
Ջեյհուն Բայրամով. «Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մինչև 1700 զինծառայողի դի»
Ադրբեջանը մինչ այս պահը Հայաստանին է փոխանցել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մինչև 1700 զինծառայողի դի։ Այդ մասին ADA համալսարանում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի 4 000 քաղաքացիների ճակատագրի մասին, որոնք անհետ կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, ոչինչ հայտնի չէ։
Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի առաջարկին։ «Մեր կոչն է հարգել հարևան երկրի ինքնիշխանությունն ու սահմանները, դառնալ զարգացող տարածաշրջանի բարգավաճ մաս»։ Վերջինիս պնդմամբ՝ ադրբեջանական կողմի առաջարկներին պետք է պատասխանի Հայաստանի ղեկավար կազմը։ «Մենք ցանկանում ենք խաղաղության և հանգստության կայուն մթնոլորտ»,- եզրափակել է նա։
Վերջին անգամ նոյեմբերի 2-ին է Ադրբեջանը հայկական կողմին փոխանցել 11 աճյուն։ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել էր, որ փոխանցումը եղել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի խաչմերուկում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Չնայած Ադրբեջանի ղեկավար կազմի նման հայտարարություններին` այդ երկրի զինված ուժերը շարունակում են մայիս ամսվանից ապօրինաբար գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ հանելու իր զորքերը ՀՀ տարածքից, Ադրբեջանը շարունակում է չկատարել այդ պահանջը։
Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մասին խոսել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման գործընթացի մեկնարկին առնչվող խնդիրների համալիր լուծում: Եվ, իհարկե, ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշել էր Զախարովան։
ՀՀ իշխանությունները ևս հայտարարել են, որ մտադիր են սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ։
Մեկնաբանել