
Մաշտոցի պուրակում արտակարգ դրություն է (վիդեո)
Ոստիկանական ուժերը ձերբակալել են յոթ ակտիվիստների՝ Եղիա Ներսեսյանին, Գոռ Հակոբյանին, Արման Յարալյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արմեն Հովհաննիսյանին, Կարեն Հարությունյանին, Գևորգ Սաֆարյանին:
Ամեն բան սկսվեց վրանի տեղադրումից, որի դեմ, ինչպես ցույց են տալիս նախադեպերը, ակտիվ պայքարում է ՀՀ ոստիկանությունը:
Մինչ այդ «ապամոտնաժող բրիգադը» հերթական անգամ փորձ արեց ճեղքել արգելապատնեշներն ու ոստիկանական ուժերի բարիկադները և հասնել կրպակներին, սակայն նախաձեռնությունը կանխվեց ոստիկանության կողմից:
Այնուհետև այգում շուրջ 3 ամիս նստացույց անցկացնող ակտիվիստները հայտարարեցին, որ նոր, վճռական փուլ է մտնում կրպակների դեմ պայքարը, և վրան տեղադրեցին պուրակում:
«70 օրից ավելի է՝ այգու կրպակների ապամոնտաժման քաղաքացիական պահանջին ոչ ադեկվատ պատասխաններ են տալիս թե քաղաքապետարանը, թե ոստիկանությունը,-ասաց նախաձեռնության ակտիվիստ Արփինե Գալֆայանը,-մենք հայտարարեցինք, որ այս փուլում վերջապես հասնելու ենք նրան, որ ապամոնտաժումը տեղի ունենա: Երբ առաջին վրանը տեղադրեցինք, եկան կարմիր բերետավորներն ու օղակելով, ահավոր բռնություններով՝ աքացիներով, խեղդելով մարդկանց՝ տարան վրանը: Մենք տեղադրեցինք երկրորդ վրանը: Այս անգամ ոստիկանության աստիճանավորներից սկսած՝ Օսիպովից, Մելքոնյանից, Մոսվսիսյանից... բոլորը սկսեցին քաշքշել ակցիայի մասնակիցներին, խեղդել ու ծեծել նրանց: Հետո սադրանք կազմակերպեցին ու, չնայած մենք կռվի չգնացինք, այդ քաշքշոցի մեջ տարան մեր տղաներից յոթին»:
Նա նաև կոչ արեց բոլոր գիտակից քաղաքացիներին գալ Մաշտոցի պուրակ՝ աջակցելու քաղաքացիական պայքարին:
Նշենք, որ ձերբակալված ակտիվիստները գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում, որի տարածքը շուրջկալել են ոստիկանական ուժերը:
Մեկնաբանել