HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտության ոլորտում փոփոխություններ են սպասվում․ աշխատավարձերը կբարձրանան, օպտիմալացումներ, միավորումներ կլինեն

2022 թ․ հունվարից նախատեսվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Սա որոշակի մտահոգությունների տեղիք է տվել գիտական համայնքում, քանի որ կարծիքներ կան, թե այդպիսով աշխատակիցների են կրճատելու, ինստիտուտներ են օպտիմալացնելու կամ միավորելու։

Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը «Հետքի» հետ զրույցում վստահեցնում է, որ աշխատակիցների կրճատում չի լինելու, սակայն ոլորտի արդյունավետությանն ուղղված մի շարք քայլեր են արվելու։ Նա նշում է, որ նախատեսվում է ինստիտուտների օպտիմալացում, միավորում, ինչը որեւէ առնչություն չունի աշխատավարձերի բարձրացման հետ։

«Օպտիմալացում ասելով՝ նկատի ունենք գիտական գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելը։ Այսինքն՝ նույն ներդրումների պարագայում ավելի մեծ արդյունք գրանցելը։ Դրա համար երբեմն անհրաժեշտ է միավորել մի քանի խմբեր մեկ միավորի մեջ։ Կարող են լինել մի քանի լաբորատորիաներ կամ ինստիտուտների միավորներ»,- ասում է Արթուր Իշխանյանը, ապա շարունակում, որ այդ միավորումները թելադրված պետք է լինեն առաջադրված խնդիրներով։ «Ենթադրենք, որոշում ենք մեր երկրի գերակայությունները, եւ դիցուք, այդտեղ մտնում է, օրինակ, կենսատեխնոլոգիան, հնարավոր է՝ այդ ոլորտում գործող ինչ-որ միավորներ կամ լաբորատորիաներ միավորվեն մեկ ընդհանուր գերազանցություն կենտրոնի մեջ։ Ինչո՞վ է պայմանավորված միավորման անհրաժեշտությունը, որովհետեւ կարող են գտնվել սարքեր, որոնք կօտագործվեն բոլորի կողմից»,- նշում է նա՝ նկատելով, թե, ասենք, երեք լաբորատորիաների միավորման դեպքում հարկ կլինի ոչ թե երեք առանձին սարք գնել, այլ մեկ։ Ըստ Իշխանյանի՝ նպատակ կա լրջորեն վերազինել գիտական ինստիտուտների ենթակառուցվածքները։ Զրուցակցիս խոսքով՝ դրա համար կառավարությունը նախատեսել է լուրջ ֆինանսներ, սակայն, միեւնույնն է՝ ամբողջ ոլորտի վերազինման համար բավարար չէ, ինչի համար պետք է շարունակեն պայքարել։

Արթուր Իշխայանի խոսքով՝ այս պահին դժվար է խոսել օպտիմալացման կամ միավորման ժամկետների մասին։ Դեռեւս նախապատրաստական փուլում են, ուսումնասիրություններ են արվում։ Հաջորդ տարվանից, հավանաբար, ինչ-որ քայլեր արվելու են այդ ուղղությամբ։ Գործընթացը բավական երկար է լինելու, քանի որ, ըստ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի, ուսումնասիրվում են հարակից թեմաները, խմբերի հնարավորությունները, միաժամանակ ձեւավորվում են ավելի մեծ ու հավակնոտ խնդիրներ։

Առաջիկա տարիներին ակադեմիան մտադիր է փոփոխություններ անել ամբողջ ոլորտում։ Իշխանյաննն ընդգծում է՝ լինելու է գիտական ուղղությունների վերանայում։ Դրա համար մեր երկիրը, ըստ նրա, դեռ պետք է որոշի իր գերակայությունները, եւ գիտության ամեն ոլորտ չի կարող համարվել գերակա։ Ոչ մի երկիր, ըստ «Հետքի» զրուցակցի, նույնիսկ ԱՄՆ-ն ու Չինաստանը, ընդունակ չեն բոլոր ուղղությունները գերակա հայտարարել։ Նա նշում է, թե ակնհայտ է, որ մեր երկրի համար գերակայություն պետք է լինի հայագիտությունը, կենսատեխնոլոգիաները՝ պանդեմիաներով, 21-րդ դարի մարտահրավերներով պայմանավորված, երկակի ռազմական նշանակության մշակումները, ինչը կրկին ցույց տվեց 44–օրյա պատերազմը։ Սակայն կառավարությունը դեռեւս չի հաստատել գերակայությունները։

Առաջիկայում սպասվող քայլերից մեկը Հայաստանում գիտության հանրայացնումն է։ Ա․ Իշխանյանի կարծիքով՝ աշխարհի բոլոր ակադեմիաները, բացառությամբ նախկին ԽՍՀՄ երկրների ակադեմիաների, զբաղվում են դրանով։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ Առաջինն այն էր, որ ԽՍՀՄ-ն ինքն էր զբաղվում այդ խնդրով ու, ըստ Իշխանյանի, բեռը չէր թողնում ակադեմիայի ուսերին։ «Հիմա անհրաժեշտ է, որ գիտության ոլորտը գրավիչ դարձնելու համար ակադեմիան զբաղվի գիտության հանրայնացմամբ։ Առավելեւս այսօրվա դրությամբ ակադեմիայի գիտական ինստիտուտների եւ հանրության միջեւ կա որոշակի անջրպետ՝ հիմնականում անտեղյակության պատճառով»,- նկատում է գիտնականը՝ ավելացնելով, որ գիտական լրագրությանն է զարկ տրվելու։ Իսկ գիտության հանրայացման գործընթացն արդեն սկսել են, ինչը, ասում է, կարելի է տեսնել ԳԱԱ պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում։ Զուգահեռահաբար նաեւ գիտության կոմիտեն է որոշակի քաղաքականություն վարում՝ բոլոր մրցույթների համար պարտադիր պայման առաջադրելով գիտության հանրայնացումը։

Սպասվող փոփոխություններից մեկն էլ ակադեմիկոսների, ակադեմիայի թղթակից-անդամների ընտրություններն են, որոնք 7 տարի է՝ տեղի չեն ունենում։ ԳԱԱ կանոնադրության համաձայն՝ դրանք պետք է կազմակերպվեն 3 տարին մեկ։ Զրուցակիցս նշում է, որ դիմել, պահանջել են, որ տեղի ունենան նոր ընտրություններ, ինչը կբերի երիտասարդացման, թարմացման։

Հարցին, թե ինչպես են մտադիր լուծել գիտության ոլորտում սերնդափոխության խնդիրը, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը պատասխանում է՝ մի շարք միջոցառումների համադրությամբ։ Առաջին քայլը աշխատավարձերի բարձրացումն է, որպեսզի ոլորտը գրավիչ դառնա երիտասարդների համար։ Հաջորդ կետերից մեկը ասպիրանտական նպատակային կրթաթոշակներն են, ինչի համար գումար է հատկացված, մրցույթն արդեն անցկացվել է, կան հաղթողներ։ Վերջիններս, Արթուր Իշխանյանի փոխանցմամբ, ամսական 150 հազար դրամ կստանան՝ նախկին 50-60 հազարի փոխարեն։

Նախատեսվող քայլերից մեկը թեմատիկ ֆինանսավորմամբ գիտական խմբերին պարտադրելն է, որ իրենց կազմում ներառեն երիտասարդների։ Այդ գործընթացն, ըստ զրուցակցիս, արդեն սկսվել է, եւ կան արդյունքներ։ Այս տարի թեմաների քանակը 90-ից հասցվել է 224-ի, ինչը ենթադրում է, որ առնվազն 224 երիտասարդ կնեգրավվի ու լրացուցիչ գումար կստանա։ Սակայն գիտնականը նկատում է, որ նույնիսկ ասպիրանտական ծրագրերով ապահովելու դեպքում երիտասարդների արտահոսք կլինի ոլորտից։ Այդ դեպքում կարեւորվում է հետթեկնածուական ծրագրերի իրականացումը։ Այս ուղղությամբ, ըստ Ա․ Իշխանյանի, գիտկոմն արդեն քայլեր է ձեռնարկում։ «Հետքի» զրուցակիցը նշում է, թե դրանք պետք է լինեն այնպիսին, որ երիտասարդը թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո հնարավարություն ունենա ստաժավորում անցնել։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը եզրափակում է՝ առաջիկա փոփոխությունները շատ են, եւ միտված են ոլորտն ավելի գրավիչ ու արդյունավետ դարձնելուն։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Հազիվ թե ընթերցողիս կարծիքը որեւէ մեկը կարող է հաշվի առնել, սակայն ասենք: Բնական գիտությունների հայրը, ինչպես հայտնի է, ֆիզիկան է, որն ունի երկու հիմնական ուղղվածություն՝ տեսական ու կիրառական: Կիրառական բնագավառում ներկայումս աննախադեպ առաջընթաց է կատարվում, պայմանավորված նաեւ թվային տեխնոլոգիաների զարգացման հետ: Ինչ վերաբերվում է տեսական մասին, ապա այստեղ շատ վաղուց խոր ճգնաժամային իրավիճակ է: Ժամանակին մեծանուն Մաքս Պլանկը (եւ ուրիշ ռահվիրաներ) գիտակցել են որ իրենց սիրելի ֆիզիկան գլորվում է դեպի աբսուրդի ճահիճը: Նա դառնությամբ ասել է՝ ,,ոչինչ չենք կարող անել, պետք է սպասենք մինչեւ այս բոլոր հիմարները մահանան:,, Սակայն Պլանկն ու մյուս խելացիներն ավելի շուտ են մահացել (վշտից երեւի), իսկ հիմարներն ու չարանենգ խաբեբաները միայն բազմացել են: Հիմա տեսական ֆիզիկա ասվածը իրենից ներկայացնում է աչքակապության ու ավանտյուրայի վրա հիմնված, մի համաշխարհային բիզնես - իմպերիա: Արժե՜ ուրեմն այստեղ փող դնել: Կարծում եմ դա կլինի պարզապես ջուրը նետած միջոցներ: Ուրեմն, եթե փող պիտի հատկացվի գիտությանը, ապա միայն կիրառական, առաջնահերթ ուղղություններով: Իսկ ամենաճիշտն ու արդյունավետը կլինի ամենազարգացած երկրներից առաջադեմ մասնագետների (նաեւ սարքերի) ներգրավումը (հեծանիվը նորից չհնարելու համար): Մեր հին ու հարգելի մասնագետների թոշակներն էլ կարելի է մի քիչ ավելացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter