HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եղեգնուտում փաստացի երկու համայնքապետարան է գործում

Դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանին հերթական անգամ անվստահություն է հայտնել դատարանով վերականգնված համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին: Ավագանին 4 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ դադարեցրել է Ռ. Մարգարյանի լիազորությունները՝ պատճառաբանելով, որ փետրվար ամսից մինչ օրս չի հրավիրել ավագանու և ոչ մի նիստ: Նիստին ներկա է գտնվել նաև Ռազմիկ Մարգարյանը:

Արդեն 2.5 տարի է Եղեգնուտ գյուղը բաժանվել է երկու թևի այն բանից հետո, երբ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը դադարեցրեց Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Այս տարվա ընթացքում եղեգնուտցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ դեմ արտահայտվելով Ռազմիկ Մարգարյանի վերադարձին:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանին վերականգնել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Նա համայնքապետի պաշտոնից հեռացվել էր իշխանափոխությունից հետո՝ 2018թ.-ի հուլիսին:

Ռազմիկ Մարգարյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի՝ 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: Բացի այդ, պահանջում էր վերացնել Եղեգնուտ համայնքի ղեկավարի իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, վերադարձնել օրենքով նրա տիրապետմանը հանձնված գույքը, այդ թվում՝ համայնքի կլոր կնիքը, համայնքի ղեկավարի աշխատասենյակի և վարչական շենքի բանալիները:

Վարչական դատարանը 06.02.2019թ. մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը 05.11.2019թ.՝ բավարարել մասնակի: Դատարանն անվավեր էր ճանաչել Գ. Միրիջանյանի 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: Իսկ մնացած մասով բողոքը մերժել էր: Մասնավորապես՝ Վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել էր, որ Արմավիրի մարզպետի՝ Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները վերացնել պարտավորեցնելու, նրա տիրապետմանը հանձնված գույքը, այդ թվում՝ համայնքի կլոր կնիքը, համայնքի ղեկավարի աշխատասենյակի և վարչական շենքի բանալիները վերադարձնելու պահանջները չեն կարող հանդիսանալ այս գործով հիմնական պահանջի հետևանք: Հետևաբար, նշված պահանջը չէր կարող համարվել ածանցյալ պահանջ:

Այս պահին էլ Եղեգնուտում փաստացի գործում է երկու համայնքապետարան: Թեև Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անվավեր է ճանաչել Ռազմիկ Մկրտչյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը, սակայն վերջինիս տեղակալ Աշոտ Խուրշուդյանն ու համայնքապետարանի աշխատակազմը շարունակում են աշխատանքի գնալ և համայնքը փաստացի կառավարել: Վերջիններիս մոտ է համայնքապետարանի կնիքը, որով էլ անհրաժեշտության դեպքում տեղեկանքներ են տալիս գյուղացիներին:

Ռազմիկ Մկրտչյանն իր հերթին դիմել էր դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի վերը նշված թիվ ՄՈ/203-2020 որոշումը: Այս տարվա հոկտեմբերի 16-ին դատարանը բավարարել է Ռազմիկ Մկրտչյանի բողոքը և անվավեր ճանաչել մարզպետի որոշումը: Դատարանը պատճառաբանել է, որ անվավեր ճանաչվել կարող է իրավաբանական ուժ ունեցող և գործողության մեջ գտնվող վարչական ակտը. օրենքով սահմանված կարգով անվավեր ճանաչված վարչական ակտը կորցնում է իրավաբանական ուժը և այլևս վարչական կամ դատական կարգով անվավեր ճանաչման ենթակա չէ: Մասնավորապես, դատական կարգով անվավեր ճանաչված և ըստ այդմ իրավաբանական ուժը կորցրած վարչական ակտն այլևս չի կարող անվավեր ճանաչվել վարչական ակտով:

Գյուղի սկզբնամասում՝ նախկին դեղատան տարածքում, ըստ էության համայնքապետարան է բացել և գործունեություն է ծավալում նաև Ռազմիկ Մարգարյանը: Նա էլ իր հերթին է համայնքապետարանի կնիք հանել և ձևավորել աշխատակազմ: Ստացվում է, որ եղեգնուտցիներին տեղեկանք են տալիս երկու տարբեր կնիքներով, և մատյանավարությունն ընդհանուր չի իրականացվում:

Համայնքապետի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ Ռազմիկ Մարգարյանը թեև քիչ քանակությամբ, սակայն հավաքում է հողի հարկն ու գույքահարկը, բայց համայնքային բյուջե մուտք չի արվում: Գյուղացիների մեծ մասն էլ, չվստահելով նրան, չի վճարում հարկերը:

Եղեգնուտցի Սանասար Ենոքյանը համայնքապետարանի շենքում էր: Ասաց, որ համայնքի վարորդների 80%-ից ավելին առանց ավտոմեքենայի գույքահարկը վճարելու ու տեխզննման կտրոնի է ավտոմեքենա վարում:

«Ռազմիկ Մարգարյանը մեր գյուղապետը չի, գյուղը մերժել է նրան, նրա մոտ գնամ ի՞նչ մուծում անեմ: Հիմա ձմեռ է, ավտո չեմ քշում, մինչև տեսնենք գարունը ինչ կլինի»,-ասում է Ս. Ենոքյանը:

Աշոտ Խուրշուդյանը հաստատեց, որ վարորդների մեծամասնությունն առանց տեխնիկական զննման է ավտոմեքենա վարում, այդ պատճառով տուգանվում են: Նշեց, որ մարդիկ չեն վստահում Ռազմիկ Մարգարյանին, այդ իսկ պատճառով չեն վճարում հարկերը: 

«34 տարի տեսել են նրա աշխատանքը, էլ ո՞նց վճարեն: Գյուղը լրիվ թալանվել է այդ տարիների ընթացքում: Մեզ ասում են, որ ինքնակոչ գյուղապետի ստորագրությունն է գործում, մենք ստորագրություն դնելու իրավունք չունենք: Նա էլ գանձապետարանում գնացել ստորագրության նմուշ է հանել: Հարկերը կանխիկ է հավաքում ու չի մուտքագրում համայնքի հաշվին: Մուտք ու ելք չի լինում, կանխիկ հավաքում է, կանխիկ՝ ծախսում»,-ասում է Ա. Խուրշուդյանը:

Խուրշուդյանի ասելով՝ դիմել էին մարզպետարան, որպեսզի գույքահարկի և հողի հարկի հավաքագրման անդորրագրեր տրամադրեն: Մարզպետարանն իրենց չի տրամադրել, սակայն մոտ 300 անդորրագիր հատկացվել է Ռազմիկ Մարգարյանին:

Փաստացի երկու համայնքապետարան ունենալու պատճառով հուլիս ամսից աշխատավարձ չեն ստացել համայնքապետարանի 7 աշխատակիցները: Նույնիսկ համայնքապետարանի շենքի էլեկտրաէներգիայի վարձավճարը աշխատակիցներն իրենց միջոցներով են վճարում, քանի որ Ռազմիկ Մարգարյանի պահանջով դադարեցվել էր շենքի էլեկտրամատակարարումը:

Այս տարի համայնքում գրեթե ոչ մի ներդրումային աշխատանք չի կատարվել: Սուբվենցիոն ծրագրով համայնքում պետք է իրականացվեր 2,7 կմ երկարության ճանապարհի ասֆալտապատում, 10 կմ ցերեկային լուսավորում, որոնք չեն իրականացվել:

Ռազմիկ Մկրտչյանն ասաց, որ այդ ամենի մեղավորն Արմավիրի մարզպետն է: Նա է խոչընդոտել ծրագրերի իրականացմանը: Նույն կարծիքին էր նաև ավագանու անդամ Հովհաննես Հակոբյանը: 

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ճիշտ հակառակը պնդեց: Նշեց, որ ամեն ինչ անում է ծրագրերի իրականացումը հաջորդ տարվան փոխանցելու համար, քանի որ դրանք իրականություն դարձնելու համար լուրջ աշխատանքներ են տարվել:

Մարզպետը տեղյակ էր նաև, որ համայնքում փաստացի երկու համայնքապետարան է գործում՝ երկու տարբեր կնիքներով: Նշեց, որ Աշոտ Խուրշուդյանի ստորագրությամբ և կնիքով ցանկացած փաստաթուղթ ստանալիս դրանք ուղարկում են իրավապահ մարմիններին: Մարզպետի կարծիքով՝ համայնքապետարանի շենքի վերադարձի հարցը պետք է կարգավորի Ռազմիկ Մարգարյանը: Նա պետք է դիմի իրավապահ մարմիններին կամ օգտվի պաշտպանության այլ միջոցներից:

Մինչ համայնքապետարանի շենքը Ռազմիկ Մարգարյանին վերադարձնելը, հակառակ կողմում հույս են փայփայում, որ իշխանությունները, հիմք ընդունելով համայնքի բնակիչների կարծիքն ու ավագանու որոշումը, կդադարեցնեն նրա լիազորությունները:

«Ավագանու դեկտեմբերի 7-ի որոշումը կուղարկենք մարզպետարան, բայց հույս չունենք, որ կընդունեն: Նմանատիպ փորձ ունենք, տարբեր պատճառաբանություններով հետ են ուղարկում»,-ասաց Աշոտ Խուրշուդյանը:

Նա նույնպես համայնքում ստեղծված իրավիճակի մեղավոր համարում է մարզպետ Համբարձում Մաթևոսյանին: Խուրշուդյանի խոսքով՝ մարզպետը ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ հօգուտ Ռազմիկ Մարգարյանի, ինչն անհասկանալի է գյուղացիների համար:

«Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, հումանիտար օգնությունը, մեքենաների տրամադրումը, աջակցության կազմակերպումն ամբողջությամբ իրականացրել ենք մենք, քանի որ զինկոմիսարիատը, մարզպետարանը մեզ հետ են աշխատել: Սակայն Արցախից եկածներին պետական աջակցությամբ օգնությունները հատկացրել է Ռազմիկ Մարգարյանը: Նույնիսկ պատերազմական իրավիճակում Աշոտ Խուրշուդյանին մարզխորհրդի նիստին չեն հրավիրել, այն դեպքում, երբ մարդկանց հավաքագրումը, մեքենաների մոբիլիզացիան մենք էինք կազմակերպում»,-հավելեց Ռազմիկ Մկրտչյանը:

Աշոտ Խուրշուդյան էլ պատմեց, որ պատերազմի առաջին օրերին մարզպետարանից զանգել են իրեն, որպեսզի գիշերը ժամը 11-ին մասնակցի մարզխորհրդի նիստին, սակայն մոտ 30 օր անց կրկին զանգել ասել են, թե օրը փոխվել է: Աշոտ Խուրշուդյանը, կասկածելով, որ իրեն դիտավորյալ չեն հրավիրում, ներկայացել է մարզխորհրդին, ինչից հետո ստիպված ներս են թողել:

Համբարձում Մաթևոսյանն էլ նշում էր, թե այս տարի Եղեգնուտում տապալվել են գրեթե բոլոր ծրագրերը՝ ինչպես կորոնավիրուսի կանխարգելմանը, այնպես էլ պատերազմին վերաբերող:

Մեր այցելության ժամանակ Ռազմիկ Մարգարյանը նախկին դեղատան տարածքում իր բացած համայնքապետարանի շենքում չէր: Ներսում աշխատում էր երեք մարդ։ Նրանք տեղեկացրին, որ Մարգարյանը մարզպետարանում է:

Պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Ռազմիկ Մարգարյանին: Սակայն, առաջին հարցը լսելուց հետո, որ համայնքում փաստացի գործում է երկու համայնքապետարան, բարկացած ասաց՝ ինքը միայն մեկ համայնքապետարանի մասին գիտի ու անջատեց հեռախոսը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter