HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՊՆ-ն տեղեկատվություն չունի դատարկ ինքնաթիռով հնարավոր բերված դիակների և մասունքների վերաբերյալ

Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չունի, թե արդյոք 2021 թվականի ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակներ կամ մասունքներ։ Այդ մասին պաշտպանական գերատեսչությունը հայտնել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։

2021 թվականի ապրիլի 8-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Բաքվից Երևան է ժամանում ռուսական խաղաղապահ առաքելության ինքնաթիռը, որը Հայաստան է տեղափոխում գերիների հերթական խմբին։ Լուրը նույնիսկ հաստատել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ինքնաթիռը դատարկ է վերադարձել, իսկ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտարարեց, որ գերիների վերադարձի շուրջ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ պնդելով, թե «կեղծ պրովոկացիա էր: Նրանք (խմբ. Հայաստանի իշխանությունները) թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»։

Ավելի ուշ, Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, թե գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված էր մեկնաբանության մեջ։

Հաջորդած ամիսների ընթացքում որոշ լրատվամիջոցներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռով իրականում բերվել են զոհված զինծառայողների դիակներ և մասունքներ։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով ի սկզբանե հարցում էինք ուղարկել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։ 

Հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է փոխվարչապետ Պապիկյանի գրասենյակի ղեկավար Համլետ Բատիկյանի անունով, նշվում էր, որ «անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարությանը»։ 

Ավելի վաղ, Կառավարությանն ուղարկված մեկ այլ հարցման մեջ խնդրել էինք տրամադրել Հայաստանում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովների ցանկը։ Ըստ պատասխանի՝ Հայաստանում այդ հարցով զբաղվում է 3 հանձնաժողով, որոնցից առաջինը՝ Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, վարչապետի հրամանով, ստեղծվել է 2018 թվականին։ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում տեղադրված թիվ 1535-Ա որոշման մեջ նշված է, որ այն գլխավորում է Պաշտպանության նախարարը։ 

Երկրորդը միջգերատեսչական աշխատանքային խումբ է, որն զբաղվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների դիակների, գերիների և անհայտ կորած անձանց հայտնաբերման և վերադարձի հետ կապված աշխատանքների համակարգմամբ։ Այն ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից ուղիղ մեկ ամիս անց։ Չնայած թիվ 1343-Ա որոշման մեջ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված Տիգրան Ավինյանը, վերջինիս փոխարինած Սուրեն Պապիկյանի մասով չկա վարչապետի որոշում, որով նա կփոխարիներ Ավինյանին։

Երրորդ հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Պաշտպանության նախարարի հրամանով, որն զբաղվում է «գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և կամավորական անձանց վերաբերյալ տվյալների ճշտման և հավաքագրման, ինչպես նաև զինծառայողների հարազատների կողմից բարձրացված հարցերին պատասխանելու գործընթացը մեկ պատուհանի սկզբունքով կազմակերպման հարցերով»։

Հակասականն այստեղ այն է, որ նույն հարցման մեջ Կառավարությունն նշում է, թե «գերիների հետ կապված հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են վարչապետի գլխավորությամբ»։ Այստեղ, հավանաբար, Կառավարությունն ի նկատի ունի 2018 թվականին ստեղծված հանձնաժողովը։ Հետևաբար հարց է առաջանում, եթե հանձնաժողովի աշխատանքները գլխավորում է վարչապետը, փոխվարչապետի գրասենյակն ինչու է առաջարկում դիմել Պաշտպանության նախարարությանը և ինչու որոշման մեջ փոփոխություն չի արվում, որով կամրագրվի, որ հանձնաժողովը գլխավորում է վարչապետը, այլ ոչ՝ Պաշտպանության նախարարը։ 

Այդուհանդերձ, նույն հարցումը «Հետք»-ը ուղարկեց նաև պաշտպանական գերատեսչությանը։ Վերջինից փորձում էինք ճշտել, թե արդյոք համապատասխանում է իրականությանն այն տեղեկատվությունը, որ ապրիլի 8-ին Բաքվից Երևան են տեղափոխվել զոհված զինծառայողների դիակներ ու մասունքներ։ Եթե այո, ապա քանի դիակ, արդյոք դրանց մեջ եղել են խեղված կամ անդամահատված դիակներ։ Բացի այդ, ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք նույնականացվել են այդ բոլոր դիակները և մասունքները։ 

Մեր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հարցումն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից և համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում»։ ՊՆ պատասխանը ստորագրված էր աշխատակազմի ղեկավար Արթուր Սարգսյանի անունով։ 

Ստացվում է, որ պաշտպանական գերատեսչությունը տեղեկատվություն չունի Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռում 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված անձանց դիակների կամ մասունքների հնարավոր առկայության վերաբերյալ՝ փաստացի չհերքելով, որ նման բան կարող է լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter