HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տարածաշրջանային համագործակցության ձեւաչափերը չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ֆորմատները. ԱԳ փոխնախարարը՝ «3+3»-ի մասին

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի ներկայացել 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հանձնաժողովային քննարկմանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել: ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանն արձագանքեց` նախարարը չի եկել տեխնիկական պատճառներով, որի համար ներկաներից ներողություն հայցեց:

Աննա Գրիգորյանն ասաց, որ տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում է տարածաշրջանային հարցերը լուծելու «3+3» ձևաչափը, մինչդեռ Հայաստանը որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտում դրա վերաբերյալ:

«Ինչո՞վ է պայմանավորված մեր` այսչափ կրավորական կեցվածքը»,- հարցրեց Աննա Գրիգորյանը: Նշենք, որ այս ձևաչափի մասին խոսել են թե' Թուրքիայի, թե' Ադրբեջանի նախագահները։ Այն ենթադրում է տարածաշրջանային երկրների` Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի կազմով ձևաչափ:

Փոխնախարար Վահե Գևորգյանն ասաց, որ վերջին շրջանում միջազգային քաղաքականությունում տարածաշրջայնացման գործընթացներ են ընթանում:

«Եթե մի ժամանակ կարող էինք գլոբալ խաղացողների հետ ապահովել մեր անվտանգությունը, հիմա թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես ի հայտ են գալիս տարածաշրջանային գլոբալ խաղացողներ, և գլոբալ խաղացողները մնում են իրենց տեղում: Եթե ավելի պատկերավոր ներկայացնենք, որոշակի եռաստիճան ձևաչափեր են ստեղծվում, այս տեսակետից կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, և 3+3-ը դրանցից մեկն է: Մեզ անհրաժեշտ է մեկ միասնական դիրքորոշում որդեգրել բոլորի հանդեպ` առանց կանխակալ լավ կամ վատ վերաբերմունք ունենալու որևէ առաջարկի նկատմամբ»,- ասաց նա:

Ըստ ԱԳ փոխնախարարի` արտաքին գերատեսչության համար առաջնայինը Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն է և վտանգների ու ռիսկերի հաշվարկումը, ուստի անհրաժեշտ է ունենալ ընդհանրական մոտեցումներ:

Ամենակարևոր ընդհանրական մոտեցումը, որ արձանագրեց ԱԳ ներկայացուցիչը, հետեւյալն է՝ տարածաշրջանային համագործակցության կազմակերպությունները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող ֆորմատները:

«Եվ այս տեսակետից մեզ համար առաջնային է, որ որևէ կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևէ որոշման մասին վաղ է խոսել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելու համար, փոխնախարարն ամենամեծ արդյունքը համարեց սեպտեմբերի 23-ին և 24-ին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահության և նախ՝ առանձին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների, ապա` նախարարների հանդիպումը Մինսկի համանախագահության միջնորդությամբ:

«Համանախագահները հանդիպումից հետո հանդես եկան հայտարարությամբ, որտեղ կրկին վերահաստատեցին, որ գործում են իրենց մանդատի շրջանակներում, որը ԼՂ հակամարտության կարգավորումն է: Այս փուլում դա շատ կարևոր արձանագրում է, մենք շարունակելու ենք մեր ջանքերն այս ուղղությամբ: Կարծում եմ` մոտ ժամանակներում կլինեն նոր հանդիպումներ, և պայմաններ կստեղծվեն խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման համար»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter