HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդապետ Հովհաննես Ավագյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման

Նոյեմբերի 7-ին գնդապետ Հովհաննես Ավագյանը հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման։ Գնդապետը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալն էր։ Պետական բարձրագույն պարգեւը հերոսի հարազատներին հանձնվել է Եռաբլուրում։

2020 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրը նշելիս Հովհաննես Ավագյանն ընտանիքին ասել էր, որ հաջորդ տարի այդ ժամանակ գեներալի աստիճան ստացած կլինի։ Սակայն նա այդպես էլ չհասցրեց ստանալ գեներալի ուսադիրները, օրեր անց սկսվեց պատերազմը։

Գնդապետը մասնակցել է Մատաղիսի, Մարտակերտի, Ջաբրայիլի, Հադրութի, Մարտունու, Շուշիի մարտերին։ 42-օրյա թեժ մարտերից հետո նրան ուղարկել են Շուշի։ Հայրը՝ Սոսիկ Ավագյանը, որդու մասին «Հետքին» էր փոխանցել վարորդի վկայությունը, որ տեսել էր, թե ինչպես էր Մատաղիսում գնդապետը շրջափակումից հանել զինվորներին՝ նրանց տանելով ապահով վայր։ Այդ ժամանակ նկատելիորեն կաղում էր՝ ոտքի մեջ ջուր էր հավաքվել, հետո երիկամների ցավն էր սկսվել, երբեմն սուր ցավերի մեջ էր լինում, բայց չէր թողնում ռազմաճակատը։ Մատաղիսից Մարտակերտ էր գնացել, որտեղ զինվորների հետ խրամատներ էր փորել։ Հիմնականում քնում էր մեքենայի մեջ՝ տեղից տեղ գնալու ճանապարհին։

Տարբեր ճակատներում լինելուց հետո նոյեմբերի 7-ին գնդապետ Ավագյանին ուղարկել էին Շուշի։ Այդտեղ էլ նա զոհվել է։ «Ինչի՞ էին ուղարկել, եթե ներսում թուրքերը նստած էին։ Էդ ի՞նչ հանձնարարություն է եղել։ Ինչի՞ էին փոխնախարարին Շուշի ուղարկել։ Շոֆերը պատմում է, որ գնալուց ավտոյի ակը թողել էր, ասել էր՝ Ավագյան, արի չգնանք, ասել էր՝ ո՞նց կլինի չգնալ, հրաման են տվել, ուրիշ ավտո ա նստում, գնում»,- «Հետքի» հետ զրույցում պատմել էր հայրը։

Այս նոյեմբերի 30-ին գնդապետ Հովհաննես Ավագյանը կդառնար 48 տարեկան։

Կարդացեք նաեւ՝

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter