HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ավագանին Եղեգնուտի համայնքապետի հրաժարականը չէր ընդունել, դատարանը նրան վերականգնել է պաշտոնում

Դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Ռ. Մարգարյանը համայնքապետի պաշտոնից հեռացվել էր 2018թ.-ի հուլիսին, իշխանափոխության շրջանում: Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր ճանաչեց Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: 

Վերաքննիչ դատարանը հիմնավորել է, որ Ռազմիկ Մկրտչյանը Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտումով: Մարզպետը հիշյալ որոշումը կայացրել էր 24.08.2018թ.-ին, երբ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները համարել էր դադարած եւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակել Ռազմիկ Մկրտչյանին: 

Ռ. Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 27 տարի՝ 1991թ.-ից: 2018թ.-ի հուլիսի 2-ին նա դիմում էր ներկայացրել Եղեգնուտ համայնքի ավագանուն՝ խնդրելով ընդունել հրաժարականը և դադարեցնել իր լիազորությունները: Ավագանին հուլիսի 3-ին արտահերթ նիստ էր հրավիրել համայնքի ղեկավարի դիմումը քննարկելու համար: Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել ավագանու անդամները և հայտնել են, որ համայնքի ղեկավարին ընտրել է համայնքի բնակչության մեծամասնությունը, որ նա վայելում է ավագանու և բնակչության մեծամասնության վստահությունը: Ելույթ ունեցողները համայնքի ղեկավարից պահանջել են շարունակել իր աշխատանքը, չտրվել էմոցիաներին

Դատարանին բացատրություն ներկայացրած անձինք նշել են, որ ավագանու անդամների ելույթներից հետո Ռ. Մարգարյանը հայտարարել է, որ եթե ավագանին իրեն վստահում է, ապա ինքը կշարունակի աշխատել, ինչը նշանակում է, որ նա հրաժարվել է իր նախկին դիմումից: Ավագանին որոշում է կայացրել՝ չբավարարել համայնքի ղեկավար Ռ. Մարգարյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը, և արձանագրությունը ներկայացրել է Արմավիրի մարզպետին:

Այնուհետև, մարզպետը Եղեգնուտի ավագանու քննարկմանն է ուղարկել իր 09.08.2018թ.-ի գրությունը՝ առաջարկելով ներկայացնել համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ավագանու համապատասխան արձանագրություն: Ավագանին 2018թ. օգոստոսի 13-ին կրկին արտահերթ նիստ է հրավիրել եւ որոշել է Եղեգնուտ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը թողնել աոանց քննարկման, քանի որ ավագանին արդեն քննարկել է այդ հարցը և չեն ցանկանում այլևս քննարկել: 

Հիշյալ դիրքորոշումները մարզպետարանում ստանալուց հետո Արմավիրի մարզպետը «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշմամբ Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Ռազմիկ Մկրտչյանին:

Ռ. Մարգարյանը 2018թ.-ի օգոստոսի 29-ին հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի՝ Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանին խնդրել էր նաեւ պարտավորեցնել իրեն՝ օրինական ճանապարհով ընտրված և գործող համայնքի ղեկավարին, վերադարձնել համայնքի կնիքը և ազատել աշխատասենյակը:

Վարչական վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող որոշմամբ Արմավիրի մարզպետարանը չէր կարող «ՏԻՄ» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Ռազմիկ Մկրտչյանին նշանակել Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Մարզպետարանում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին համայնքի ավագանու արձանագրություն առկա չի եղել, և Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնում վիճարկվող որոշմանը նախորդած եռօրյա ժամկետում մուտքագրված չի եղել: Ինչն էլ նշանակում է, որ բացակայել է «ՏԻՄ» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Ռազմիկ Մկրտչյանին Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավական հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանը հայցով ներկայացված հիմնական պահանջը բավարարել է, իսկ հետևանքների վերացման պահանջի մասով՝  վերադարձնել համայնքի կնիքը և ազատել աշխատասենյակը, մերժել է

Հիշեցնենք, որ Եղեգնուտ համայնքի ավագանին մարզպետի որոշումից հետո հրաժարվել էր ավագանու նիստերին մասնակցել: 2018թ. օգոստոսի 27-ին, երբ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել էին  Եղեգնուտ, որպեսզի համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացնեն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին, համայնքապետարանի դուռը փակ էր եղել

Ավագանու նիստերը 2018 թ. օգոստոսից չէին կայացել, եւ Կառավարությունը  որոշեց վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամների լիազորությունները։ Եղեգնուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունը նշանակվեց 2019 թ. սեպտեմբերի 29-ին: Նորընտիր ավագանու կազմում ընդգրկվեցին Ռազմիկ Մարգարյանի որդին՝ Հովհաննես Մարգարյանը եւ եղբայրը՝ Մարգար Մարգարյանը: 

Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը «Հետք»-ին հայտնել էր, որ  Եղեգնուտ համայնքում մարզպետարանը իրավական հսկողություն է իրականացրել՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են օրենքի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն: Մարզպետի ասելով՝ այդ է եղել Ռ. Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը:

«Դատալեքս» տեղեկատվական կայքում առ այսօր Ռազմիկ Մարգարյանի վերաբերյալ  քրեական գործ չկա մուքագրված:

Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել 2020 թ. հունվարի 22-ից, մարզպետի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը մերժել են վարույթ ընդունել, սակայն մարզպետարանը չի ցանկանում նրան վերականգնել իր պաշտոնում: Միաժամանակ, Ռազմիկ Մկրտչյանը մինչ օրս շարունակում է մնալ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter