
Եղեգնուտ համայնքի ղեկավարի լիազորությունները կրկին դադարեցվել են
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները դարձյալ դադարեցվել են: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ նշանակվել է համայնքապետի պաշտոնակատար:
Եղեգնուտի ավագանին 29.12.2020թ. որոշել է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները: Ավագանին որոշումը հիմնավորել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ըստ որի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե 6 ամիս անընդմեջ չի հրավիրում համայնքի ավագանու նիստ:
Բացի այդ, Եղեգնուտի ավագանին 25.12.2020թ. որոշել է ավագանու երեք անդամի՝ Հովհաննես Մարգարյանի, Գրիշա Ռաշոյանի և Մարգար Մարգարյանի լիազորությունները ևս վաղաժամկետ դադարեցնել: Այս դեպքում որոշումները պատճառաբանվել են, որ ավագանու նշված անդամները մեկ տարուց ավել՝ սկսած 2019թ. հոկտեմբերի 16-ից, չեն մասնակցել ավագանու նիստերին:
Ավագանու երեք անդամներն ու Ռազմիկ Մարգարյանը վարչական դատարանում վիճարկում են լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու ավագանու որոշումները:
Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռազմիկ Մկրտչյանին:
Վարչական դատարանի 2019թ. վճռով Ռազմիկ Մարգարյանը վերականգնվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը 2020թ. հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը: Հ. Մաթևոսյանի որոշման հիմք էր հանդիսացել Վարչական դատարանի ակտը:
Համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանն էլ դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի 22.06.2020թ. որոշումը: Վարչական դատարանը բավարարել էր հայցը և անվավեր ճանաչել մարզպետի որոշումը:
Շարունակելով հայցադիմումների «շքերթը» Ռազմիկ Մարգարյանը 2021թ. փետրվարի 19-ին հայցադիմում է ներկայացրել մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով մարզպետարանից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Մարզպետարանից տեղեկացրին, որ պահանջվող գումարի չափը մոտ 4 մլն դրամ է:
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցված ավագանու անդամները պնդում են, որ գործընկերների կայացրած որոշումն անօրինական է:
Հովհաննես Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու որոշման մեջ տեղ գտած պնդումը, թե ինքը մեկ տարուց ավելի ժամանակով չի մասնակցել ավագանու նիստերին, մասամբ է համապատասխանում իրականությանը: Նշեց, որ իրոք նիստերին չի մասնակցել, սակայն ոչ իր մեղքով:
«2019թ.-ից առանց մեզ տեղյակ պահելու նիստ են անում: Ես նիստերի մասին չեմ իմացել: Ոչ մի ծանուցում, ոչ մի բան չի եղել: Իրանք իրանցով՝ 4 հոգով նիստ են արել»,- ասում է Հովհաննես Մարգարյանը:
Նույնը պնդեց նաև Մարգար Մարգարյանը, ով ավագանու որոշմամբ լիազորությունները դադարեցված համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի եղբայրն է:
«Մենք տեղյակ չենք եղել, որ ավագանին նիստեր ա արել: Իրանք են մեզ ընտրել, որ զրկեցին լիազորություններից: Ձեզ պարզ չի՞, թե ինչու մեզ չեն տեղեկացրել նիստերի մասին: Որ մահանա գտնեն, ասեն՝ չեն մասնակցել նիստերին»,- նշեց Մ. Մարգարյանը:
Եղեգնուտի համայնքապետարանից պնդում են, որ ավագանու անդամները տեղեկացված են եղել նիստերի մասին, սակայն չեն մասնակցել:
Նշենք, որ արդեն 3 տարի է՝ Եղեգնուտ համայնքում կրքերը չեն հանդարտվում: Անդրադարձել էինք, որ Եղեգնուտում փաստացի գործում է երկու համայնքապետարան: Մեկում աշխատում են Ռազմիկ Մկրտչյանի կողմնակիցները, մյուսում՝ Ռազմիկ Մարգարյանի:
Գլխավոր լուսանկարում Ռազմիկ Մարգարյանն է
Մեկնաբանել