
Փաշինյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով հետևյալը.
«ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»:
Ինչպես նշված է հաղորդագրությունում, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ կառույցը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և վերահաստատում այն ընդլայնելու պատրաստակամությունը: Նա ընդգծել է, որ ԱՄՀ-ն կշարունակի օժանդակել ՀՀ կառավարությանը դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության լավարկման, հանրային-մասնավոր ներդրումների համակարգի և գործարար միջավայրի ուժեղացման, ենթակառուցվածքների բարելավման, կրթության ոլորտի ռազմավարության իրականացման, կառավարման թափանցիկության բարձրացման, թիրախային միջոցառումների և ծրագրերի մշակման, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Մեկնաբանել