
Փոխմարզպետից մինչև համայնքապետ. ովքեր են Արմավիրի մարզի համայնքապետերի թեկնածուները
Դեկտեմբերի 5-ին Արմավիրի մարզի 7 համայնքում համամասնական ընտրակարգով ընտրելու են ավագանի, որով էլ դրվելու է արդեն միավորված համայնքների գործունեության սկիզբը: Կառավարության նախաձեռնությամբ մարզի 96 համայնք միավորվել է՝ ձևավորվելով 7 համայնք՝ Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր, Խոյ, Արաքս, Փարաքար և Բաղրամյան: Չի միավորվել և որպես առանձին համայնք մնում է միայն Ֆերիկը, քանի որ ամբողջությամբ եզդիաբնակ է:
Ստորև ներկայացնում ենք քաղաքային համայնքներին մասնակցող կուսակցությունների և դրանցում ընդգրկված անձանց վերաբերյալ տեղեկություններ:
Մեծամոր
Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Մեծամոր խոշորացված համայնքը բաղկացած է լինելու 31 բնակավայրից: Սա մարզի ամենաշատ բնակավայր ունեցող համայնքն է լինելու: Համայնքային իշխանություն ձևավորելու համար հայտ է ներկայացրել երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցությունները:
ՔՊ ցուցակը գլավորում է իշխանափոխությունից հետո «թռիչքային» կարիերա ունեցող նախկին հանրապետական, այժմ ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը: Նա մարզի Նորապատ համայնքի ղեկավարն էր: Այդ պաշտոնում ընտրվել էր 2016թ.-ին:
2018թ. իշխանափոխության օրերին հայտարարեց, թե դադարեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը և միանում է ժողովրդին: Դեռևս 2018թ. մայիսի 8-ին «Հետք»-ի հետ զրույցում ասել էր, թե իրեն այլևս հանրապետական չի համարում:
«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,- ասում էր այդ ժամանակվա համայնքապետ Վահրամ Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ. հունիսի 29-ի որոշմամբ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: Ամիսներ անց՝ նոյեմբերի 2-ին, վարչապետի որոշմամբ նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատվելով մարզպետի տեղակալի պաշտոնից:
Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է գործազուրկ Էդգար Հովհաննիսյանը: Վերջինս մարզի թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանի որդին է: Նշենք, որ Մեծամոր համայնքը գտնվում է թիվ 15 ընտրատարածքում:
Կուցակցության ցուցակում են նաև 2011թ.-ից Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Փշատավան համայնքի 13 տարվա ղեկավար Ազատ Քյարամյանը, Բամբակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանը, Եղեգնուտ համայնքի լիազորությունները դադարեցված համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը:
ՔՊ նախընտրական ցուցակը բաղկացած է 46 հոգուց:
ՀՅԴ ցուցակը գլխավորում է Այգեշատ (Արմավիրի տարածք) համայնքի արդեն նախկին ղեկավար Արամայիս Մխիթարյանը: Նա համայնքը ղեկավարել է 2002թ.-ից մինչև այս տարվա սեպտեմբեր: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրացել է:
Երկրորդ համարը զբաղեցնում է մենատնտես Ռազմիկ Աբրահամյանը:
ՀՅԴ ցուցակը բաղկացած է 24 հոգուց, որից 15-ը՝ գործազուրկ են:
Արմավիր
Արմավիր միավորված համայնքը բաղկացած է 11 բնակավայրից: Դեկտեմբերի 5-ին միավորված համայնքում իշխանություն ձևավորելու համար հայտ է ներկայացրել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Դավիթ Խուդաթյանը, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է նրա տեղակալը՝ փոխքաղաքապետ Վարշամ Սարգսյանը:
Ցուցակում տեղ են զբաղեցնում նաև նախկին և գործող համայնքապետեր: Մասնավորապես՝ ՔՊ-ի ցուցակում են Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, ով պաշտոնավարում է 2012թ.-ից: Կ. Մկրտչյանը նախկինում Հանրապետական կուսակցության անդամ էր: 2018թ. իշխանափոխության օրերին դուրս եկավ կուսակցությունից:
Ցուցակում է նաև 2008թ.-ից Նորավանի ղեկավար Արթուր Միքայելյանը: Արդեն 13 տարի Հացիկ համայնքը ղեկավարող Արթուր Եղիազարյանը, ով բոլոր ընտրությունների ժամանակ եղել է ակտիվ ԲՀԿ-ական, ևս ՔՊ-ի ցուցակում է: Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը, ով համայնքապետ էր ընտրվել 2016թ.-ին, ևս իշխանության ցուցակում է:
Ցուցակում է նաև Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը: Սակայն, վերջինս ընտրվել է իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հոկտեմբերին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Վաղարշապատ (Էջմիածին)
Վաղարշապատին միացել է միայն Ոսկեհատ գյուղը: Այստեղ համայնքային իշխանություն ձևավորելու համար հայտ է ներկայացրել 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ), «Լուսավոր Հայաստան», «Իրական ժողովրդավարական», «Հայրենատէր» կուսակցությունները և «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Ցուցակում երկրորդ համարը փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն է:
33 հոգանոց ցուցակում Ոսկեհատ համայնքի հաշվառում ունեցող միայն մեկ թեկնածու կա: Վերջինս Ոսկեհատի համայնքապետի տեղակալ Ռաֆիկ Ավագյանն է, ով ցուցակում զբաղեցնում է 21-րդ տեղը: Մյուսները հաշվառված են Վաղարշապատում: Մյուս քաղաքական ուժերի ցուցակում Ոսկեհատ համայնքի հաշվառում ունեցող թեկնածու չկա: Այլ կերպ ասած՝ Ոսկեհատի «շահերը» ներկայացնող չկա:
«Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր, այդ ժամանակ հանրապետական, ներկայում՝ անկուսակցական Սևակ Խաչատրյանը:
Վերջինս հանրությանն ավելի հայտնի է «Սաքուլիկ» օպերացիայից, երբ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանը 2013թ.-ին թեկնածուական թեզ էր պաշտպանում ԵՊՏՀ-ում, իսկ Ս. Խաչատրյանն իր կուսակից ընկերների հետ խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը, որպեսզի վերջիններս հեռու մնան Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունից:
30 հոգանոց ցուցակի 2-րդ համարը ՀՅԴ կուսակցության անդամ Վահրամ Ղարիբջանյանն է:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 9 հոգանոց ցուցակը գլխավորում է կահույքի արտադրամասի տնօրեն Գոռ Ստեփանյանը: Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է գյուղատնտես Էդիկ Շախկուլյանը:
«Իրական ժողովրդավարական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է Արմեն Աբրահամյանը, երկրորդը՝ Արմեն Տերտերյանը: Երկու թեկնածուի գործունեության մասին էլ տեղեկություններ չկան:
Ցուցակը բաղկացած է 11 հոգուց:
«Հայրենատէր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամի հիմնադիր Ջիվան Աբրահամյանը, իսկ երկրորդ համարը՝ Կարինե Միքայելյանը, ում մասին տեղեկատվություն չկա:
Կուսակցության ցուցակը բաղկացած է 19 հոգուց:
Հաջորդիվ կանդրադառնանք նաև մարզի խոշորացվող գյուղական համայնքներին ընտրություններին մասնակցող կուսակցություններին և վերջիններիս ցուցակներում տեղ գտած անձանց:
Լուսանկարները՝ թեկնածուների ֆեյսբուքյան էջերից,
Արամայիս Մխիթարյանի լուսանկարը՝ yerkir.am-ի
Մեկնաբանել