Արման Թաթոյանը հարցեր է ուղղել Արմեն Գրիգորյանին
Քիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում եւ հարցեր ուղղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հիշեցնենք՝ այսօր Հանրային հեռուստատեսությամբ հարցազրույցի ընթացքում, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը գիշերը ժամը 24:00-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհին կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, մաքսակետեր կտեղադրվեն Գորիս Կապան ճանապարհին։ Գրառման մեջ Արման Թաթոյանը նշել է.
«Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝
- ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
- արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
- ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
- ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե:
Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել