
Ադրբեջանը ավելի քան 16 %-ով մեծացնում է պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերը
Ադրբեջանը 2022 թվականին պետական բյուջեից պաշտպանական, ազգային անվտանգության, դատական իշխանության, իրավապահ մարմինների և դատախազության ծախսերին կհատկացնի 6,852 միլիարդ մանաթ (մոտ 4,030,590,000 ԱՄՆ դոլար)։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը՝ հղում անելով «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենսդրական նախագծին։
Համաձայն այդ փաստաթղթի՝ այն կազմում է Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի 22,9 %-ը, ինչը 2,6 %-ով ավելին է, քան 2021 թվականի ցուցանիշը։ Այդ միջոցներից 2,89 միլիարդ մանաթը (մոտ 1,228,820,000 ԱՄՆ դոլար) նախատեսված է պաշտպանության և ազգային անվտանգության, 2,362 միլիարդ մանաթը (մոտ 1,389,410,000 ԱՄՆ դոլար)՝ դատական իշխանության, իրավապահ մարմինների և դատախազության համար։ Ի տարբերություն 2021 թվականի պետբյուջեի՝ այդ թվերն աճել են, համապատասխանաբար՝ 16,3 և 12,9 %-ներով։
Բացի այդ, մոտ 1,6 միլիարդ մանաթ (մոտ 941,176,000 ԱՄՆ դոլար) էլ կհատկացվի հատուկ գնումների համար։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ծախսերի մեծացումը պայմանավորում է Արցախի գրավված տարածքներում զորամասերի բացմամբ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված և խոցված ռազմատեխնիկայի և սպառազինության վերականգնմամբ և արդիականացմամբ։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է ձեռքբերել չին-պակիստանյան արտադրության JF-17 Thunder Block-III կործանիչներ, որոնք համալրված են ռադիոտեղորոշման բարելավված համակարգով և նորագույն սպառազինությամբ։
Daily Pakistan թերթը, հղում անելով Իսլամաբադում՝ Ադրբեջանի դեսպանության իր աղբյուրին, հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերումը հանդիսանում է երկկողմ ռազմական համագործակցության օրակարգի կարևորագույն հարցը։ Ներկայումս Բաքուն պատրաստվում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը, որի շրջանակներում նախատեսում է ձեռքբերել նոր կործանիչներ։ Պարբերականը գրում էր, որ բացի պակիստանյան զինտեխնիկայից՝ Ադրբեջանը դիտարկում է նաև ռուսական МиГ-35 և Су-35 կործանիչների գնման հարցը։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել