HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից

Աշխարհի 2022թ․ առաջնության ընտրական փուլի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 0։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանունց։ Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման առաջին խաղակեսը կարելի է ասել անցավ հավասար պայքարում, թիմերից և ոչ մեկը տարածքային բացահայտ առավելություն չուներ: Սակայն ի տարբերություն Հայաստանի հավաքականի՝ մակեդոնացիները կարողացան օգտագործել իրենց հնարավորությունները, իսկ մեր ընտրանու խաղացողները չկարողացան արդյունավետ եզրափակել գրոհները: Խաղի հաշիվը բացվեց 22-րդ րոպեին, աչքի ընկավ Ալեքսանդր Տրայկովսկին: 36-րդ րոպեին հյուրերը կրկնապատկեցին իրենց առավելությունը, գոլի հեղինակ դարձավ էնիս Բարդին: Հս. Մակեդոնիայի երկու գոլի առավելությամբ էլ թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում առանձնապես ոչինչ չփոխվեց Հայաստանի հավաքականի խաղում, առջևի գծում սրությունը կրկին պակասում էր, իսկ հյուրերը կարողացան մեծացնել իրենց առավելությունը: Մեր ընտրանու տուգանային հրապարակում Հովհաննես Համբարձումյանը խախտեց կանոնները մրցակցի հետ պայքարում: Նշանակված 11-մետրանոցը 66-րդ րոպեին անվրեպ իրացրեց Էնիս Բարդին՝ դառնալով դուբլի հեղինակ: 72-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց գրավել Հս. Մակեդոնիայի դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Փոխարենը 78-րդ րոպեին հաշիվը դարձավ 0:4: Մակեդոնացիների կազմում աչքի ընկավ Միլան Ռիստովսկին: Հիմնական ժամանակի վերջին րոպեին ևս մեկ 11-մետրանոց նշանակվեց մեր ընտրանու դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց Էնիս Բարդին՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվեց՝ 0:5:

Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը 12 միավորով շարունակում է զբաղեցնել Մունդիալ-2022-ի եվրոպական գոտու որակավորման փուլի J խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ J խմբի 9-րդ տուրի մյուս հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։45-ին։ Գերմանիան սեփական հարկի տակ կընդունի Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան տանը կխաղա Իսլանդիայի հետ: Անկախ մյուս խաղերի ելքերից՝ Հայաստանի ազգային ընտրանին Հս․ Մակեդոնիայից կրած պարտությունից հետո զրկվեց խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու նույնիսկ տեսական շանսերից։

Հայաստանի ազգային հավաքականն իր վերջին հանդիպումը կանցկացնի երեք օր անց՝ նոյեմբերի 14-ին, և Երևանում կհյուրընկալի խմբի առաջատար և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Գերմանիայի ազգային ընտրանուն։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter