HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Փաշինյանն առաջարկում է օգտագործել Կապան-Աղվանի-Հալիձոր-Շինուհայր ճանապարհը

«Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։

Ծանուցումը ստանալուց հետո որոշում ենք կայացրել՝ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Հալիձոր-Շինուհայր, Մ-2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը։ Այս ճանապարհի՝ Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի մեկնարկին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս խոսքով՝ մինչև լուսաբաց Կապան-Տաթև հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։

«Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել։ Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ։ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել Տաթև-Աղվանի ասֆալտապատ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի»,- նշեց Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ Երասխ-Գորիս հատածում այս պահին էլ տեղի են ունենում ճանապարհաշինարարական աշխատանքներ, և ճանապարհի որակը էականորեն փոխվում է։

«Այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում Տաթև-Լծեն հատվածում, Որոտանի և Շուռնուխի հատվածում, մի քանի այլ հատվածներում՝ ևս։

Ինչպե՞ս է պետք վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը։ Շահարկումներից խուսափելու համար ուշադրությունը պիտի հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքն Էյվազլիի հատվածի մասին է»,- հայտնեց վարչապետը։

Նրա հավաստմամբ՝ հնարավոր էր բանակցել, որպեսզի այդ հատվածով Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն, ըստ նրա, անընդունելի է։

Գորիս-Կապան ճանապարհի մասին խոսելով՝ վարչապետն ասաց, որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։

«Մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր իրավիճակ է ձևավորվում, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter