
Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցից վիրավորված Արցախի «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ երեք աշխատակիցների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք վիրավորում են ստացել կրծքավանդակի և պարանոցի հատվածում, այժմ գտնվում են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։
Կրակոցների հետևանքով մեկ աշխատակից տեղում մահացել է։
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու և իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:
«Հաշվի առնելով, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, ուստի կարճ ժամանակով երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է»,- նշված է դատախազության մամուլի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը տրամադրել է Արցախի դատախազությունը
Մեկնաբանել