
«Արմենիա Վայն» գինեգործարանի և Անրի Վերնոյի որդու միջև ստորագրվել է հուշագիր` բացառիկ իրավունքով Անրի Վերնոյ անվամբ գինիներ թողարկելու մասին
Վճարովի բովանդակություն
Հոկտեմբերի 29-31-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆրանսիահայ նշանավոր ռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակին նվիրված «Ազգային կինո` համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանման և հանրայնացման խնդիրներ» խորագրով եռօրյա գիտաժողովի փակումն անցկացվեց «Արմենիա Վայն» գինեգործարանում:
Հյուրընկալվել էին Անրի Վերնոյի որդին` Պատրիկ Վերնոյ Մալաքյանը, հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լեհաստանից: Նրանք ծանոթացան Գինու պատմության նորաբաց թանգարանին, հաղորդակից եղան հայկական գինեգործության 6000-ամյա հարուստ մշակույթին և փառահեղ անցյալին:
Օրն «Արմենիա Վայն» գինեգործարանի համար նշանավորվեց նաև կարևոր իրադարձությամբ: Ընկերության և Պատրիկ Վերնոյի միջև ստորագրվեց հուշագիր` բացառիկ իրավունքով Անրի Վերնոյ անվամբ գինիներ թողարկելու մասին: Այս իրավունքն ընկերությանը կարող է փոխանցվել ժառանգի, լիազորված անձնի համաձայնությամբ: Նման պատվի արժանանալն ընդգծում է «Արմենիա Վայն» գինեգործարանի անզիջում նվիրվածությունն ու ձգտումը` դեպի ազգային արժեքներ և կատարելություն:
Միջոցառման ընթացքում հյուրերին ողջունեց «Արմենիա Վայն» գինեգործարանի համասեփականատեր, գլխավոր տնօրեն, Հայաստանի գինու պատմության թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Մկրտչյանը` նշելով, որ անվանի կինոռեժիսորի անվանական գինիների թողարկման բացառիկ իրավունքը ստանձնելն ընկերության համար մեծ պատիվ է: Նա նաև ընդգծեց` «Արմենիա Վայն» գինեգործարանն ամենայն պատասխանատվությամբ և պատվով է ներկայացնելու Հայաստանն ու հայկականը աշխարհին, ինչպես հարիր է մեծ հային:
Աշխարհահռչակ կինոռեժիսորի ժառանգն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց` ընդգծելով, որ կինոմատոգրաֆիան չի կարող հաղթել 6000-ամյա գինեգործությանը, բայց նրանք ունեն մեկ ընդհանուր նմանություն. երկու դեպքում էլ անհրաժեշտ է գործում ներդնել մեծագույն սեր և հոգատարություն:
Մեկնաբանել