HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոստա Ռիկայում երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր. սա առաջին դեպքն է աշխարհում

Կոստա Ռիկան դարձել է աշխարհի առաջին պետությունը, որտեղ 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Տղաների, աղջիկների և չափահասների շահերի պաշտպանության նպատակից ելնելով Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կլինի բոլոր երեխաների համար»,- հայտարարել է Կոստա Ռիկայի Առողջապահության նախարարությունը։ 

Դեռ այս տարվա մարտին Կոստա Ռիկայի առողջապահական գերատեսչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումը ներառել էր բնակչության համար պարտադիր պատվաստումների ցանկում, իսկ հիմա այդ պահանջը տարածվել է նաև երեխաների վրա։ 

Ինչպես նշում է տեղական Tico Times պարբերականը, Կոստա Ռիկայում օրենքով սահմանված է, որ վարակիչ հիվանդությունների դեմ բոլոր պատվաստումները ներառված են Առողջապահության նախարարության հատուկ ցանկում։ 

Շուրջ 5 միլիոն բնակչություն ունեցող Կոստա Ռիկայում կորոնավիրուսի ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 55 %-ը, իսկ միայն առաջին չափաբաժինն ստացել է 12 տարեկանից բարձր բնակչության 70 %-ը։ 

Կոստառիկացի երեխաների պարտադիր պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա մարտից։ Երկիրն ամերիկյան Pfizer ընկերության հետ կնքել է պայմանագիր 3,5 միլիոն դեղաչափի մատակարարման համար, որից 1,5 միլիոնը կլինի երեխաների համար նախատեսված պատվաստանյութ։ Մնացած երկու միլիոնը կնախատեսվի մեծահասակների երրորդ դոզավորման համար։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոններին (CDC) պաշտոնապես թույլատրվել է Pfizer-BioNTech-ի մանկական պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստել 5-11 տարեկան երեխաներին։ Ենթադրվում է, որ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամիսներին 8 %-ով կկրճատի ԱՄՆ-ում COVID-19-ի փոխանցումը։

Պատվաստանյութը կներարկվի երկու դեղաչափով՝ 10-ական միկրոգրամ, ինչը կազմում է պատվաստանյութի այն քանակի մեկ երրորդը, որը ստանում են 12 տարեկանից բարձր մարդիկ։ Երկրորդ դեղաչափը կներարկվի առաջինից երեք շաբաթ հետո։ Դրանք կմատակարարվեն առանձին փաթեթավորմամբ և կներարկվեն մանկական հատուկ ասեղների միջոցով։ 

CDC-ի տվյալներով՝ 5-11 տարեկան 1,9 միլիոն երեխա վարակված է եղել COVID-19-ով։ Ինչպես նշվում է CDC-ի կայք էջում, ԱՄՆ-ում երեխաների պատվաստման որոշումը պայմանավորված է նրանով, որ պատվաստանյութը, այդ տարիքային խմբի երեխաների շրջանում, ունեցել է հիվանդացության կանխարգելման 90,7 տոկոս արդյունավետություն։ Այդուհանդերձ, ի տարբերություն Կոստա Ռիկայի, ԱՄՆ-ում այն կամավոր կլինի և պարտադիր բնույթ չի ունենա։

Լուսանկարը՝ iStock-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter