HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ ամեն անգամ փրկում էինք մի զինվորի կյանք, ասում էի՝ մի մամայի աչքի լույս բերեցինք»

44-օրյա պատերազմի ընթացքում 25-ամյա Սոֆի Սիմոնյանը Հադրութ մեկնած ամենաերիտասարդ բուժքույրն էր: Նա մեկնել էր՝ տնեցիներին չասելով, որ գնում է պատերազմի թեժ կետերից մեկը:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան բուժքույր Սոֆի Սիմոնյանը սովորականի պես հերթապահության էր գնացել «Տոնոյան» բժշկական կենտրոն: Վիրաբույժներից մեկը զանգել էր՝ ասելով, որ արագ բժշկական պարագաներ պատրաստեն: Երբ հարցրել էր, թե ինչ է եղել, պատասխանել էր՝ կռիվ է սկսվել: Սոֆին ժպտում է, բայց դրա մեջ տխրություն կա, հետո մի պահ դադար է տալիս, ապա շարունակում, որ ինչ հնարավոր եւ անհնար էր, հավաքեցին, տեղավորեցին արկղերի մեջ:

«Ես պատերազմ չեմ տեսել, պատերազմի մասին միայն լսել էի»,- ասում է նա: Սոֆին երբեք չէր էլ մտածի, որ պատերազմի դեմքը կտեսներ շատ մոտիկից:

Բուժանձնակազմի մի մասին ռազմաճակատ ճանապարհելուց խնդրել էին, որ իրենց էլ տանեն: Սոֆիին հարցրել էին, թե տնեցիները գիտեն արդյոք, որ ուզում է գալ, ասել էր՝ կգնա, հետո կասի: Բայց նրան չէին ընդգրկել ռազմաճակատ մեկնող խմբի մեջ:

Հերթապահության հաջորդ օրը տուն էր գնացել, սակայն հետո բուժքույրերի պակաս էր զգացվել, զանգել էին՝ ասելով, որ վիրահատարանի բուժքույր է պետք: Սեպտեմբերի 29-ին Սոֆին բուժանձնակազմի հետ մեկնել է Արցախ:

-Իսկ տանն ասեցիք՞, որ գնում եք:

-Չէ, իսկ ո՞վ կթողներ,- պատասխանում է նա: Զրույցի այս հատվածը միակն է, երբ Սոֆին արտասվում է, ապա արագ մաքրում աչքերն ու դարձյալ ժպտում: Դա նման է արեւոտ օրվան, երբ հանկարծ մի պահ անձրեւում է, եւ նորից դուրս է գալիս արեւը: Սոֆիի տնեցիները մինչեւ վերջերս էլ չգիտեին նրա՝ Արցախ մեկնելու մասին, ասել էր, թե Գորիս է գնում, ամեն ինչ լավ է եւ չի կարող զանգել: Ասում է՝ եթե իմանային, չէին թողնի, իսկ ինքը չէր ուզում, որ տանն անհանգստանային:

-Ինչի՞ որոշեցիք գնալ,- դիմում եմ նրան:

-Ինձ ոչ ոք չէր ստիպում գնալ, ոչ մեկը չէր նեղանա, որ չգնայի, որովհետեւ ես էրեխա էի համարվում մնացածների համեմատ, եւ դա իմ տեղը չէր: Մեր բժիշկները նույնիսկ դեմ էին իմ գնալուն, ասում էին՝ քո տեղը չէ, քո տեսնելու բանը չէ: Ճանապարհին շատ սառը դարձա, որովհետեւ հասկանում էի, որ իմ ազգին, կարելի է ասել, ցեղասպանության էին ենթարկում:

Արցախում առաջին ժամերից լսվող տարօրինակ ձայները, ինչպես հետո իմացան, ԱԹՍ-ներից էին, որոնց սկսեցին հարմարվել: Ծիծաղում է, ասում է՝ գիտեին՝ առավոտյան սուրճից հետո «Սմերչն» է խփում:

«Մենք չէինք զգում, թե սոված ենք, հոգնած ենք, որովհետեւ Տոնոյանը (նկատի ունի ԲԿ-ի ղեկավար, բժիշկ Տարոն Տոնոյանին) մեզ հանձնարարական էր տվել, որ հեսա կբերեն վիրավորներին։ Նախ բոլոր բժիշկները, որոնք տարիքով մեծ էին, անընդհատ ասում էին՝ Սոֆա, գիտես չէ՞, որ ամեն ինչ կարաս տեսնես, ասում էի՝ հա, նորմալ ա, կդիմանամ, ու դիմացա, որովհետեւ ժամանակ չկար, որ վախենայինք»,- նշում է բուժքույրը:

Սոֆին ժպտում է, ասում է՝ երբ առաջին վիրավորներին բերեցին, մի ուրիշ հոգատարություն էր, որովհետեւ չնայած հարազատ չէին, բայց գիտեիր, որ քո եղբայրներն են: Օրեցօր վիրավորների քանակը շատանում էր, վիրավորումների տեսակները՝ ծանրանում:

-Մտածում էի՝ մի բան անենք, որ էս էրեխեուն փրկենք, մի ծնողի լույս բերենք։ Ամեն անգամ, երբ զինվորի աչք էի փակում, ասում էի՝ հիմա էս ծնողը ի՞նչ է զգալու․․․ Եղել են դեպքեր, երբ բժիշկները մի քանի ժամ վիրահատել են, բայց չի հաջողվել փրկել կյանքը, որովհետեւ վիրավորումների տեսակները բարդ են եղել: Բայց երբ ամեն անգամ փրկում էինք մի զինվորի կյանք, ասում էի՝ մի մամայի աչքի լույս բերեցինք, մի հատ էլ օրհնանք ստացանք: Ինչքան էլ մեզ չճանաչեն, բայց մեկ է՝ մենք էսօր ունենք զինվոր, որ մեզ հիշում է,- պատմում է զրուցակիցս:

Շատ են եղել պահերը, երբ Սոֆին արտասվելով է օգնություն ցուցաբերել: Ասում է՝ չի եղել մի դեպք, որ վախենար կամ հուզումնալից վիճակից փախներ, չօգներ: «Դեպքեր են եղել, երբ լացելով աշխատել եմ»,- նկատում է նա:

Երբ վիրավորների հոսքը շատացել էր, հոգեպես արդեն դժվար էր դիմանալը: Սոֆին Երեւան էր եկել, ապա կրկին հետ գնացել: Մինչեւ հոկտեմբերի 12-ը եղել է Ազոխում, ապա բուժանձնակազմի մի մասի հետ Երեւան վերադարձել:

Պատմում է, որ իր համար ամենածանր օրը սեպտեմբերի 30-ն էր: Այդ օրը երկու «Ուրալով» ռազմաճակատից վիրավորներ էին դուրս բերել, բոլորը՝ իրար վրա: Հոգոց է հանում, ասում է՝ տեսարանն անմարդկային էր:

Երեւան գալուց հետո էլ ձայններն ու տեսարանները դեռ երկար ժամանակ հանգիստ չէին տալիս: Երբ հարցնում եմ, թե պատերազմն ինչ վերցրեց եւ ինչ տվեց, պատասխանում է. «Պատերազմից հետո մտածում ես՝ չի կարող լինել էնպիսի բան, որ չկարողանաս հաղթահարել, որովհետեւ դա վերջն է, դրանից էն կողմ տեսնելիք ու զգալիք չկա: Վերցրեց լիքը եղբայրների կյանք եւ Ղարաբաղը, որ կարող էինք գնալ ու տեսնել: Էդ հնարավորությունն էլ վերցրեց: Իսկ տվեց մասնագիտական շատ մեծ փորձ»,- ասում է Սոֆին:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին երիտասարդ բուժքույրը լսել է վիրաբույժներից մեկից: Ասում է՝ ամոթ էր զգում, ափսոսանք, հետո մի դադար է տալիս, ավելացնում՝ ավելի շատ ամոթ:

Սոֆին ասում է՝ եթե նորից պատերազմ լինի, ինքը հաստատ կգնա, այս անգամ արդեն մասնագիտական մեծ փորձով: 44-օրյա պատերազմից հետո մտածում էր ուրիշ երկրներ գնալ նման առաքելությամբ, որովհետեւ, ըստ նրա, եթե քո սեփական երկրում ես կարողանում աշխատել, ապա օտարների հետ ավելի հեշտ կաշխատես:

Մեր զրույցի վերջում զրուցակիցս ասում է, որ պատերազմից հետո քիչ էր ժպտում, սկսեց ավելի կարեւոր արժեքներ գնահատել: «Բայց ես իմ ժպիտը երբեք չեմ կորցնի»,- ասում է ու նորից ժպտում:

Լուսանկարները՝ Սոֆի Սիմոնյանի անձնական արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter