HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ր գումարտակները չներկայացան Սղնախի օպերացիային․ Գրիգորի Սահակյանը մանրամասնում է

Սղնախի բեկումնային օպերացիայի տապալման հանգամանքների շուրջ «Հետք»-ն այս անգամ զրուցել է դրա կազմակերպման և իրականացման գործում դերակատարություն ունեցած պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ։

Մինչ այդ Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանն էր օպերացիայի ձախողման վերաբերյալ մեզ մանրամասներ ներկայացրել։ Նրա փոխանցած տեղեկատվության համաձայն՝ 2020 թ.-ի նոյեմբերի 6-ի օպերացիային մասնակցող միայն մեկ գումարտակ է ելման կետում եղել։ Մյուս 2 գումարտակները չեն հասել, իսկ օպերացիան չեղարկվել է։

Օպերացիայի համակարգմամբ զբաղված Գրիգորի Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գումարտակներից 2-ը Հայաստանի զորահավաքային ռեսուրսով էին ստեղծվել, 3-րդը՝ Արցախի զորահավաքային ռեսուրսից (Վանքի գումարտակը)։ Գումարտակների հրամանատարներին նախապես ներկայացվել են օպերացիայի ելման կետ հասնելու հիմնական և այլընտրանքային ուղղությունները։ Գումարտակներից մեկին պետք է դիմավորեր Ռոլանդ Այդինյանը։ Միայն այդ մի գումարտակն է ժամանակին ներկայացել ելման կետ։

«Մի գումարտակին պետք է դիմավորեի ես՝ անձամբ։ Ես էլ այդ գումարտակը պետք է տանեի այդտեղ («Մազի» կամուրջի մոտ)։ Մյուս գումարտակի հրամանատարը տեղացի էր, և ինքը պատկերացնում էր, թե ուր պետք է գնա»,- ասաց Գրիգորի Սահակյանը և շարունակեց, որ նախանշված ժամին ինքը սպասել է 2-րդ գումարտակին, սակայն գումարտակի հրամանատարը կապի դուրս չի եկել։ Իրավիճակի մասին Գրիգորի Սահակյանը զեկուցել է Սամվել Բաբայանին։ Դրանից հետո գնացել է այդ գումարտակին ընդառաջ։ Ստեփանակերտից 5 կմ հեռավորության վրա հանդիպել է զորքին։ Գումարտակի փոխգնդապետ հրամանատարը Գրիգորի Սահակյանին հայտնել է, որ հրետակոծության պատճառով տեղ չեն հասել։

Այլընտրանքային ճանապարհի մասին հիշեցումից հետո գումարտակի հրամանատարն ասել է, որ հրետակոծությամբ պայմանավորված՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այնպիսին է, որ այլընտանքային ճանապարհով գնալուց առաջ պետք է աշխատանք տարվի զորքի հետ։

Այդ մասին Գրիգորի Սահակյանը տեղեկացրել է Սամվել Բաբայանին, նա էլ իր հերթին պետք է խոսեր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շատ չանցած՝ Սամվել Բաբայանը Գրիգորի Սահակյանին հրավիրել է իր մոտ։ Գրիգորի Սահակյանը գումարտակին հանձնարարել է այլընտրանքային ճանապարհով առաջանալ դեպի ելման կետ։ Երբ Գրիգորի Սահակյանը հանդիպել է Սամվել Բաբայանին, որոշվել է Սղնախի օպերացիան չեղարկել, քանի որ պահն արդեն բաց էր թողնված։

Խոսելով 3-րդ գումարտակի մասին՝ Գրիգորի Սահակյանն ասաց, որ այդ գումարտակի մոտ ավելի վաղ է խնդիր առաջացել՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում։ «Վանքի» գումարտակ անունը ստացած զորամիավորումը 1 շաբաթ մարտական վարժանքների է մասնակցել։ Այդ և 2-րդ գումարտակը միասին ստեղծվել են ՊԲ-ի սանիտարական հաստիքների հիման վրա։ Երկու գումարտակն էլ մարտական հերթապահություն են իրականացրել 6-րդ և 7-րդ պաշտպանական շրջաններում։ «Վանքի» գումարտակին մարտական հերթապահությունից հանել են և մեկ օր անց փորձել ներգրավվել Սղնախի օպերացիայի մեջ։ Հրամանատարը Գրիգորի Սահակյանին զեկուցել է, որ անձնակազմը հոգնած է, և պետք է նրանց հետ որոշ աշխատանք տանել։ Հետագայում, ըստ Գրիգորի Սահակյանի, 3-րդ գումարտակի հրամանատարը Արայիկ Հարությունյանի հետ է կապ հաստատել։ Սկզբում որոշել են այլ գումարտակով փոխարինել այդ զորքը, սակայն այդ գումարտակն էլ չէր կարող հանպատրաստից ներգրավվել Սղնախի օպերացիային։ Որոշվել է ձեռնպահ մնալ փոխատեղությունից։

Մեր դիտարկմանը, թե Շահեն Մեղրյանի անվան ջոկատի հրամանատար Ռոլանդ Այդինյանը կապ ունի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ ինքը կապված է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հետ, Ռոլանդ Այդինյանն ասում է, որ 1-ին գումարտակը եկել է, 2-րդը՝ ոչ, ինքն ասում է՝ 2-րդի մոտ խնդիրներ են առաջացել, իսկ 3-րդ գումարտակի տեղակայման վայրի փոփոխման հարցն անհասկանալի է, Գրիգորի Սահակյանն արձագանքեց․ «Ռոլանդ Այդինյանն իր ելույթում բազմիցս ասել է, որ կարգադրություններ, ցուցումներ ստացել է նախագահից։ «Վանքի» գումարտակը, որ չի եկել, զեկուցել է նախագահին։ Ինձ գոնե պետք է ասեր, ես իմ հերթին Սամվել Բաբայանին կասեի՝ գալիս են, թե՞ չեն գալիս։ Որովհետև մինչև վերջին պահը ես ինֆորմացիա չունեի, որ այդ գումարտակում ամեն ինչ նորմալ է, և իրենք մասնակցում են, ու ես մինչև վերջին պահը գիտեի, որ մենք երկու գումարտակում խնդիր ունեինք։ Իսկ ինչո՞ւ է 3-րդ գումարտակի հրամանատարը զանգել, զեկուցել նախագահին, կարծում եմ, որ դա արդեն հետաքննության նյութերով պետք է պարզվի»։

Երկու գումարտակների՝ ելման կետ չգալու պատճառով չեղարկվել է Սղնախի օպերացիան, որը կարող էր բեկում մտցնել պատերազմում։ Օպերացիայի տապալման հանգամանքները պարզելու նպատակով քրեական գործ է հարուցվել։ Գրիգորի Սահակյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ (2)

Շուրա
Դուք ձեր հրամանատարներով պղտորել եք Վանքի տղաների մարտական ուղին։ Ես մասնակցելով Սխնախի օպերացիաին Շոշ գյուղի բնագծով,մեր դիրքեր գտնվում են ներկայիս ՊԲ ի վերահսկողության տակ։ Երբեք չեմ հանդիպել այդքան բայցերով գործողության, բոլոր կարծես մոռացել են իրականությունը։
Գայանե Գևորգյան
Չափազանց կարևոր աշխատանք եք տանում հիմա, որը հետագայում շատ ավելի օգտակար է լինելու, երբ պատասխանատվության ժամանակը գա։ Միայն մեկ դիտարկում՝ ուշադրություն դարձրեք նյութում տեղադրված վիդեոների/ հարցազրույցների ձայնային որակին։ Հետքի աշխատակազմին մաղթում եմ համբերություն, կամք և ուժ՝ բացահայտումների այս երկար ու խոտոր ճանապարհին։ Բոլոր կեղծարարները, ստախոսները, դավադիրներն ու դասալիքները, անհայրենիք սրիկաները ջրի երես դուրս պիտի բերվեն վաղ թե ուշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter