HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների II փուլում 20 համայնքներից հաղթել է 19-ում

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի օրը՝ հոկտեմբերի 31-ին, ավարտել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության հաշվարկը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին։ Ընտրությունների արդյունքներով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է 20 համայնքներից 19-ում, այդ թվում հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում։

Միայն Վրաստանի արևմուտքում գտնվող Ծալենջիխա համայնքում է հաղթել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գիորգի Խարչիլավան։ ԿԸՀ տվյալներով՝ Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ստացել է ձայների 55,6 %-ը, իսկ նրա մրցակից Նիկանոր Մելիան՝ 44,4 %, որը դարձյալ ներկայացնում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Ռուսթավիում հաղթել է Նինո Լացաբիձեն, Բաթումում՝ Արչիլ Չիկովանին, Քութայիսում՝ Իոսեբ Խախալեիշվիլին, իսկ Փոթիում՝ Բեկա Վաչարաձեն։ 

Ընտրություններում երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 49,09 %-ը։ Վրացական ընդդիմությունը արդեն իսկ հայտարարել է ընտրակեղծիքների մասին և հրաժարվել ճանաչել երկրորդ փուլի արդյունքները։ Նիկանոր Մելիան կոչ է արել «ոչկոմպրոմիսային պայքարի»։

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների I փուլը կայացել էր այս տարվա հոկտեմբերի 2-ին։ Վրաստանի ԿԸՀ-ն, քվեաթերթիկների 100 %-ի հաշվարկից հետո, հայտարարել էր, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում, համամասնական ցուցակներով, հավաքելով ձայների 46,69 %-ը։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը հիմնադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ստացել էր ձայների 30,7 %-ը։

Քաղաքացիները պետք է ընտրեին քաղաքային և համայնքային ներկայացուցչական մարմինների անդամների և 64 համայնքների համայնքապետերի, այդ թվում՝ Թբիլիսիի։ Վրաստանում քաղաքային և համայնքային ներկայացուցչական մարմինների անդամներն ընտրվում են խառը ընտրական համակարգով` համամասնական և մեծամասնական։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին այդ ժամանակ մասնակցել էր 43 կուսակցություն։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրատեղամասերի փակման պահին մասնակցությունը կազմել էր 51,92 %։

Վրաստանի 20 համայնքներում ընտրությունների երկրորդ փուլ անցկացվեց այն պատճառով, որ թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել 50 %-ի շեմը։ 

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter