HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան հրաժարվո՞ւմ է թուրք-ադրբեջանական «3+3» ձևաչափից

Նոյեմբերի 9-ին կլրանա Արցախում մարտական գործողությունների դադարեցման մեկ տարին։ 2020 թվականի հենց այդ օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով փաստացի ձևակերպվեց Ադրբեջանի հաղթանակն այդ պատերազմում։ Բաքուն ոչ միայն կարողացավ ստանալ նախկին ԼՂԻՄ հարակից շրջանները, այլև բռնազավթեց Հադրութն ու Շուշին։ 

Չնայած մեկ տարին լրանում է նոյեմբերի 9-ին, նախօրեին՝ նոյեմբերի 5-ին, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այդ առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։ Այն հրապարակել էր ռուսական պետական TACC գործակալությունը: Ի դեպ, հայտարարությունը հրապարակված չէ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում, սակայն ТАСС-ում դրա հրապարակումից անցել է գրեթե 1 օր, իսկ այն չի հերքվել ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության կամ նրա որևէ ներկայացուցչի կողմից։ Հետևաբար, այն կարելի է համարել պաշտոնական։

Նոյեմբերի 9-ից հետո արցախյան հիմնահարցի, տարբեր մակարդակներով հայ-ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին Մոսկվան հանդես է եկել տարբեր հայտարարություններով, սակայն նոյեմբերի 5-ին տարածված ՌԴ ԱԳՆ հայտարարությունն իր շեշտադրումներով և ուղերձներով էականորեն տարբերվում էր նախորդներից։

Հայտարարության ամենակարևոր թիրախն այն է, որ արցախյան հակամարտության լուծումը Մոսկվան տեսնում է ԵԱՀԿ Մինսկի ձևաչափում, այլ ոչ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից առաջարկվող «3+3» ձևաչափով։ Ընդ որում, այդ հանգամանքը հայտարարության մեջ շեշտվում է երկու անգամ։ 

Նախ հայտարարության հենց առաջին նախադասության մեջ նշվում է, որ Ռուսաստանը նպատակ չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ Խոսքն այստեղ բնականաբար հակամարտության լուծման նպատակով շփման մասին է և ուղղված է հենց Մինսկի խմբին, որովհետև միայն Մինսկի խումբն է, որ ուղիղ բանակցությունների և շփման մեջ է հակամարտող կողմերի հետ։ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են և՛ Երևան, և՛ Ստեփանակերտ, և՛ Բաքու։ Չնայած որ վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղարարի և միջնորդի կարգավիճակում փորձում է հանդես գալ նաև Թուրքիան, վերջինս առնվազն միայն բանակցությունների մեջ ներգրավված կողմերից մեկի՝ Երևանի հետ չունի որևէ հարաբերություն։

Եվ ամենակարևորը հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ Մոսկվան վճռական է շարունակելու եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով՝ ընդգծելով. «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը հեռու է սպառվելուց: Դրա վկայությունն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր առաջին հանդիպումը։ Հանդիպման օրակարգը ներառում էր հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ հարցեր: Համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան և շարունակել շփումները «3+2» ձևաչափով»։ «3+2» ձևաչափում 3-ը Մինսկի խումբն է (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան), իսկ 2-ը՝ Հայաստանն ու Ադրբեջանը։

Փոխարենը, հայտարարության մեջ չկա որևէ խոսք թուրք-ադրբեջանական «3+3» ձևաչափի մասին, որին հնարավոր է անդամակցեն մի կողմից Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, մյուս կողմից՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը։ Ավելի վաղ, Մոսկվան տարբեր մակարդակներով հայտարարել էր, որ կողմ է այդ ձևաչափին։

Արդյո՞ք սա կարելի է ընկալել որպես հետքայլ այդ ձևաչափից։ Միգուցե։ Մոսկվան կարծես թե հանգել է այն եզրակացությանը, որ սխալ է արել՝ թողնելով Թուրքիային միջամտել իր պատասխանատվության տակ գտնվող հակամարտությանը։ Ընդ որում, սա առաջին դեպքն է, երբ միջամտությունը տեղի է ունեցել ռազմական ճանապարհով՝ առանց Մոսկվայի կարծիքը հաշվի առնելու։ Մոսկվան շատ լավ գիտակցում է, որ Արցախում կամ Սիրիայում թուրքական կողմի հետ ցանկացած սիրախաղ նշանակում է փոխզիջում մյուս տարածքում։ Ուստի առաջիկայում հնարավոր է, որ Մոսկվան դադարեցնի խորացնել թուրքական կողմի հետ կապը արցախյան հակամարտության մասով՝ ձևական թողնելով միայն Աղդամի տարածքում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որը չգիտես, թե ինչն է հսկում։ 

Հայտարարության մեջ ևս մեկ հետաքրքիր կետ կա։ Փաստացի Մոսկվան հասկանում է, որ իր գործողություններով, հատկապես, հայկական հանրության շրջանում ստեղծել է այն տեսակետը, որ Ռուսաստանը փորձում է Արցախի հարցում սիրաշահել Ադրբեջանին՝ վերջինիս իր կողմից ստեղծված միություններին անդամակցելու դիմաց։ Ուստի պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ-ն հենց այս ձևակերպմամբ է տարածում իր հայտարարությունը։ «Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է վստահորեն հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին Լեռնային Ղարաբաղն անջատելուն, Ադրբեջանին հանձնելուն, Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»»։ 

Որպես դրա ապացույց՝ հնարավոր է Ռուսաստանն առաջիկայում Հայաստանահաճո որևէ գործողություն իրականացնի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցում, բայց և չի կարելի բացառել նաև այն հանգամանքը, որ սա ևս մեկ ակնարկ է թուրք-ադրբեջանական կողմին առ այն, որ չորս տարի անց ռուս խաղաղապահները դժվար թե դուրս գան տարածաշրջանից: 

Լուսանկարում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը/Павел Каравашкин/«Фонтанка.ру»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter