HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Աշխատավարձի մոտ 100 տոկոսի չափով հավելում գլխավոր դատախազին և նրա տեղակալներին. նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի մոտ 100 տոկոսի չափով հավելում վճարել գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Կառավարության այս որոշման նախագիծը արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով՝ առաջարկվում է սահմանել առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև այդ պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված՝ տրվող հավելումների չափն ու կարգը։

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հավելվածի համաձայն՝ որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա երեք տեղակալների, այդ թվում՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալների, ինչպես նաև գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնները։

Հիշեցնենք, որ պաշտոնյաների վարձատրության կարգն ու չափը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Աշխատավարձի չափը կազմում է պաշտոնի համար սահմանված գործակցի և տվյալ տարվա բազային աշխատավարձի բազմապատիկը։ Հայաստանում բազային աշխատավարձը 66 140 դրամ է։ Գլխավոր դատախազի պաշտոնային գործակիցը 15 է, իսկ տեղակալներինը՝ 11։ Օրինակ՝ գլխավոր՝ դատախազի ամսական աշխատավարձի չափը հասկանալու համար անհրաժեշտ է 66 140-ը բազմապատկել 15-ով, ստացվում է 992 100 դրամ՝ ներառյալ հարկերը։ 

Արդարադատության նախարարության առաջարկով՝ նախատեսվում է վերը նշված պաշտոնյաներին տրվող հավելումների չափը գլխավոր դատախազի դեպքում հաշվարկել պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 95% ավելացումով, գլխավոր դատախազի տեղակալի և Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների դեպքում՝ 100%-ով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի դեպքում՝ 90%-ով, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի դեպքում՝ 120% ավելացումով։

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի սահմանմամբ՝ հավելումը ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումն է։

Ըստ նախագծի այս հավելումները վճարվելու են հիմնական աշխատավարձի հետ միասին` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարբերականությամբ և ժամկետում, այսինքն՝ ամսական առնվազն մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա յոթերորդ աշխատանքային օրը:

Հարկ է նշել, որ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծում հիմնավորումը բացակայում է։

Նշենք նաև, որ ուժի մեջ մտնելու համար այս օրինագիծը պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Լրացում, 15։00․ ավելի ուշ, արդադարադտության նախարարությունը հրապարակեց նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով սոցիալական երաշխիքների սահմանմամբ, և այդ համատեքստում, ըստ նախարարության, կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: 

Ըստ հիմնավորման՝ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 144 միլիոն դրամ։

Լուսանկարում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter