար խաթարված չի եղել, բայց մենք 21-րդ դարում ենք, եւ սոցիալական դերակատարությունների կողքին խելամիտ երկիրը կնոջ առաջ հնարավորությունների դաշտ է բացում»,- շեշտեց ՀՅԴ-ական պատգամավորը: Նա, սակայն, նշեց, որ ինքն անձնապես չունի այդ խնդիրը. «ԱԺ-ում 16 դաշնակցականներից 3-ը կանայք են, բայց դա չի նշանակում, որ ես իմ ձայնը չպիտի բարձրացնեմ այն կանանց անունից, որոնք ունեն ասելիք, մեծ հնարավորություններ, բայց ներկուսակցական դիկտատուրայի պատճառով գործիք են դառնում ցանկերում 15-20 տոկոս լրացնելու համար: Օրինակ` Ֆինլանդիայում եւ Նորվեգիայում հավասարության մասին օրենք կա, բայց ոչ թե մեխանիկական հավասարության, այլ սեռերի հավասարակշռված ներկայացվածության»:

ԱԺ-ի կին փոխխոսնակի` Արեւիկ Պետրոսյանի հրաժարականի առիթով երկու բանախոսներն էլ ափսոսանք հայտնեցին: «Շատ եմ ցավում ոչ թե նրա համար, որ խախտեցինք գենդերային հավասարակշռությունը, այլ այն կարծիքին եմ, որ տիկին Պետրոսյանը բանիմաց էր: Բայց դա ներկուսակցական որոշում էր, որը պարտադիր չէ, որ մենք կիսենք»,- ասաց Լ. Գալստյանը:

Ա. Բախշյանն ավելի կտրուկ արտահայտվեց. «Կոալիցիան իր ներքին գզվռտոցը լուծեց կնոջ հաշվին, եւ ինքս բոլորովին չեմ ողջունում այդ քայլը: Արեւիկ Պետրոսյանը բավական գրագետ եւ կոմպետենտ անձ էր»:

Վերջին շրջանում վարչապետի ցուցումները ֆինանսների, գյուղատնտեսության, առողջապահության եւ  կրթության ոլորտներում հեռացումների մասին կին պատգամավորները ընդունում են ոչ միանշանակ:

«Կրթության եւ առողջապահության բնագավառում կանայք բավական ներկայացված են, բայց դուք գիտեք, թե որտեղ: Նրանք հիմնականում դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ են: Նրանք հրաշալի գործիք են դառնում այս իշխանության ձեռքին,- ասաց Անահիտ Բախշյանը,- դուք ինձանից լավ գիտեք, որ հասարակության մեջ կինը որպես կաշառակեր չի ընկալվում: Կաշառակերը մեզ մոտ տղամարդն է. եւ ոչ միայն փող տալու-վերցնելու, այլեւ պաշտոն գրավելու եւ այն ծայրից ծայր օգտագործելու համար: Ինձ համար ամենատխուրը վարչապետի հայտարարությունն էր. 10 օրում բերել ինչ-որ ծրագիր: Ես ընդամենը հիշեցնեմ, որ Կառավարությունը 118 էջանոց հակակոռուպցիոն ծրագիր ունի, ու ոչ մի էջը չի օգնում, հետեւաբար 10 օրում ի՞նչ պիտի գրեն նախարարները: Սկսենք խոսել կոռուպցիայից քաղաքական կուսակցությունների մեջ: Ինչու՞ մեր «Հայլուրն» ու մնացածները ցույց են տալիս, թե ինչպես են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն անվճար բժշկական օգնություն ցույց տալիս: Մի հարցրեք` էդ որտեղի՞ց, ու՞մ հաշվին, էդ ու՞մ փողերն են, մե՞ր…»:

Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ կոռուպցիայի դեպքում հասարակության կին եւ տղամարդ հատվածները հավասարապես պատասխանատու են դրա դեմ պայքարի համար. «Կինը այդ հասարակության մի մասնիկն է, որը շատ հաճախ հանդուրժող է: Պիտի հասարակությունը իր երկու սեռերով էլ անհանդուրժողականություն դրսեւորի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter