HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Հայաստանը մինչ օրս չի պատասխանել Ադրբեջանի առաջարկին»

Ադրբեջանը մի քանի առաջարկ է արել Հայաստանին, այդ թվում` սկսել աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն դրանք անպատասխան են մնացել Հայաստանի կողմից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած «Աշխարհը COVID-19-ից հետո» համաշխարհային ֆորումի ժամանակ։ Ալիևի պնդմամբ՝ իրենք մտադիր են խոսել խաղաղության, այլ ոչ պատերազմի մասին, բայց «այդ առաջարկը դեռևս անպատասխան է»։

Ադրբեջանի նախագահը դարձյալ պնդել է, որ հակամարտությունը լուծվել է։ Վերջինս Հայաստանին առաջարկել է սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, որպեսզի ապահովվի երկու երկրի տարածքային ամբողջականությունը։ «Այդ ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը ևս իր լուծումը դեռևս չի գտել»,- նշել է Ալիևը։ Վերջինս պնդում է, թե Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ցուցաբերում է առավելագույն կառուցողականություն։ «Մենք պետք է նայենք ապագային և ապահովենք այն որպես կանխատեսելի՝ պատրաստ լինելով լայնամասշտաբ համագործակցության»,- հավելել է Ալիևը։ 

Նա հայտարարել է, որ իրավիճակի հետագա զարգացումը կախված կլինի Հայաստանի դիրքորոշումից։ «Մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք պատրաստ ենք սկսել խաղաղության բանակցություններ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք ցանկանում ենք թերթել այդ էջը և որոշել սահմանները, բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա։ Կարելի է ասել, որ ամբողջ տարի նրանք լուռ էին»,- եզրափակել է Ալիևը։

Չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, այդ երկրի զինված ուժերը շարունակում են մայիս ամսվանից ապօրինաբար գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ հանելու իր զորքերը ՀՀ տարածքից, Ադրբեջանը շարունակում է չկատարել այդ պահանջը։ 

Նախօրեին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մասին խոսել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշել էր Զախարովան։ ՀՀ իշխանությունները ևս հայտարարել են, որ մտադիր են սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter