Քանաքեռում հնչած կրակոցների հետևանքով սպանված 4 անձանց ինքնությունը պարզվել է. հարուցվել է քրեական գործ
Ոստիկանությունը պարզել է նոյեմբերի լույս 11-ի գիշերը Երեւանի Քանաքեռ թաղամասում հնչած կրակոցների հետեւանքով սպանվածների ինքնությունը։ Հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել էր 6 անձ։ «Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են»,-հայտնում է ոստիկանությունը։
Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր են եղել։ Պարզվել է նրանց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը «Հետքին» ավելի վաղ ասել էր, որ դեպքի առթիվ, 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` համապատասխանաբար` շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը։
ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննության իրականացումը հանձնարարվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից կազմված քննչական խմբին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել