HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտում իրավիճակը սրվում է. մարզպետն անվավեր է ճանաչել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը

Այսօր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը: Հ. Մաթևոսյանի որոշման հիմք է հանդիսացել Վարչական դատարանի ակտը:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքապետի պաշտոնից հեռացվել էր երկրում իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսին:

Ռազմիկ Մարգարյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի՝ 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: Բացի այդ, պահանջում էր վերացնել Եղեգնուտ համայնքի ղեկավարի իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, վերադարձնել օրենքով նրա տիրապետմանը հանձնված գույքը, այդ թվում՝ համայնքի կլոր կնիքը, համայնքի ղեկավարի աշխատասենյակի և վարչական շենքի բանալիները:

Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել մասնակի: Մասնավորապես՝ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ Արմավիրի մարզպետի՝ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները վերացնել պարտավորեցնելու, նրա տիրապետմանը հանձնված գույքը, այդ թվում՝ համայնքի կլոր կնիքը, համայնքի ղեկավարի աշխատասենյակի և վարչական շենքի բանալիները վերադարձնելու պահանջները չեն կարող հանդիսանալ այս գործով հիմնական պահանջի հետևանք: Հետևաբար, նշված պահանջը չէր կարող համարվել ածանցյալ պահանջ, քանի որ այն չի ածանցվում հիմնական պահանջից, և վերջինիս ելքը ուղղակիորեն չի կանխորոշվում հիմնական՝ մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Որոշման առարկան միայն Արմավիրի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելն է եղել, ինչն էլ դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:

Այսօր Եղեգնուտի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել համայնքապետարանի դիմաց՝ պահանջելով Ռազմիկ Մարգարյանին հեռու պահել համայնքապետի պաշտոնից:

Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը «Հետք»-ի հետ զրույցում այլ կերպ է մեկնաբանում դատարանի որոշումը: Նրա դիտարկմամբ՝ դատարանն անվավեր է ճանաչել միայն մարզպետի որոշումը՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասով, իսկ Ռազմիկ Մարգարյանին աշխատանքի վերականգնելու մասով՝ մերժել է:

Ռազմիկ Մկրտչյանն ասում է, որ ինքը պարտավոր է կատարել դատարանի որոշումը և ազատել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, սակայն, դեմ է, որ համայնքապետի պաշտոնում վերականգնվի Հանրապետական Ռազմիկ Մարգարյանը:

«Այնպես է ստացվում, որ համապատասխան մարմինները, մարզպետարանն իրեն ուզում են վերադարձնել: Ինքը հրաժարական է տվել, ու հիմա ժողովուրդը բորբոքվել ա, որ ուզում ա նորից հետ գա»,-հավելեց Ռ. Մկրտչյանը:

Անդրադառնալով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով 1 տարի 8 ամիս ժամկետով պաշտոնավարմանը, Ռազմիկ Մկրտչյանը թվարկեց, որ այդ ընթացքում հասցրել է մի շարք ծրագրեր իրականացնել համայնքում: Նշեց, որ մեկ տարի չի կարողացել նորմալ աշխատել, քանի որ ավագանին բոյկոտել է նիստերը, որից հետո 14 կմ երկարության ջրագիծ են վերանորոգել, հարթել են միջհամայնքային ճանապարհները, վերականգնել են խորքային հոր: Ներկայացրել են 2 սուբվենցիոն ծրագիր՝ 2,7 կմ ասֆալտապատում, արևային էներգիայով, լեդ լուսատուներով լուսավորում:

«Ամենակարևոր ձեռքբերումս այն եմ համարում, որ այս գյուղը թշնամացել էր մեկը մյուսի նկատմամբ, ինձ հաջողվեց հաշտեցնել: Ծեծ ու ջարդի էին անում: Հասել եմ նրան, որ գյուղը սարքել եմ համերաշխ կոլեկտիվ: Ու հիմա, այս կորոնավիրուսի պայմաններում դեմ են տալիս որոշում, որով խանգարվելու է ժողովրդի անդորրը, համերաշխությունը»,- հավելեց Ռազմիկ Մկրտչյանը:

Համայնքապետարանի դիմաց հավաքվածները բղավում էին, որ դեմ են Ռազմիկ Մարգարյանի վերադարձին, քանի որ մերժվել է հենց համայնքի բնակիչների կողմից:

«Հողերի, ճանապարհների փողերն ա կերել, ինքն ի՞նչ գյուղապետ ա եղել գյուղի համար: Օգնությունները կերել ա, ամեն ինչ կերել ա, ինքը չի կարա համայնքապետ նստի»,- ասում է ցուցարար Լարիսան:

Նույն կարծիքին էր նաև Սիրանուշ Գևորգյանը: Վերջինս ասում էր, որ երկրաշարժից տուժել են և եկել են Եղեգնուտ բնակություն հաստատելու: Տիկին Սիրանուշը նշում է, որ այս տարիների ընթացքում որևէ օգնություն համայնքապետարանից չի ստացել, մինչդեռ բարիքներից օգտվել են համայնքապետի ազգականներն ու շրջապատող մարդիկ:

Եղեգնուտցի Սմբատ Մկրտչյանն էլ հայտնեց, որ գյուղի բնակիչները մինչև վերջ պայքարելու են, որպեսզի Ռազմիկ Մարգարյանը չվերադառնա իր պաշտոնին: Դիմելով Արմավիրի մարզպետին, Սմբատն ասաց, որ եթե Համբարձում Մաթևոսյանը հարցին լուծում չտա, կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց իր վրա:

Եղեգնուտ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը հավելեց, որ գյուղում, երբ մարդիկ հողի պակաս ունեն, 2018թ. ավագանու որոշումով Ռազմիկ Մարգարյանը 10,5 հա հողատարածք, 600 հազար դրամով վաճառել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն՝ Կարեն Խաչատրյանին: Աշոտ Խուրշուդյանը սա համարում է ուղղակի «նվեր»:

Նա ևս դեմ է, որպեսզի Ռազմիկ Մարգարյանը վերադառնա իր պաշտոնին՝ հավելելով, որ ապօրինություններ թույլ տված մարդը չի կարող համայնքի ղեկավար լինել:

«Կոչ ենք անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն, հավասարակշռվածություն և բարձր պատասխանատվություն` համայնքում իրականացվող ծրագրերի շուրջ համախմբվելու համար: Անհրաժեշտ է, որ մենք բոլորս, հատկապես` տեղական ինքնակառավարման մարմինը` ի դեմս համայնքի ավագանու, ճշմարտացիորեն բացատրական աշխատանք տանի բնակչության հետ` ստեղծված իրավիճակը մեղմելու համար: Ավագանին՝ որպես ներկայացուցչական մարմին, պետք է ապահովի համայնքում հասարակության անդորրը»,- համայնքի բնակիչներին դիմում է Արմավիրի մարզպետը:

Համբարձում Մաթևոսյանը հորդորում է կասկածի տակ չդնել համայնքի զարգացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը, քանի որ համայնքում պետական միջոցներից համաֆինանսավորմամբ մի շարք ծրագրեր են իրականացվելու գյուղում:

Գյուղացիները չեն հանդարտվում: Առաջիկայում ևս նախատեսվում են բողոքի ակցիաներ: 

Մեկնաբանություններ (1)

Narek
Շատ սխալ եք մեկնաբանում չկա որեւիցե փաստատուխտ որ գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները դադարեցված են ուստի ժ.պ չեին կարող նշանակել որը ապացուցվել է դատարանով.Այդ իսկ պատճառով թե դատարանը թե արդարադատության նախարարությունը ամբողջ գործընթացը համարել են անօրինական.Հարգելի լրագրող նյութ հրապարակից խնդրում եմ հրապարակել իրականությունը եւ լինել անաչառ եւ լսել երկու կողմին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter