HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է բերվել «Moderna» պատվաստանյութի 620 000 դեղաչափ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստան է բերվել «Moderna» տեսակի պատվաստանյութի 620 000 դեղաչափ նվիրաբերությունը,  որն արվում է Նորվեգիայի կողմից ՀՀ քաղաքացիներին «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։

Նվիրատվությունը Առողջապահության նախարարությանը հանձնեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։

«Նորվեգիան՝ «Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասնակիցը, մեծ ուրախությամբ նվիրաբերում է «Moderna» տեսակի պատվաստանյութ Հայաստանին։  Հույս ունենք՝  այն կօգնի Հայաստանի կառավարությանը արագացնել պատվաստումների տեղեկատվական արշավը։ Պատվաստվելը համավարակից  պաշտպանվելու,  սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու լավագույն միջոցն է»,- նշեց Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։

 «Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Հուսով ենք, որ ՀՀ քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են։ Կարծում ենք՝  այսպիսով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիությունը քաղաքացիներին կշարունակի ավելանալ՝ կանգնեցնելու համավարակը և պաշտպանելու ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը», - կարևորեց  ԵՄ դեսպան Վիկտորինը։ 

«Մենք շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առատաձեռն նվիրաբերության համար, հատկապես՝ Հայաստանի համար այս ծայրահեղ ծանր շրջանում։ Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք ավելի մեծացնել բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնել ծածկույթը ամբողջ Հայաստանի տարածքում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը», - նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նորվեգիան «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմ»-ի  մասնակից պետություն է և, հետևաբար, գործում է Եվրոպական միության և նրա անդամ երկրների նախաձեռնության ներքո՝ միավորելով նրանց ջանքերը ԵՄ կառույցների և ԵՄ անդամ պետությունների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter