HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանին:Նամակն ամբղջությամբ ներկայացնում ենք ստորև․

«20.10.2021թ.-ին բաց նամակով դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ օտարերկրյա ներդրող վստահորդիս սեփականատիրական իրավունքների ոտնահարման հարցում Աշոտ Խլղաթյանի և նրա կնոջ՝ «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի տնօրեն Սոնա Փոթիկյանի, կողմից անձամբ կամ միջնորդավորված` ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի (Ս.Ե.Հովսեփյան), «ՀԵՑ» ՓԲԸ-ի խոշոր սպառողների տնօրինության «Նաիրի ՇԷՑ»-ի պետ Արմեն Խաչատրյանի, վստահորդիս պատկանող գազալցակայանը սպասարկող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղի ղեկավարության հետ կողուպցիոն գործարքների մեջ մտած լինելու մասին:

Առ այսօր դեռևս որևէ արձագանք չեմ ստացել, սակայն, կարծում եմ, որ բաց նամակում նշված կոռուպցիոն երևույթները ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության դաշտում են, մի գուցե անգամ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքերի հետագա զարգացումները, իմ լրացուցիչ ուսումնասիրություններն ու բացահայտումները վերահաստատում և հիմնավորում են իմ կողմից նշված կոռուպցիոն հանցագործությունների փաստը:

Սույն բաց նամակով Ձեր ուշադրությունն եմ հրավիրում թիվ ԵԴ/36341/02/21 քաղաքացիական գործով դատավոր Ս.Ե.Հովսեփյանի կողմից շարունակաբար իրականացվող ապօրինություններին, քանի որ մյուսների կողմից իրականացված ապօրինությունները դատավոր Հովսեփյանի կողմից կայացված 06.10.2021թ. ապօրինի որոշմամբ «օրինականացվել» են:

Խոսքը մի դատավորի մասին է, ով արդարադատություն իրականացնելու փոխարեն, հայցվոր կողմի պատվերով մեկը մյուսի հետևից 3 ապօրինի որոշումներ է կայացրել, քաջ գիտակցելով, որ՝ այդ որոշումներն ապօրինի են և բողոքարկման ենթակա չեն:

Այդ որոշումներից 2-ի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հոդված 24.-ով սահմանված բացառիկ տարածքային ընդատության կանոնների պահանջների խախտմամբ, 01.09.2021թ. կեղծված ամսաթվով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման և հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 30.09.2021թ. թվագրված և 06.10.2021թ.-ին հրապարակված որոշման մասին նշել եմ ՀՀ վարչապետին հասցեագրված բաց նամակով:

22.10.2021թ.-ին, ծանոթանալով թիվ ԵԴ/36341/02/21 գործի նյութերին, եկա այն հիմնավոր կարծիքի, որ այդ քաղաքացիական գործի նյութերը վկայում են դատավորի և հայցվոր կողմի միջև շարունակական բնույթ կրող կոռուպցիոն գործարքի մասին: Իմ բոլոր դիտարկումները հրապարակայնորեն չեմ ներկայացնի, որպեսզի գործի նյութերում հնարավոր շտկումներ, փոփոխություններ չիրականացվեն, սակայն կներկայացնեմ  այն ինչն առերույթ է:  

Այսպես.

Եթե դատական ակտն այն կայացվելու ամսաթվից ուշացումով http://www.datalex.am/ կայքում հրապարկվելու հանգամանքն այլ դատավորների դեպքում պատճառաբանվում է՝ ծանրաբեռնվածության, անփութության հանգամանքներով, ապա՝ կոնկրետ այս գործով, դատավոր Ս. Հովսեփյանի պարագայում, դատական ակտերը դրա կայացման կեղծ ամսաթվի 5, 14, 28 օր անց հրապարակումը՝ միանգամայն այլ բանի մասին է խոսում:  Մասնավորապես, դատավոր Ս.Հովսեփյանը դատական ակտը ոչ թե՝ ուշացումով է  հրապարակում, այլ՝ հրապարակվող դատական ակտի կեղծ ամսաթվի դրությամբ դատական ակտ կայացված չի լինում, դատական ակտի ամսաթվի և դրա հրապարակմանը նախորդ օրվա ամսաթվի ժամանակահատվածում «բանակցություններ և սակարկություններ են իրականացվում»  դատավորի և հայցվոր կողմի միջև, որի արդյունքներից էլ պարզ է դառնում դատական ակտը՝ հայցվորի կողմից ներկայացված պահանջը բավարարելու, թե՝ մերժելու մասին պետք է կայացվի:

Ընդորում, որոշման ամսաթիվը դա միակ օրենսդրական պահանջն է, որը դատավորը թեկուզև  կեղծիքով, բայց՝ «չի խախտում», քանի որ եթե հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջով միջնորդություն է ներկայացվել, ապա՝ այն մեկօրյա ժամկետում պետք է քննության առնվի և որոշումը կայացվի: Եվ, եթե միջնորդությունը մասնակի/ամբողջությամբ բավարարելու որոշում է կայացվում, ապա՝ անհապաղ (նույն օրվա ամսաթվով) պետք է նաև` կատարողական թերթ տրվի:

Դատավոր Հովսեփյանը հայցի ապահովում կիրառելու որոշման ամսաթիվը նշում է՝ հենց հայցվորի կողմից ներկայացված միջնորդության օրվա՝ 06.10.2021թ., կեղծ ամսաթվով, սակայն միջնորդությունը բավարարելու որոշում կայացնելու և կատարողական թերթ տալու հարցում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդվածների պահանջները բառի բուն իմաստով ոտնահարում է:

Նախ անդրադառնամ այն հանգամանքին, թե՝ ինչպես է ստացվել, որ՝ այդ որոշումը թվագրված է՝ 06.10.2021թ., հայցվոր կողմին տրամադրվել է 19.10.2021թ.-ին, իսկ կատ. թերթը տրվել է՝ 20.10.2021թ.-ին:

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ դատավորը պատասխանող կողմի հետ է գործարքի մեջ մտել և շուրջ 14 օր ուշացումով է անհապաղ կատարման ենթակա կատ. թերթ տվել:

Չի բացառվում, որ այլ գործերով դատավորը նման քայլի էլ գնա, միևնույն է՝ երկու դեպքում էլ ՀՀ քաղ.դատ.օր. Հոդված 132.-ի 1.-ին մասի իմպերատիվ պահանջն է ոտնահարում, այն է՝ Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

Բայց այս գործով դատավորը հայցվոր կողմի հետ է գործարքի մեջ մտել և հայցվոր կողմը քաջ գիտակցել է, թե՝ կատարողական թերթն ինչու և ինչ հանգամանքներով պայմանավորված է ուշացումով տրվել ու դրա դեմ որևէ բողոք չի կարող ունենալ, քանի որ այդ ամենը ոչ թե օրենսդրական դաշտում է, այլ՝ պայմանավորվածությունների և հանդիպակաց պարտավորությունների կատարման դաշտում: Փաստական հանգամանքները հետևյալն են. հայցվոր ընկերության տնօրեն Սոնա Փոթիկյանը, հասկանալով, որ՝ դատավորի կողմից նախկինում տրված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին 30.09.2021թ.  թվագրված որոշումը (կատ.թերթը տրվել է 05.10.2021թ.) «թույլ և անպիտանի» փաստաթուղթ է՝ դրա հիման վրա չի կարող անարգել ապօրինի գործունեություն իրականացնել վստահորդիս պատկանող տարածքում, հենց այդ որոշման կատ. թերթը տալու օրը՝ 06.10.2021թ.-ին,   անձամբ՝ առանց փաստաբանի, հայցի ապահովման միջոց կիրառելու մի աննախադեպ միջնորդություն է ներկայացրել դատարան, որի բովանդակության մասին ստորև կներկայացնեմ: Կարծում եմ, որ 06.10.2021թ. այդ միջնորդությունն առանց փաստաբանի ներկայացնելն իր պատճառն է ունեցել առ այն, որ երրորդ անձ տեղյակ չլինի դրա նախնական տեքստի բովանդակության մասին: Մասնավորապես, այդ միջնորդության 4/5 և 5/5 էջերը կասկածահարույց են և հնարավոր է այն դատարան մուտք անելուց հետո փոխված լինեն, քանի որ 4/5 էջի գրառումներն առնվազն 7 տողով պակաս է և էջն անավարտ է թողնված, այն հաշվով, որ՝ 5/5 էջը, որի մեջ գրառված է միջնորդության պահանջը, առանձին էջ լինի և հնարավոր լինի հետագայում 5/5 էջը, այսինքն՝ միջնորդության պահանջը, փոփոխել:Կարծում եմ, որ փորձաքննությամբ հնարավոր է պարզել այդ հանգամանքը:

Հիմնավոր կասկածներ ունեմ նաև, որ՝ միջնորդության բավարարելու հարցով  առնվազն 8 օր «բանակցություններ են ընթացել և հայցվոր կողմն ի սկզբանե չի համաձայնվել պայմաններին, բայց դեպքերի անբարեհաջող զարգացման արդյունքում ստիպված է եղել համաձայնվել»:

Պատճառաբանեմ թե՝ նման կասկածի հիմքում ինչ փաստեր կան:

Հայցի ապահովման միջնորդությունը ներկայացնելուց 2 օր անց, երբ վստահորդս ՝ 08.10.2021թ.-ին ինձ հետ այցելու է «Նաիրի ՇԷՑ» և իրեն պատկանող տարածքի էլ.մատակարարման պայմանագիրն իր անվամբ վերակնքելու, տարածքը հոսանքազրկելու պահանջով դիմում է գրում, հենց դիմումը գրելու պահին այդ մասին անմիջապես տեղեկացվում է Աշոտ Խլղաթյանը, ով անմիջապես գալիս է «Նաիրի ՇԷՑ», պետի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերում: Բայց վստահորդիս դիմումի պահանջը կանխարգելելու նպատակով հայցի ապահովման որոշում ստանալու և ներկայացնելու համար ոչ թե՝ դատավոր Հովսեփյանի մոտ են  շտապում՝ տեղեկանալու համար, թե՝ 06.10.2021թ.-ի միջնորդության կապակցությամբ ինչ որոշում է ընդունվել, այլ՝ նույն օրը՝ 08.10.2021թ.-ին, միևնույն միջնորդության տառացի նույն պահանջով միջնորդություն են ներկայացնում վարչական դատարան՝ ոստիկանության դեմ ներկայացված հայցով թիվ ՎԴ2/0246/05/21 գործով: Դատավորը գործարքի չի գնում և 12.10.2021թ.-ի որոշմամբ մերժում է այդ անհիմն և անհեթեթ միջնորդությունը:

Հիմա հարց, եթե ծագում՝ եթե տառացի նույն պահանջով միջնորդությունը դատավոր Հովսեփյանն, իրոք, 06.10.2021թ.-ի որոշմամբ բավարարել էր, ապա ինչու է 08.10.2021թ.-ին միևնույն միջնորդությունը ներկայացվել վարչական դատարան:

Պատասխանը պարզ է՝ դատավոր Հովսեփյանը դեռևս որոշում չէր կայացրել և նրա հետ դեռևս  «ծանր բանակցություններ էր վարվում»:

12.10.2021թ.-ին նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի մասնաճյուղից են Աշոտին տեղեկացնում, որ՝ վստահորդս գնացել է իրենց մոտ և տարածքի պայմանագիրն իր անվամբ վերակնքելու, գազամատակարարումը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

13.10.2021թ.-ին, երբ, վստահորդս, զանգահարում է «Նաիրի ՇԷՑ»-ի աշխատակցին և ասում, որ՝ հաջորդ օրն առավոտյան գնալու է իրենց մոտ, «Նաիրի ՇԷՑ»-ի պետը նույն օրն այդ մասին տեղեկացնում է Աշոտին և վերջինիցս տեղեկանում է, որ վարչական դատարանը մերժել է միջնորդությունը և ստիպված  հանձնարարում է, որ՝ վստահորդիս 08.10.2021թ. դիմումը 5 օր անց մուտքագրեն:

14.10.2021թ.-ին, երբ ես ու վստահորդս գնում ենք «Նաիրի ՇԷՑ»-ի պետի մոտ, 08.10.2021թ. դիմումը 13.10.2021թ.-ին մուտքագրելու նրա ապօրինությունները ջրի երես ենք հանում, նա վրդովվում է, մեր գնալուց հետո, հավանաբար, Աշոտին հորդորում է, որ  ամեն գնով հայցի ապահովման հարցին լուծում տրվի, հակառակ դեպքում՝ տարածքի էլ.մատակարարումը կդադարեցնի:

14.10.2021թ.-ին դրությամբ Աշոտն ու Սոնան հասկանում են, որ տարածքը և՛ հոսանքազրկվելու է, և՛ գազամատակարարումն է դադարեցվելու:

Նույն օրը Սոնան, ստիպված, Երևանի դատարանի Արաբկիրի նստավայր է գնում, իբր, «06.10.2021թ. միջնորդության հիմնավորման ապացույցը»՝ «Նաիրի ՇԷՑ»-ի պետի ծանուցումն է ներկայացնում, որպեսզի այն քննարկվի 06.10.2021թ. միջնորդության հետ միասին: Դժվար չէ կռահել, որ, իրականում, նա դատարան էր գնացել դատավոր Հովսեփյանին փոխանցելու համար, որ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում կայացնելու նախապայմանների հետ համաձայն է:

Նշված հանգամանքը նաև փաստում է այն մասին, որ՝ Սոնա Փոթիկյանը տեղյակ էր, որ 06.10.2021թ. միջնորդության կապակցությամբ 14.10.2021թ.-ին որոշում առկա չի եղել:

Փաստորեն դատավոր Հովսեփյանը հայցի ապահովման միջնորդությունը ոչ թե՝ խորդակցական սենյակում է մեկօրյա ժամկետում քննարկում, այլ՝ հայցվոր կողմի հետ, տևական ժամանակ՝ մինչև վերջնական  համաձայնության գան:

Եվ ահա գալիս է գործարքի կուլմինացիոն պահը՝ 19.10.2021թ.-ին Սոնա Փոթիկյանն անձամբ «ներկայանում» է դատարան,  ստանում է 06.10.2021թ. թվագրված, սակայն իրականում՝ դատավորի հետ ձեռք բերված վերջնական համաձայնությունից հետո կայացված  հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը, որն առ այսօր տեղադրված չէ Դատալեքս կայքում:

Սոնա Փոթիկյանի կողմից անձամբ դատարան «ներկայանալու» հաջորդ օրն էլ, անհապաղ կատարման ենթակա 06.10.2021թ. որոշման հիման վրա, 14 օր անց տրվում է 20.10.2021թ. կատարողական թերթը, հետևյալ բովանդակությամբ՝

« …

  1. Արգելել պատասխանողներ ….ին և/կամ …ին ինչպես նաև իրենց կողմից լիազորված անձանց մուտք գործել մարզ Կոտայք, համայնք Եղվարդ Եղվարդ ք. Երևանյան փողոց 8 գազալցման կայան հասցե.
  2. Արգելել պատասխանողներ …ին և/կամ …ին ինչպես նաև իրենց կողմից լիազորված անձանց որևէ կերպ խոչընդոտել «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի բնականոն ձեռնարկատիրական գործունեությունը մարզ Կոտայք, համայնք Եղվարդ Եղվարդ ք. Երևանյան փողոց 8 գազալցման կայան հասցեում.
  3. Արգելել պատասխանողներ …ին և/կամ …ին մարզ Կոտայք, համայնք Եղվարդ Եղվարդ ք. Երևանյան փողոց 8 գազալցման կայան հասցեի նկատմամբ կնքել օտարման հետ կապված գրավի հետ կապված, վարձակալության կամ գույքի անհատույց օգտագործման հետ կապված գործարքներ.
  4. Արգելել պատասխանողներ …ին և/կամ …ին մարզ Կոտայք, համայնք Եղվարդ Եղվարդ ք.Երևանյան փողոց 8 գազալցման կայան հասցեի նկատմամբ կատարել գործողություններ կապված գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, ինտերնետ ծառայության մատուցման և այլ կոմունեալ ծառայությունների մատուցման դադարեցման կամ կասեցման ուղղված գործողություններ: »:

Այսինքն՝ դատավոր Հովսեփյանը կոռուպցիոն գործարքի արդյունքում վստահորդիս սեփականության իրավունքը փաստացի կասեցնելու, «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ին, առանց որևէ իրավունքի առկայության՝ ապօրինի, վստահորդիս սեփականությունը հանդիսացող տարածքում տնտեսական գործունեություն իրականացնելու արտոնություն տալու վերաբերյալ ապօրինի հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում է կայացնում:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրեմ հայցի գնի վրա առ այն, որ՝ խոսքը օրական մինչև 500$ շահույթ ապահովող, վստահորդիս պատկանող գազալցակայանն փաստացի ապօրինի շահագործելու թույլտվություն տալու մասին է:

ՀՀ քաղ.դատ. օր Հոդված 129-ի 3.-րդ մասի պահանջի համաձայն՝  Հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:

Ներկայացնեմ, թե՝ դատավոր Հովսեփյանի կողմից վարույթ ընդունված հայցադիմումն ինչ հիմքով և պահանջով է ներկայացված՝ նա ինչ գործ է քննում, որ նման բովանդակության հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումներ է կայացնում:

Այսպես.

Հակիրճ նախապատմության մասին: Վստահորդս, 22.11.2018թ.-ին գնելով ք.Եղվարդ, Երևանյան փողոց թիվ 8 հասցեի գազալցակայանը, իր քրոջ որդի Աշոտ Խլղաթյանին լիազորում է այն անձամբ շահագործել կամ երրորդ անձի հանձնել, այն հաշվով, որ ամսեկան մինչև 15000 $ եկամուտ ապահովի վստահորդիս համար և այդ նպատակով վստահորդս 2019թ. ավելի քան 103.000 $-ի ներդրում էլ է իրականացնում՝ գազալցակայանի վերազինման համար:

Իսկ Աշոտ Խլղաթյանն էլ ի սկզբանե՝ 30.11.2018թ.-ին անհատույց օգտագործման պայմանագիր է կնքում իր կնոջ՝ Սոնա Փոթիկյանի անունով հիմնադրված «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի հետ և  իր ընտանիքի անդամներով վայելում են եղած եկամուտները՝ անտեսելով վստահորդիս: 

2021թ. ամռանը, վստահորդս, գալով Հայաստան և վիճաբանելով վերջիններիս հետ ինձ հանձնարարում է 30.11.2018թ.-ի պայմանագիրը դադարեցնելու մասին ծանուցեմ:

08.07.2021թ.-ին ծանուցում եմ Սոնա Փոթիկյանին, մեկամսյա ժամկետը լրանալուց մեկ ամիս անց էլ կադաստրում 30.11.2018թ. պայմանագրից ծագող իրավունքների դադարեցման գրանցում է կատարվում, դրանից հետո դիմել ենք ոստիկանությանը՝  տարածքում ապօրինի գտնվող անձանց ներխուժումը վերացնելու պահանջով:

Ոստիկանությունը Աշոտ Խլղաթյանին մինչև 29.09.2021թ. ժամանակ է տվել և հենց 29.09.2021թ.-ին էլ դատավոր Հովսեփյանը 01.09.2021թ. ամսաթվով վարույթ է ընդունում «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի հայցադիմումը, հաջորդ օրն էլ բավարարում է 29.09.2021թ.-ին ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը:

Իսկ հայցադիմումը ներկայացված է այն հիմքով, որ՝ վստահորդիս անունից «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի հետ կնքված 30.11.2018թ. պայամանագիրը վստահորդիս հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն, ոչ թե՝ անորոշ ժամկետով է կնքված, այլ՝ «երկարաժամկետ» և, հետևաբար՝ անորոշ ժամկետով կնքված անշարժ գույքի անհայտույց օգտագործման պայմանագիրը լուծելու ծանուցումը ոչ իրավաչափ է, կողմերի միջև որևէ վեճ կամ անհամաձայնություն չի եղել, իսկ ծանուցման մեջ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:  Եվա ահա իրավական մտքի այդ  «մտքի գոհարներ»-ի հիման վրա էլ խնդրել են 30.11.2018թ. պայմանագրի դադարեցման ծանուցումը ոչ իրավաչափ ճանաչել: 

Սա է այդ շինծու հայցի էությունը, իսկ դատավոր Հովսեփյանն այն ապօրինաբար վարույթ ընդունելուց հետո ավելի քան 2 ամիս է դատական նիստ էլ չի հրավիրում, քանի որ արդարադատություն իրականացնելու մտադրություն անգամ չունի:

Իսկ դատական նիստ հրավիրելու դեպքում դատավորը պետք է լուծում տա այն պարզագույն իրավական հարցադրմանը, թե՝ ՀՀ քաղ. օր.-ի հոդված 697-ի դրույթների, այդ դրույթների տառացի արձանագրմամբ 30.11.2018թ. պայմանագրի 6.2. կետի լույսի ներքո, պատասխանող կողմն արդյոք իրավասու է ցանկացած ժամանակ հրաժարվել 30.11.2018թ. պայմանագրից՝ 1 ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին:

Այդ հարցադրումն ունի ընդամենը մեկ պատասխան՝ այո: Այսինքն՝ հայցն աներկբա ենթակա է մերժման: Բայց փոխարենը՝ դատավոր Հովսեփյանը հայցի ապահովման միջոց կիրառելու ապօրինի որոշումներ է կայացնում և այս պահին, երբ ընթերցում եք այս տողերը, Աշոտ Խլղաթյանն ու Սոնա Փոթիկյանը ապօրինաբար վստահորդիս գազալցականն են շահագործում և եկամուտներ ստանում, նրանց հետ կոռուպցիոն գործարքի մեջ եղած անձինք հանցավոր ճանապարհով ստացված իրենց եկամուտներն են վայելում, իսկ վստահորդս՝ մղձավանջի մեջ է:

Ընդորում, վստահորդիս կարգավիճակում կարող է ցանկացած անձ հայտնվել, քանի դեռ կան դատավորներ, ովքեր արդարադատություն իրականացնելու փոխարեն  կամայականորեն նման որոշումներ են կայացնում:   

Ի դեպ, դատավոր Հովսեփյանին բացարկի դիմում եմ էլ եմ ներկայացրել և համապատասխան որոշում դեռևս չկա:

Խնդրում եմ սույն բաց նամակը դիտել՝ հանցագործության մասին հաղորդում և, որպես քրեական գործ հարուցելու առիթ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter