HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարները կվերագնահատվեն. ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել

«Էն Էռ Էմ (Նեյչրլ Ռիսորս Մենեջմենթ)» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների վերագնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու հայտը դրական եզրակացություն է ստացել:

Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացությունը տվել է մի քանի փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով: Դրանք, սակայն, հիմնականում վերաբերում են շրջակա միջավայրին առնչվող օրենքների և կառավարության որոշումներով սահմանված չափորոշիչների պահպանմանը:

Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի տարածքում է, Դաստակերտ քաղաքից 3 կմ դեպի հարավ: Զբաղեցնում է 50 հա մակերես: Տարածքը եզրագծերով ներառում է Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական և Հարավային տեղամասերը:

Երկրաբանական ուսումնասիրությունների տարածքի եզրագիծը համադրվում է Սիսիան համայնքի Լոր գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրի և այլ հողատեսքի, ինչպես նաև Սիսիան համայնքի Դաստակերտ քաղաքի հողամասերի հետ:

Եզրակացության մեջ նշվել է, որ Սիսիան համայնքում իրականացվել է հանրային քննարկում, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես` Սիսիան համայնքի ղեկավարը, Լոր և Դաստակերտ բնակավայրերի վարչական ղեկավարները, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, ՇՄՆ ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունները, Կադաստրի կոմիտեն, որոնց կողմց ներկայացված կարծիքները հաշվի են առնվել փորձաքննության գործընթացում:

Քննարկման ընթացքում նախնական գնահատման հայտը և ծրագրով նախատեսված աշխատանքները ներկայացվել են մասնակիցներին, որոնց կողմից բարձրացվել են հարցեր` կապված հարակից տարածքներում առկա ջրօգտագործման աղբյուրների պահպանության և դրանց անվտանգ օգտագործման հետ: Ընկերության ներկայացուցիչը հավաստել է, որ նախատեսված 13 հորատանցքերից 7-ի տեղադիրքն արդեն որոշված և ներկայացված է, իսկ 6-ի տեղադիրքերը կընտրվեն նախկինում անցկացված հորատանցքերի հարակից տարածքներում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի սանիտարական պահպանման գոտիները:

Հիշեցնենք, որ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հայտին դրական եզրակացություն տրվեց այն պարագայում, երբ դատարանում դեռևս քննվում է դրա ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերության հայցը` ընդդեմ Տարածքային կառավարման նախարարի հրամանի:

Այդ մասին կարդացեք` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter