
Ադրբեջանի արտգործնախարարը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չկա, սակայն ապագայում չի բացառվում, որ նման հանդիպում կկայանա։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 4-ին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չկա տեղեկատվություն նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև որևէ հանդիպման վերաբերյալ»,- նշել է Բայրամովը։
Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, խորհրդարանում պատասխանելով իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, ևս նշել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ղեկավարների ձևաչափով հանդիպում չի սպասվում:
«Այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ: Միևնույն ժամանակ, պարբերաբար քննարկվում են տարբեր ֆորմատներով, տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար, նման հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, բայց անդրադառնալով եղած հրապարակումներին` ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում»,- նշել էր Միրզոյանը:
Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ բանակցություններից։
«Ադրբեջանական կողմը երբեք չի հրաժարվել բանակցություններից։ Մենք մշտապես արձագանքել ենք բանակցությունների կոչերին։<…> Մենք միշտ պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները՝ միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա»,- հավելել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ նոյեմբերի 9-ին ընդառաջ, երբ լրանա Արցախում մարտական գործողությունների ավարտի մեկ տարին, նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում, որի ընթացքում, ենթադրաբար, կստորագրվեն նաև որոշ փաստաթղթեր։ Ավելի ուշ, ՀՀ ԱԳՆ խոսնակը հերքել էր հանդիպման մասին լուրերը՝ այդուհանդերձ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո:
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել