HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռազմագերիները չվերադարձան, բայց այդ մասին ապատեղեկատվության պակաս չեղավ

Ապրիլի 8-ի երեկոյան Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող կայքը՝ freenews.am-ը հայտնեց, թե իր տեղեկություններով՝ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը մեկ ժամից Բաքվից կժամանի Երևանի «Էրեբունի» օդանավակայան։ Լուրը հրապարակվել էր 21։33-ին։ Factor.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հաստատել էր այս տեղեկությունը։ 

Այդ ընթացքում Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատներն արդեն իսկ հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում՝ հույս ունենալով վերադարձածների շարքում տեսնել իրենց հարազատին, սակայն հավաքվածների հույսերը չարդարացան։

22։21-ին նույն freenews.am-ը հայտնեց, Բաքվից օդանավ ժամանել է Երևան, սակայն այնտեղ ռազմագերիներ չեն եղել, տեղեկությունն էլ Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող կայքի հետ զրույցում հաստատել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։ 22։47-ին Տիգրան Ավինյանի գրասենյակը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը պաշտոնական մեկնաբանություն տվեց՝ տեղեկացնելով, որ գերիների վերադարձը հետաձգվում է։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասվում էր մեկնաբանության մեջ։

Դրանից հետո ռազմագերիների հարազատները, որոնք հավաքվել էին օդանավակայանի մոտակայքում, շարժվեցին դեպի պաշտպանության նախարարության վարչական շենք՝ հանդիպում պահանջելով պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հետ։

Այսօր՝ ապրիլի 9-ին, արդեն լուրեր տարածվեցին, թե Երևան ժամանած օդանավում իրականում եղել է ադրբեջանաթուրքական պատվիրակություն, որը պետք է զբաղվեր տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Սակայն այս տեղեկությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց։

Այսօր նաև ուշագրավ հրապարակում է ունեցել hraparak.am-ը, որի թղթակիցը Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի ավտոկայանատեղիում կարողացել է կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն վերցնել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովից։ Թղթակիցը հարցնում է՝ ինչու՞ էին Հայաստանի պաշտոնատար անձինք հայտարարում, թե ռազմագերիներ են վերադարձվում, ինչին ի պատասխան՝ Մուրադովն ասում է․ 

«Կեղծ պրովոկացիա էր, հարցրե՛ք նրանց։ Նրանք մոլորության մեջ են գցում բնակչությանը»։ 

Այնուհետև թղթակիցը հարցնում է՝ պլանավորվա՞ծ էլ չի եղել գերիների վերադարձ, Մուրադովը բացասական պատասխան է տալիս՝ նշելով, որ դա սովորական աշխատանքային այց է եղել։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել են, իսկ պատերազմից հետո ձերբակալված անձինք ռազմագերի չեն համարվում։

Մինչև օրս Ադրբեջանից վերադարձված հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ընդհանուր թիվը 69 է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter