
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 5 միլիոնը
Աշխարհում COVID 19-ից մահացած մարդկանց թիվը գերազանցել է 5 միլիոնը։ Նոյեմբերի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ, ամերիկյան Ջոնս Հոփքինսի անվան համալսարանը, ընդհանուր առմամբ, գրանցել է 5,001,932 մահվան դեպք։
Աշխարհում, ընդհանուր առմամբ, COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 246,8 միլիոնը։ Վարակման (գրեթե 46 միլիոն) և մահացության (ավելի քան 745 հազար) ամենաբարձր ցուցանիշները բաժին են հասնում Միացյալ Նահանգներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել շարունակել ակտիվորեն գործել՝ «աշխարհի բոլոր անկյունների բնակիչներին ապահովելու խիստ անհրաժեշտ պատվաստանյութերով»։ Գուտերեշի կարծիքով՝ համավարակը հնարավոր կլինի հաղթել միասնաբար՝ ցուցաբերելով համերաշխություն։
Our world has reached another tragic milestone: 5 million lives lost to #COVID19.
— António Guterres (@antonioguterres) November 1, 2021
We must continue pushing to ensure everyone, everywhere can access urgently needed vaccines & treatments.#OnlyTogether, with solidarity, will we overcome the pandemic.
Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք։ 1641 մարդ ապաքինվել է, 51 մարդ՝ մահացել։ Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 309 397 դեպք։ Վարակվածներից 270 741-ը ապաքինվել են։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 6379 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1299 է:
Լուսանկարը՝ John Moore/Getty Images
Մեկնաբանել