
Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ ճանապարհն օգտագործելու դեպքում համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու․ ԱԽ քարտուղար
«ՀՀ քաղաքացիները Գորիս-Կապան ճանապարհն օգտագործում էին, օրինակ, Գորիսից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից, այսպես ասած, շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանալ նույն տրամաբանության շրջանակում դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։ Մեզ համար սա անընդունելի է եղել, և մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»,- այս մասին Կառավարության նոյեմբերի 11-ի նիստից հետո հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով ճանապարհին հայկական մաքսակետեր տեղադրելուն՝ ԱԽ քարտուղարը նշեց․ «Քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է՝ մաքսակետեր տեղադրելով և գանձումներ կատարելով, այդ ճանապարհները Ադրեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու։ Այն մասերում, որտեղ ճանապարհը մտնում է ՀՀ տարածք, տեղադրում ենք մաքսակետ և կիրառում համապատասխան քաղաքականություն»։
Մեկնաբանել