HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը գոյություն է ունեցել գրեթե զրոյական ինքնիշխանության պայմաններում»

3 հարց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին արտործնախարար Արման Մելիքյանին

-Պարոն Մելիքյան, 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի։ Արտաքին քաղաքական դաշտում այս ընթացքում Հայաստանի իշխանությունները կարողացա՞ն առաջ մղել Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային ասպարեզում, կա՞ն հիշատակման արժանի ձեռքբերումներ, թե՞ գործող կառավարությունը մսխեց այս ժամանակահատվածը։

-Մենք մի հետաքրքիր իրողության բախվեցինք․ բռնապետ Իլհամ Ալիեւը ոչ միայն կարողացավ պատերազմի ընթացքում ապահովել Ադրբեջանի ժողովրդի ներքին համախմբումը հանուն հաղթանակի, այլեւ դարձավ այն առանցքը, որի շուրջ ձեւավորվեց մեր դեմ ուղղված Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել+X միջազգային հզոր ռազմական կոալիցիան։ Ավելին՝ միջազգային հանրությունն էլ՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, մեր հանդեպ, ըստ էության, թշնամական չեզոքության դիրքորոշում որդեգրեց։ Դրան հակառակ՝ Հայաստանի ժողովրդավարական արժեքների բացարձակ գերակայությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ՝ առանց իրական գեթ մեկ դաշնակցի, անընդունակ գտնվեց համախմբելու հայկական ռազմական ու մարդկային ներուժը, տապալեց մարտական գործողությունները հաղթական ավարտին հասցնելու իր պարտականությունը։

Ռազմական պարտությունը հանգեցրեց նրան, որ անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ-ն գոյություն է ունեցել գրեթե զրոյական ինքնիշխանության պայմաններում, իսկ դա նշանակում է, որ մեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը «վերավստահված» է եղել եւ մինչ այժմ էլ վերապահված է ազդեցիկ արտաքին դերակատարներին։ Այս վիճակն առայժմ պահպանվելու է, առավել եւս, որ ասպարեզում առկա հայաստանյան քաղաքական ուժերից եւ ոչ մեկը հստակ պատկերացում չունի, թե ինչպիսի քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել երկրի անվտանգության երաշխիքների, ուստի նաեւ ինքնիշխանությունը ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով կնախընտրեմ գործող իշխանությունների հաջողությունների թեման շրջանցել՝ դրա քննարկումը վաղաժամ է։

-Վերջերս շատ է խոսվում Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացի վերսկսման մասին եւ համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցից։ Արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանի ջանքերը՝ թաղել Մինսկի խումբն ու հակամարտությունը համարել լուծված, ձախողվեցին։

-Ամիսներ առաջ եմ կանխատեսել, որ Մինսկի խմբի աշխատանանքերը վերսկսվելու են հակառակ ոչ միայն Բաքվի, այլեւ Մոսկվայի գործադրած ջանքերի։ Այժմ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Մոսկվան ամենեւին էլ հավակնություն չունի միայնակ զբաղվելու հակամարտության կարգավորման գործընթացի կառավարմամբ ու նպատակ չունի Արցախը հանձնելու Ադրբեջանին։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ի զինադադարին հաջորդած 2-3 ամիսների համեմատ Ռուսաստանի դիրքորոշումն այսօր մեղմ ու ճկուն երանգներ է ձեռք բերում։ Գուցե պատճառն այն է, որ ներկայում 44-օրյա պատերազմի սցենարով նոր ռազմական գործողություններ կարող են պայթել Դոնբասում, ինչը խիստ անցանկալի է Մոսկվայի համար, քանի որ վերջինս ոչ մի դեպքում չի ցանկանա ուղղակիորեն ներքաշվել կռվի մեջ, բայց նաեւ այժմ չի կարողանա դրանից խուսափել։ Մոսկվային մնում է ժամանակ ձգել եւ իր գործընկեր–հակառակորդներից զիջումներ ակնկալել այլ հարցերում սեփական դիրքորոշումը մեղմելու արդյունքում։

-Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը հայտարարեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջարկվող «3+3» ձեւաչափը պետք չէ կրկնի Մինսկի խմբի գործառույթը՝ չկոնկրետացնելով, թե արդյոք Հայաստանը կմասնակցի այդ ձեւաչափին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ ձեւաչափի մասին, առհասարակ ի՞նչ օգուտներ եւ սպառնալիքներ կարող են լինել մեր երկրի համար այդ ձեւաչափից։

-Արդեն ասացի, որ սահմանափակ ինքնիշխանության ունեցող Հայաստանը զրկված է որոշիչ խոսք ասելու հնարավորությունից։ Այս համատեքստում ավելի խելամիտ կլինի «3+3» ձեւաչափը քննարկել, բայց չվավերացնել։ Մեծ հաշվով, ըստ մտահղացման հեղինակների, այս ձեւաչափն իր նշանակությամբ մասնակից պետությունների համար կոչված է դառնալու նոր Կարսի պայմանագիր նախապատրաստելու հարթակ։ Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը երկարաժամկետ հետեւանքներ ունեցող արդյունք կտա։

Տարաբնույթ ցավալի կորուստներից խուսափելու համար Հայաստանն այսօր իր որոշումները պետք է կայացնի առնվազն 10-15 տարվա ընթացքում սպասվող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, բայց ես խիստ կասկածում եմ, որ մեր ներկայիս իշխանությունները տիրապետում են դրա համար անհրաժեշտ գիտելիքներին ու գործիքակազմին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter