
Հայաստանի համախառն արտաքին պարտքն ավելացել է՝ դառնալով 14 մլրդ դոլար. ամենամեծ աճը ԵԱՏՄ-ում
2021թ հուլիսի 1-ին նախորդ տարվա համեմատ Եվրասիական տնտեսական միության համախառն արտաքին պարտքը նվազել է 0,3%-ով կամ 2,2 մլրդ դոլարով։ Ընդհանուր առմամբ`այն կազմում է մոտ 704 մլրդ դոլար։
Համախառն արտաքին պարտքը (կրճատ՝ ՀԱՊ) որոշակի ամսաթվի դրությամբ բոլոր առկա պարտավորությունների գծով պարտքի ընդհանուր գումարն է, որոնք պետք է վճարեն պարտապանները և որոնք երկրի տնտեսության ռեզիդենտների պարտավորություններն են ոչ ռեզիդենտների նկատմամբ:
Նվազումը մեծամասամբ տեղի է ունեցել Ռուսաստանի հաշվին. այնտեղ ՀԱՊ կրճատվել է 2,3%-ով։ Իսկ ԵԱՏՄ մնացած բոլոր երկրներում գրանցվել է համախառն արտաքին պարտքի աճ։ Ամենաշատ աճը գրանցվել է Հայաստանում՝ 11,9%, ամենաքիչը՝ Ղրղզստանում՝ 1,5%։
Համախառն արտաքին պարտքի բաշխվածությունն` ըստ սեգմենտների ԵԱՏՄ երկրներում տարբեր է։ Հայաստանում (6,3 մլրդ դոլար), Բելառուսում և Ղրղզստանում գերակշռում է պետական կառավարման մարմինների պարտքը, Ղազախստան՝ ուղղակի ներդրումներից պարտքը, Ռուսաստանում՝ այլ սեկտորների պարտքը։
Հայաստանի համախառն արտաքին պարտքը 2021թ հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 14 մլրդ դոլար (որից մոտ 9 մլրդ դոլարը պետական պարտքն է՝ 6,6 մլրդ՝ արտաքին, 2,3 մլրդ՝ ներքին պարտք), ամենաքիչը Ղրղզստանինն է՝ 8,7 մլրդ դոլար։
Հայաստանում ՀԱՊ աճի ամենաբարձր տեմպերը նկատվել են այլ սեկտորում՝ 155,7% ( կազմում է 1,897 մլրդ դոլար՝ 2021թ հուլիսի 1-դրությամբ), Բելառուսում՝ բանկային սեկտորում 108,5%, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ դրամավարկային կարգավորման մարմիններում՝ համապատասխանաբար 104,5% և 136,4%։
Պետական պարտքը երկրի արտաքին և ներքին պետական պարտքերի գումարն է։
Արտաքին պետական պարտքը պետության բոլոր պարտավորություններն են օտարերկրյա պետությունների, քաղաքացիների, իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպությունների նկատմամբ։
Ներքին պետական պարտքը պետության պարտավորությունն է իր քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ։
Միևնույն ժամանակ, արտաքին պարտքի բարձր ծածկույթ միջազգային պահուստներով ապահովում է միայն Ռուսաստանը։
ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում այս ցուցանիշը տատանվում է 17,5%-ից (Բելառուսում) 30,2%-ի (Ղրղզստանում) սահմաններում:
Հայասստանում, օրինակ, այդ ցուցանիշը կազմում է 22,2%։
Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա համեմատ 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ միջազգային պահուստները արտաքին պարտքի համեմատ տոկային հարաբերությամբ աճել են ԵԱՏՄ բոլոր երկրներում, բացի Բելառուսից։
Մեկնաբանել